Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Իշխանափոխությունը ոչ միայն արմատական, այլև վտանգավոր միջոց է, եթե այդ համատեքստում առկա է աշխարհի հզորների շահերի բախում

Իշխանափոխությունը ոչ միայն արմատական, այլև վտանգավոր միջոց է, եթե այդ համատեքստում առկա է աշխարհի հզորների շահերի բախում
19.05.2009 | 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԽՄԲԵԼ ԲՈՂՈՔԱԿԱՆ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ
«Ներքին քաղաքականության մեջ մենք կարող ենք միայն պարտություն կրել, մինչդեռ արտաքին քաղաքական անհաջողությունը մեզ կտանի գերեզման»։

Ջոն Քենեդի
Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է վերջնագծին։ Եվ, համապատասխանաբար, աճում են ոչ միայն լարվածությունն ու բևեռացումը քաղաքական շրջանակներում (ի տարբերություն հասարակության), այլև մեծանում է առաջնորդների ցանկությունը` հանրությանը ներկայացնելու իրենց առավել ուժեղ կողմերն ու որակները։
Ըստ այդմ, Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը չսկսեց խոսել կատակլիզմներից, տնտեսական ու սոցիալական աղետից, «բանդիտական ռեժիմի» բնույթի բացահայտումից, այլ անդրադարձավ իր համար առավել սիրելի ոլորտին` արտաքին քաղաքականությանը։ Իշխանությունների` արտաքին դաշտում ձեռնարկվող գործողությունները բնութագրելով իբրև բացարձակ տապալում, ընդդիմության առաջնորդը «իր փորձի բարձրությունից» առաջարկություններ ներկայացրեց գործող նախագահին։ Առաջին` «համախմբել ազգը` ազատելով քաղաքական կալանավորներին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ, միաժամանակ ապահովելով բացարձակ օրինականություն Երևանի քաղաքային ավագանու ընտրություններում»։ Ինչ վերաբերում է երկրորդ առաջարկին, ապա ընդդիմության առաջնորդը ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը, «ընդունելով սեփական անկարողությունը երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու առումով», պատվով հրաժարական տա, հեռանա քաղաքականությունից, որովհետև վերջին տարին ցույց տվեց, որ քաղաքականությունը նրա համար պատասխանատվություն չէ, այլ ձեռնտու զբաղմունք։
Առաջին առաջարկի հետ դժվար է չհամաձայնել, թեկուզ և շրջանառվում է տեղեկություն, թե ընդդիմության առաջնորդը շուտով ինքն էլ կհերքի այն։ Ինչ մնում է երկրորդ պահանջին, ապա այն այս անգամ գունազարդված է այնպիսի նրբերանգներով, որ հանգեցնում է եզրակացության, թե նախատեսված է ոչ այնքան ներքին սպառման համար։ Ընդհանրապես, պետության և ազգի համար աղետալի իրավիճակում ժամանակային առումով ճշգրիտ և հավասարակշռված փոփոխությունն իշխանության համակարգում համաշխարհային պատմական փորձով ապացուցված ճշմարտություն է։ Ավելին, 1997-ին, երբ նույն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունը սկզբունքորեն տապալվեց, և աննախադեպ սրվեց ղարաբաղյան հիմնախնդիրը, տեղի ունեցավ հենց այդպիսի փոփոխություն։ Տեր-Պետրոսյանի թիմի հեռանալը «ղարաբաղյան ալիքի» վրա հնարավորություն տվեց նոր նախագահ Ռոբերտ Քոչարյանին` կտրուկ հրաժարվել նախկին արտաքին քաղաքական կուրսի հետևանքներից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, թե ինքը պատասխանատու չէ նախկին պայմանավորվածությունների համար, չի կիսում այդ դիրքորոշումը և ավելին` հենց այդ համաձայնություններն են անընդունելի եղել ժողովրդի, Հայաստանի և Ղարաբաղի քաղաքական էլիտայի համար, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել իշխանափոխություն։ Այն ժամանակ դա ըմբռնումով ընդունվեց արտաքին աշխարհում, տեղի ունեցան սրբագրումներ, երկիրը ստացավ հնարավորություն` որոշակի ժամկետում իր դիրքորոշումները ճշգրտելու։ Այլ հարց է, թե իշխանությունները որքան կարողացան այդ դադարն օգտագործել։ Թեպետ հանուն արդարության պետք է նշել, որ այն ժամանակ մեր տարածաշրջանն այդքան արդիական չէր աշխարհաքաղաքական զարգացումների և «էներգետիկ պատերազմների» համատեքստում։
Սակայն վերադառնանք ընդդիմության առաջնորդի ելույթին և փորձենք հասկանալ, թե որքանով է նրա առաջարկած «վիրահատական միջամտությունն» այսօր համապատասխանում երկրի արտաքին քաղաքական շահերին։
Իշխանափոխությունը ոչ միայն արմատական, այլև վտանգավոր միջոց է, եթե այդ համատեքստում առկա է աշխարհի հզորների շահերի բախում։ Ըստ այդմ, մի կողմ թողնելով հանրահավաքային գնահատականները ներկա վարչակազմի արտաքին քաղաքականության շուրջ, նկատենք միայն, որ սխալ չէ առաջին նախագահի այն բնորոշումը, թե զգացմունքային տեսակետները սկզբունքորեն չեն նպաստում սխալները շտկելուն ու հաճախ դառնում են նոր սխալների պատճառ։ Մասնավորապես, դրանց թվին կարելի է դասել այն հանգամանքը, որ Հայաստանը հրաժարվեց Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի վերջին զորավարժություններին մասնակցելուց, իսկ Ադրբեջանը ընդամենը 8 զինծառայող ուղարկելով, կարողացավ «համ հարսին լավություն անել, համ փեսային»։ Գուցե Լևոն Տեր-Պետրոսյանն իրավացի է նաև այն հարցում, որ դա տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ճնշման հետևանքով։ Բայց ինչ վերաբերում է այդ ամենի հետ կապված Արևմուտքի գնահատականներին, ապա նախկին նախագահն այս առումով միակողմանի է իր տեսակետներում։
ԵԽԽՎ-ի այն որոշումը, որը բնութագրվեց իբրև «անակնկալ» (և թերևս շատ ընդունելի ընդդիմության համար), ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող օգնության կրճատումը եթե անգամ ճնշում գործադրելու միջոց են, ապա ոչ մի առնչություն չունեն ՆԱՏՕ-ի զինավարժություններին։ Դրանք ավելի շատ որպես առիթ են ծառայել, քան պատճառ։ Տարածաշրջանում ընդհանուր առմամբ և Հայաստանում մասնավորապես ծավալվող աշխարհաքաղաքական վերաբաժանումների գործընթացում «կանխարգելիչ միջոցներ» եղել են ու կլինեն։ Մանավանդ որ Տեր-Պետրոսյանն էլ է ընդունում, թե «այդ քայլերը պարտադիր չեն նշանակում, որ Արևմուտքը որոշել է պատժել Սերժ Սարգսյանին։ Նրանք գնահատում են նրան իբրև գործընկերոջ»։ Ինչ մնում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի սպառնալիքին, թե իրենք ջանքեր կգործադրեն ՄԱԿ-ում Հայաստանն օկուպանտ երկիր ճանաչելու ուղղությամբ, ապա սա Հայաստանի արտաքին քաղաքականության թերացում դիտարկելն արդարացի չէ։ Այդպիսի բանաձևեր Հայաստանի վերաբերյալ ընդունվել են ինչպես Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Քոչարյանի նախագահ եղած ժամանակ։ Մանավանդ որ բացարձակապես հիմք չկա ենթադրելու, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում այդ կարգի փորձերն այլևս կդադարեն։ Այլ բան Է, որ Արևմուտքի հետաքրքրվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, նրա քաղաքականությունը տարածաշրջանի կայունացման և «էներգետիկ զարգացման» առումով այսօր« քան երբևէ« արդիական են հենց նույն Անկարայի համար։
Անիմաստ է անդրադառնալ ցեղասպանության հարցի հետ կապված առաջին նախագահի բավականին սպեկուլյատիվ բնորոշումներին։ Մանավանդ որ այդպիսի «խիստ դաշնակցական» դիրքերից հանդես գալը բացարձակապես բնութագրական չէ ամենից առաջ հենց իր` Տեր-Պետրոսյանի համար։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցում նրա կատեգորիկ բացասական կանխատեսումներին, ապա ամենից առաջ ընդդիմության առաջնորդը պետք է լավ իմանա, որ դա չէ քաղաքականության լեզուն։ Եթե Պրահայում Հայաստանի նախագահը կոշտացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հետ կապված, ապա դա ավելի շուտ խոսում է Ադրբեջանի աճող ախորժակը կանխարգելելու ցանկության մասին, քան Հայաստանի իշխանությունների «ջղաձգությունների», ինչը պնդում է Տեր-Պետրոսյանը։ Եվ դա ոչ միայն փորձ է բանակցությունների նշաձողը բարձրացնելու, այլև հանգեցնում է շահագրգիռ կողմերի մոտ հավասարակշիռ դիրքորոշման ձևավորմանը։ Անհասկանալի է ընդհանրապես քննադատությունն այն կապակցությամբ, որ ԼՂՀ իշխանությունները, անկասկած Հայաստանի իշխանությունների գիտությամբ, աշխատում են ամեն գնով վերականգնել ԼՂՀ-ի` իբրև բանակցությունների լիարժեք մասնակցի, իրենց կարգավիճակը։ Ինչը, ի դեպ, ամրագրվեց ժամանակին ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթաժողովում։ Այսպիսի քաղաքականությունը պետք է միայն ողջունել, քանի որ Ռոբերտ Քոչարյանին, այդ թվում` տեր-պետրոսյանական ընդդիմության կողմից վերագրվող հիմնական մեղադրանքներից մեկը միշտ այն էր, որ վերջինս դուրս մղեց ղարաբաղցիներին բանակցային գործընթացից։
Այնուհանդերձ, իշխանությունների արտաքին քաղաքականության քննադատությունը և հրաժարականի պահանջները միանգամայն հասկանալիորեն տեղավորվում են հասարակական կարծիքը բևեռացնելու ընդդիմության մարտավարության մեջ։ Հասկանալի է նաև, որ ընդդիմությանն անհրաժեշտ է համախմբել բողոքական ընտրազանգվածը, ապահովել իր համար մանևրելու հնարավորություններ, իսկ արմատական կարգախոսների առաջքաշումը այդ տրամաբանության շարունակությունն է։ Սակայն ուշադրության է արժանի և այն, որ ադրբեջանական փորձագետները նույնպես չեն անտեսում հայաստանյան քաղաքական դաշտի զարգացումները և վերջին շրջանում սկսել են «կանխատեսել», թե Հայաստանի իշխանությունների «դիրքորոշումների կոշտացումը ներքաղաքական լարվածության հետևանք է, ինչի հետևանքով Հայաստանում կարող են տեղի ունենալ ամենաանկանխատեսելի զարգացումներ, և կրկին կարող է խաղարկվել քաղաքական տեռորի սցենարը, ինչն արդեն մի անգամ եղել է երկրի նորագույն պատմության մեջ»։ Իսկ դա, ադրբեջանցիների կարծիքով, «անմխիթարական հետևությունների տեղիք է տալիս և խոչընդոտում է տարածաշրջանային զարգացումը»։ Իհարկե, ցանկալի կլիներ Տեր-Պետրոսյանի քննադատական ելույթը դիտարկել զուտ խաղարկային սցենարների համատեքստում, երբ նախագահի հրաժարականի պահանջը դառնում է կարևոր գործիք ազգային անվտանգության խնդիրների լուծման համատեքստում։ Բայց սա այն պարագայում, երբ իշխանությունն ու ընդդիմությունը գործում են համաձայնեցված։ Սակայն այն հանգամանքը, որ արմատական ընդդիմության շարքերում կան ծայրահեղ միջոցների ոչ քիչ կողմնակիցներ, լավատեսական կանխատեսումների համար քիչ տեղ է թողնում։ Ավելին, չմոռանանք, որ ներկա ընդդիմության առաջնորդն ինքն էլ, ժամանակին գտնվելով անհրաժեշտ իշխանափոխության գործընթացի մեջ, չխուսափեց «թունավոր նետ» ուղղել ոչ վաղուցվա համախոհների ուղղությամբ, պնդելով. «Խաղաղության կուսակցությանը փոխարինելու է գալիս պատերազմի կուսակցությունը»։ Ըստ այդմ, այսօրվա մանիպուլյացիան էլ համազգային խնդիրների շուրջ հազիվ թե անձնականից կամ նեղ կուսակցականից ավելի լայն նպատակներ ունի։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2385

Մեկնաբանություններ