ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ի՞նչ սպասել Բայդենի նոր վարչակազմից առաջին 100 օրը

Ի՞նչ սպասել Բայդենի նոր վարչակազմից առաջին 100 օրը
22.01.2021 | 15:34

Դեմոկրատն արագ ոչնչացնում է իր նախորդի ժառանգությունը, հատկապես կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ոլորտում՝ գրում է Ռոլան Գորոնը Le Figaro-ում: Առաջին 100 օրը բնորոշում են նախագահության ընթացքը: 4 տարի առաջ Դոնալդ Թրամփը, հազիվ էր ոտքը Սպիտակ տուն դրել, հայտարարեց, որ վերանայում է ազատ առևտրի համաձայնագիրը՝ NAFTA-ն իր հարևան երկրների հետ, սկսեց Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման նախագիծը, հետո հրամանագիր ստորագրեց, որով արգելվում էր մուսուլմանական մեծամասնություն ունեցող 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Պաշտոնավարման առաջին 3 ամսում հանրապետական նախագահը ստորագրել է 24 հրամանագիր, որոնց մեծ մասը ուղղված էր Բարաք Օբամայի ժառանգության վերացմանը: Դեմոկրատ Ջո Բայդենը, իր նախորդի նման, օգտագործելու է առաջին 100 օրը, որ իրականացնի խորհրդանշական խոստումները, որին լավ օգնում է Սենատի դեմոկատական մեծամասնությունը:

Ընտրություններին հաջորդած օրերին Ջո Բայդենը իր գլխավոր առաջնահերթությունը դարձրեց պանդեմիայի դեմ պայքարը՝ հայտարարելով Covid-19-ի դեմ պայքարի նպատակային խմբի ստեղծման մասին, որ լիազորված է ծրագիր մշակել ու իրականացնել իր պաշտոնը ստանձնելուց հետո: Ծրագիրը ներառում է Վաշինգտոնի իշխանության տակ գտնվող վայրերում դիմակ կրել՝ դաշնային շենքերում, գնացքներում, ինքնաթիռներում, ավտոբուսներում… Դոնալդ Թրամփը սովորաբար հրաժարվում էր դիմակ կրել ու չէր պարտադրում ուրիշներին: Ջո Բայդենը հույս ունի իր կողմնակիցը դարձնել նահանգապետերին ու քաղաքապետերին: Նրա նպատակն է առաջին 100 օրում 100 միլիոն մարդու պատվաստել՝ «Ամերիկայի պատմության ամենաարդյունավետ պատվաստման շրջանը»՝ խոստացել է նա: Խոստացել է նաև 3 ամսում նորից բացել դպրոցները:


Պանդեմիայի պատճառով Ջո Բայդենը ժառանգել է անկումի մեջ գտնվող տնտեսություն: Դեկտեմբերին 140 000 աշխատատեղ փակվեց: Գործազրկության մակարդակը 6,7% է, մինչև ճգնաժամը 3,5% էր: Նախագահը խոստացել է տնտեսության խթանման մասշտաբային փաթեթ 1,9 տրիլիոն դոլարի: Օրակարգում ընտանիքներին նոր վճարումներն են՝ մարդուն 1400 դոլար, գործազրկության նպաստը և օգնությունը նահանգներին ու տեղական համայնքներին: Դեմոկրատը արագ անցավ իր նախորդի ժառանգության ոչնչացմանը հատկապես կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի լոորտում: Բայդենը խոստացավ առաջին օրը վերադառնալ 2015-ի Փարիզի պայմանագրին, որից Թրամփը դուրս էր եկել պաշտոնավարման հաջորդ օրը: Վերադարձը ուժի մեջ կմտնի փետրվարի 19-ին: Բայդենը վերականգնել է բնապահպանական 80 կանոնները, որ վերացրել էր Թրամփը, դադարեցնելու է Keystone XL խողովակաշարի կառուցումը, որ վերսկսել էր Թրամփը: Առավել երկարաժամկետ հեռանկարում դեմոկրատը նպատակ ունի ածխաջրածնային չեզոքության հասնել 2050-ին, որ նշանակում է՝ որոշումը պետք է Կոնգրեսն ընդունի:


Միջազգային ասպարեզում Ջո Բայդենի հայտնվելը նշանավորում է Ամերիկայի վերադարձը նա «պատրաստ է նորից գլխավորել աշխարհը»: Բայց այս կետում փոփոխությունները կարող են իրենց սպասեցնել: Առաջին պրոբլեմներից մեկը, որ պետք է լուծվի՝ շարունակե՞լ, թե՞ ոչ միջուկային սպառազինության վերաբերյալ СНВ-III (New START) պայմանագիրը Ռուսաստանի հետ: Պայմանագրի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին: Վաշինգտոնն ու Մոսկվան բանավիճում են երկարաձգման պայմանների վերաբերյալ: Եվս մեկ սուր պրոբլեմ է Իրանի հետ միջուկային պայմանագիրը: Մյուս կողմերը ակնկալում են, որ Ջո Բայդենը կվերադառնա պայմանագրին՝ Դոնալդ Թրամփի վերջ դնելու ջանքերից հետո: Ջո Բայդենը խոստացել է վերադառնալ պայմանագրին՝ Իրանին կոշտ պայմաններ դնելով: Վերջապես՝ չինական դոսիեով Բայդենի վարչակազմը հազիվ թե լրջորեն ազդի ԱՄՆ առևտրային քաղաքականության վրա: Դեկտեմբերի սկզբին Ջո Բայդենը ընդգծեց Չինաստանի հետ կոշտ մնալու իր մտադրությունը՝ միասնական ճակատ ձևավորելով իր պատմական դաշնակիցների հետ, օրինակ՝ ԵՄ-ի:
Ռոլան Գորոն, Le Figaro


Հ.Գ. Արտաքին քաղաքականության մեջ միայն միջուկային համաձայնագրերն ու առևտրական պայմանագրերը չեն, դա շատ մակերեսային ու հպանցիկ գնահատական է: Դե ֆակտո Ջո Բայդենը՝ իր հայտարարություններից ելնելով, պետք է վերականգնի աշխարհում ԱՄՆ-ի կորցրած դիրքերը, որ Թրամփը հետևողականորեն ոչնչացնում էր: Իսկ դա նշանակում է, որ Բայդենի վարչակազմը պետք է նվազագույնը ԱՄՆ աշխարհաքաղաքականությունը փոխի՝ փորձելով հետ բերել Դոնալդ Թրամփի հանձնած դիրքերը՝ վերանայելով հարաբերությունները ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի, Ռուսաստանի, Չինաստանի հետ նախևառաջ, տարածաշրջանային քաղաքականություն ունենալ Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, կոնֆլիկտի գոտիներում: Որոշակի ժամանակ կտևի և Պետդեպարտամենտի նոր հաստիքակազմի հաստատումը, դեսպանների փոփոխությունը, որ նախագահի փոփոխությանը հաջորդող գործընթաց է: Ջո Բայդենի արտաքին քաղաքականությունը իր ուրվագիծը կստանա 100 օրից հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ