ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Զգուշավոր լավատեսություն՝ ինչ հույսեր է կապում Փարիզը Ջո Բայդենի հետ

Զգուշավոր լավատեսություն՝ ինչ հույսեր է կապում Փարիզը Ջո Բայդենի հետ
23.01.2021 | 10:55

ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի առաջին քայլերից մեկը դարձավ ԱՄՆ-ը կլիմայի հայրցով Փարիզի պայմանագրին վերադարձնելը: Հունվարի 20-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորեց Ջո Բայդենի պաշտոնամուտը և Վաշինգտոնի ու Փարիզի համագործակցության հույս հայտնեց, որ միասին կլինեն ավելի «ուժեղ, որպեսզի կառուցեն ապագան և պաշտպանեն մոլորակը»: Ի՞նչ հույսեր է կապում Փարիզը ԱՄՆ նոր նախագահի հետ:


Դոնալդ Թրամփի նախագահության տարիները Ֆրանսիայի, ինչպես ԵՄ այլ երկրների համար, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարդ շրջան էին, թեպետ երկրները շարունակում էին սերտ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում և ռազմական ոլորտում: Էմանուել Մակրոնին չհաջողվեց համոզել Թրամփին մնալ Կլիմայի և Իրանի հետ միջուկային պայմանագրերում:
Նոյեմբերի 3-ին ընտրություններում հաղթելուց հետո, Ֆրանսիայի նախագահը Ջո Բայդենի հետ շփվել է միայն մեկ անգամ՝շնորհավորել է նրա հաղթանակը: Մինչև հունվարի 20-ը Ֆրանսիայի իշխանությունները շարունակել են ֆրանս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ հարցերով աշխատանքը Դոնալդ Թրամփի թիմի հետ՝ ենթադրելով, որ իշխանության փոխանցման շրջանում և պաշտոնակալությունից հետո մի քանի ամիս նրա վարչակազմը զբաղված է լինելու գերազանցապես ներքաղաքական օրակարգով: ԱՄՆ-ի հետ համագործակցության որոշ ուղղություններով Ֆրանսիան հակված է, ինչպես նշում են քաղաքագետները, «զգուշավոր» կամ «լիովին օրինաչափ» լավատեսություն ունենալ:


Բազմակողմ համագործակցություն
Եվրոպայի ղեկավարները, ինչպես և Մակրոնը, բազմիցս հույս են հայտնել, որ Բայդենի օրոք ԱՄՆ-ը կվերսկսի բազմակողմանի մոտեցում կիրառել իր գործընկերների հետ փոխգործակցության մեջ և կամրապնդի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Իր նախագահության ընթացքում Դոնալդ Թրամփը մշտապես քննադատում էր այդ դիրքորոշումը, մինչդեռ Ջո Բայդենը բացահայտորեն այդ տեսակետը չի կիսում:
Ընտրություններում Բայդենի հաղթանակից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը թվիթով հույս հայտնեց, որ ֆրանս-ամերիկյան հարաբերությունները կդառնան ավելի «հավասարակշռված», հատկապես ահաբեկչության դեմ պայքարի, հավաքական անվտանգության, առողջապահության, կլիմայի, թվային տեխնոլոգիաների զարգացման հարցերում:
Ֆրանսիայի նախագահի վարչակազմում Բայդենի ընտրությունից հետո ուրախացել էին Վաշինգտոնի հետ սերտ բազմակողմանի համագործակցոթյան վերականգնման հնարավորությունից, սակայն ընդգծեցին, որ Եվրոպան չի սպասում ամերիկյան ընտրություններին՝ առաջ շարժվելու և զարգանալու համար: Ֆրանսիական կողմի լավատեսության առիթ է փաստը, որ Բայդենի թիմում պետքարտուղար է դառնալու Էնտոնի Բլինկենը՝ 58-ամյա դիվանագետ և հայտնի ֆրանկոֆիլ, 2015-2017-ին նա պետքարտուղարի տեղակալ էր Բարաք Օբամայի վարչակազմում: ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժերար Արոն նշում է, որ Բլինկենի նշանակումը կարելի է գնահատել իբրև ակտիվ ՙերկխոսության, համագործակցության, բազմակողմ փոխգործակցության» խոստում Փարիզի ու Վաշինգտոնի միջև:

Ինքնաբավ Եվրոպա
Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի ուսումնասիրության արդյունքներով՝Թրամփի նախագահության ժամանակ եվրոպացիների վերաբերմունքը ամերիկացի գործընկերների նկատմամբ փոխվել է՝ նրանք այլևս հակված չեն ամբողջությամբ վստահել և նրանց աջակցության վրա հույս դնել: Դա հանգեցրել է Եվրոպայի շատ հարցերում ինքնաբավության ձևավորման անհրաժեշտությունը պնդող ղեկավարների դիրքերը: Հենց այդ տեսակետն ունի Էմանուել Մակրոնը, որի մասին հայտարարել է Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության ստեղծման կոնվենցիայի 60-ամյակին նվիրված հանդիսությանը: Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ թեպետ Ջո Բայդենը իր նախորդից ավելի բաց է Եվրոպայի հետ հարաբերություններում, նախագահական ժամկետի առաջին շրջանում պետք չէ արմատական փոփոխություններ սպասել Վաշինգտոնի ու Բրյուսելի հարաբերություններում: Բացառված չէ, որ իրադարձությունների այդ զարգացումը կշարունակի ամրապնդել ինքնաբավ Եվրոպայի կողմնակիցների դիրքերը, նրանց թվում՝ Ֆրանսիայի նախագահի: ԱՄՆ-ը կմեծացնի ուշադրությունը ԵՄ-ին, եթե միությունը ավելի բարձր ինքնուրույնության հասնի, հատկապես անվտանգության հարցերում:


Արևելյան Միջերկրական
Ֆրանսիայի եվրոպական ու ԱԳ նախարարության պետական քարտուղար Կլեման Բոնը հույս հայտնեց, որ ԱՄՆ-ը նոր նախագահի օրոք առավել ակտիվ և Ֆրանսիայի դիրքորոշմանը մերձ տեսակետներ կունենա Միջերկրականում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ:
Թուրքիան պնդում է միջերկրածովյան շելֆում բնական գազի հանքավայրերի որոնողական աշխատանքների իր իրավունքը Հունաստանի ու Կիպրոսի տնտեսական գոտիներում: Անկարան պարբերաբար այդ գոտիներ է ուղարկում երկրաբանահետախուզական նավեր: Հունաստանն ու Կիպրոսը քանիցս կոչ են արել ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: Նիկոսիան նույնիսկ արգելափակել է եվրոպական պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ՝ պնդելով, որ եվրոպական պատժամիջոցների ցանկում նախ պետք է լինեն Անկարայի ներկայացուցիչները: Փարիզն աջակցում է Հունաստանին ու Կիպրոսին և դեմ է Թուրքիայի գործողություններին: 2020-ի սեպտեմբերին ԷմանուելՄակրոնը նույնիսկ հայտարարեց, որ Թուրքիան այլևս Ֆրանսիայի համար գործընկեր չէ Միջերկրականում: Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնը ոչ այնքան ակտիվ էր արտահայտվում Արևելյան Միջերկրականի հարցով: Ընտրարշավի ժամանակ Ջո Բայդենը բազմիցս քննադատել է Թուրքիային, այդ թվում՝ Անկարայի քաղաքականությունը քրդերի նկատմամբ և Էրդողանին անվանել է ավտոկրատ:


Բարձրացված մաքսատուրքեր
Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ վարչակազմը սահմանել է բարձրացված («պատժիչ») մաքսատուրքեր եվրոպական մի շարք ապրանքների նկատմամբ իբրև փոխհատուցում Airbus ավիաշինական ընկերությանը ԵՄ-ի հատկացրած սուբսիդիաների, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը որակեց չափազանցված: Եվրոպական Airbus-ի ու ամերիկյան Boeing-ի միջև վեճի շրջանակներում բարեխիղճ մրցակցության կանոնները խախտող սուբսիդիաների դիմաց ԱՀԿ-ն 2019-ին թույլ տվեց ԱՄՆ-ին լրացուցիչ տուրքեր սահմանել ԵՄ-ից արտահանվող ապրանքների նկատմամբ 7,5 միլիարդ դոլարի չափով: Այդ պատժամիջոցներից տուժեցին եվրոպական ու ֆրանսիական տնտեսության շատ ճյուղեր, հատկապես մեծ վնասներ կրեցին ֆրանսիացի գինեգործները: Գինիների և սպիրտային խմիչքների արտահանողների միությունը (FEVS) արձանագրեց ֆրանսիական գինիների արտահանման 17,5% անկում 2019-ի վերջին եռամսյակում, որ նշանակում է
«ապրանքաշրջանառության ընդհանուր կորուստ 20%-ով»: Գինեգործները դիմեցին իշխանությանը՝ խնդրելով ստեղծել 300 միլիոն եվրոյի փոխհատուցման հիմնադրամ, որ ինչ-որ կերպ վերադարձնեն կորուստները: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը և էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը պահանջեցին լրացուցիչ մաքսատուրքերը հանել: Առայժմ ոչ Ջո Բայդենը, ոչ նրա թիմի ներկայացուցիչները չեն հաստատել պատժամիջոցները հանելու մտադրությունը: ԱՄՆ-ը հայտարարել է, որ համագործակցության հույս ունի եվրոպական երկրների, այդ թվում Ֆրանսիայի հետ՝ ի հակակշիռ Չինաստանի աճող տնտեսական ու առևտրային ազդեցությանը:
2020-ի աշնանը, Airbus-ի ու Boeing-ի վեճի շրջանակներում ԱՀԿ-ն սիմետրիկ որոշում է ընդունել հօգուտ ԵՄ-ի, թույլ տալով լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների վրա 4 միլիարդ դոլարի չափով:
RFI


Հ.Գ. Ֆրանս-ամերիկյան հարաբերությունների վերականգնումը տարբեր ոլորտներում ժամանակ պահանջող գործընթաց է և, բնականաբար, մաս է կազմելու ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների: Հայաստանի համար Ֆրանսիան և ԱՄՆ-ը առաջնահերթ կարևոր երկրներ են իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: 2017-ին Փարիզում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման չկայանալուց հետո փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները, մեղմ ասած, դիտորդի կարգավիճակում էին: Եթե ֆրանս-ամերիկյան հարաբերություններում ակնհայտ հակասություններ չկան, անորոշ են մնում ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների հեռանկարները: Առայժմ Ջո Բայդենի վարչակազմը միայն Ռուսաստանի հետ միջուկային պայմանագիրը 5 տարով երկարաձգելու ցանկություն է հայտնել, որին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է, որ Մոսկվան ողջունում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագրի ժամկետը 5 տարով երկարաձգելու առաջարկը և պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել ամերիկյան կողմի հետ: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել ամերիկյան կողմի հետ։ «СНВ-3 պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու մասին պայմանավորվածության շուտափույթ ձևակերպման համար պատրաստ ենք անհապաղ բանակցություններ սկսել։ Դա անհրաժեշտ է անել ամենասեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ դրա գործողությունը լրանում է 2021-ի փետրվարի 5-ին»,- հավելել է Զախարովան։ Դատելով Ջո Բայդենի շրջապատում գտնվող ազդեցիկ դեմոկրատների՝ Նենսի Փելոսիի, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարություններից՝ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախախատրաստում ՌԴ-ի դեմ, իմա՝ այս դեպքում նախորդ վարչակազմի վատագույն ավանդույթները թերևս շարունակվեն: Հայաստանի համար կենսական է այս երեք պետությունների համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Կենսական նշանակություն ունի Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան տանդեմին հավասարակշռող ազդեցությունը Արցախի Հանրապետության հետագա ճակատագրի որոշարկման հարցերում:
ԱՄՆ-ը կարող է վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտում իր օգնությունը՝ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ֆոնին՝ հայտարարել է Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը: Նա աջակցում է Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելուն, նրա անվտանգությունը պահպանելու և Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար: Միջոցներ կարող են հատկացվել «անվտանգության ոլորտում և ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու և տնտեսական աճը խթանելու համար»: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը կվերանայի օգնությունն Ադրբեջանին: «Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման ֆոնին, մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգության օգնությունը, եթե հանգամանքները հաստատեն, Բայդեն-Հարիսի վարչակազմը պատրաստ կլինի կասեցնել Ազատության աջակցության օրենքի 907-րդ բաժնի պահանջներից», - ասել է Բլինկենը:
ԱՄՆ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժինը արգելում է ցանկացած տեսակի ուղղակի օգնություն ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի կառավարությանը: Ըստ Բլինկենի, ԱՄՆ-ը մտադիր է վերջնականապես կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և կանխել նոր պատերազմը: Վաշինգտոնը «կնպաստի կայուն խաղաղությանը», որն արտացոլում է հայերի, ոչ միայն «Ալիևի, Էրդողանի և Պուտինի» շահերը:

«Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է առաջնորդեն դիվանագիտական ջանքերը հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ և պետք է հետամուտ լինել միջազգային մարդասիրական օգնությանը`տառապանքներին վերջ տալու համար: Եթե հաստատվի, ես կակտիվացնեմ ԱՄՆ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման որոնմանը, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և օգնում է կանխել պատերազմի վերսկսումը»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն: Երեկ նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին է անդրադարձել ԱՄՆ- Հայաստանի հարաբերություններին: Նա նշել է, որ ՙՍկսելով պատմության այս նոր էջը՝ ԱՄՆ-ը վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին, որոնք միտված են շոշափելի բարեփոխումների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելուն։ Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Կայուն և ներառական տնտեսական աճին աջակցելը, առևտրի և ներդրումների ընդլայնումը, էներգետիկ անվտանգության խթանումը, շրջակա միջավայրի ռեսուրսների պատասխանատու կառավարումը, COVID-19 համավարակի դեմ պայքարն ու կրթական հնարավորությունների միջոցով մարդկանց մեջ կատարվող ներդրումները արտացոլում են ԱՄՆ-ՀՀ խոր և համապարփակ գործընկերությունը, որը վստահաբար դեռ ավելի կամրապնդվի։


Մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ ԱՄՆ կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։ ԱՄՆ-ը վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար։


Այս տարվա մասին խորհելիս՝ լիովին գիտակցում եմ մեր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները, սակայն գիտեմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել դրանք։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիներին։ Ինչպես իր խոսքում նշեց նախագահ Բայդենը․«Մենք երբևէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար»։ Այս միասնականության մասին շեշտադրումը սահմաններ չի ճանաչում․մեր հայ ընկերների և գործընկերների հետ մենք հաղթահարելու ենք մեր առջև ծառացած մարտահրավերները, պաշտպանելու ենք մեր ընդհանուր արժեքները, նպաստելու ենք ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորիս համար»։ Սա հենց այն է, որ փորձում էր կանխել ու կանխել էր Էրդողանը Թրամփի օրոք, որից զգուշանում էր Ռուսաստանը: Բայց այս ամենը նշանակություն կունենա և զարգացում կստանա Հայաստանի ինքնիշխանության դեպքում միայն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ