Թեև առաջնագծում ռազմական գործողությունների ակտիվությունը նվազել է, բայց Արցախի քաղաքների հրետակոծումը շարունակվում է գրեթե նույն ուժգնությամբ։ Արցախն իրենը համարող Ադրբեջանն անխնա ոչնչացնում է ամեն ինչ` մշակութային օջախներ, հիվանդանոցներ, եկեղեցի, չի խնայում անգամ բնությունը, արգելված զենքով ոչնչացնում է անտառները։ Հնարավո՞ր է այսպիսի վայրագություն անել մի տարածքում, որը քոնն ես համարում, թուրք-ադրբեջանական տանդեմը հենց այս քայլերով է ապացուցում, որ Արցախը հայկական հող է ու հայ մարդու հայրենիք։ Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ զրույցի թեման մերօրյա պատերազմն է։
-Ինչու՞ է թշնամին փոխել մարտավարությունը՝ թուլացնել մարտերն առաջնագծում`քաղաքները մշտական հրետակոծման տակ պահելով։
-Ռազմական տեսանկյունից հարցը կթողնեմ մասնագետներին, իսկ դիվանագիտական առումով պետք է փաստել, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նվազագույնի հասցնի խաղաղ բնակչության և ռազմական ուժերի ներկայությունն Արցախում։ Նրանք փորձում են հասնել այն բանին, ինչի մասին վերջին տարիներին մշտապես հայտարարել են՝ Արցախը ներառել Ադրբեջանի կազմում։ Քանի որ ոչ բլիցկրիգը ստացվեց, ոչ էլ մեծ առաջընթաց ունեն այս պատերազմում, գործի են դնում նաև դիվանագիտական հնարքները՝ հայտարարելով, թե կգնան բանակցությունների հայկական կողմի հետ, բայց Հայաստանը պետք է Արցախն ազատի իր ռազմական ներկայությունից։ Այսինքն, այն, ինչը նրանց չի հաջողվում ռազմական ճանապարհով, փորձում են ստանալ դիվանագիտությամբ՝ ձևացնելով, թե պատրաստ են գնալու բանակցությունների։ Ակնհայտ է, որ հարավում, լանդշաֆտի փոփոխությամբ պայմանավորված, նրանք արդեն չեն կարողանում առաջընթաց ունենալ և զգալի կորուստներ են արձանագրում։ Սրանով է պայմանավորված նաև, որ գործի են դրվում հիմնականում դիվերսիոն խմբեր՝ միաժամանակ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, քաղաքները։
-Ադրբեջանի դիվանագիտական հիմնական ուղերձն աշխարհին այն է, թե պատրաստ են ապահովելու արցախցիների անվտանգությունն իրենց վերահսկողության ներքո։ Այսուհետ աշխարհը կհասկանա՞, որ այդ թեզն անգամ գոյության իրավունք չպետք է ունենա, քանի որ քաղաքներն այսպես ավերող, հայերին գլխատող պետության հետ խաղաղ գոյակցել ոչ միայն հնարավոր չէ, այլև լուրջ սպառնալիք է արցախցու կյանքին։
-Արցախահայությանը ո՛չ սրանից առաջ, ո՛չ էլ սրանից հետո հնարավոր չէ համոզել, թե կարելի է ադրբեջանցու հետ անվտանգ կողք կողքի ապրել։ Այն փաստը, որ արցախահայությունը հռչակել է իր անկախությունը, ու ԱՀ-ն որպես պետություն կայացել է, ապացուցում է, որ Արցախը նման հեռանկարն իր համար ընդմիշտ փակված է համարում։ Ադրբեջանին պետք է տարածք` առանց բնակչության։ Եթե անգամ պատմության խորքերը չգնանք, քիչ չեն ապացույցները, թե հայերի հանդեպ ինչ հանցագործություններ են իրագործվել ադրբեջանցիների ձեռքով։ Սաֆարովն էլ ևս մեկ ապացույց, թե ով է Ադրբեջանում համարվում հերոս։ Իսկ մեր պատկերացումները հերոսի մասին շատ տարբեր են։ Ինչ վերաբերում է արտաքին լսարանին, մեր խնդիրն է, որ նրանց հստակ ուղերձներ հղենք, որ Արցախն արդեն ինքնորոշվել է։ Եթե արցախահայությունն ուզենար իրեն տեսնել Ադրբեջանի կազմում, հօգուտ այդպիսի տարբերակի կքվեարկեր, բայց արցախցիների 99,9 տոկոսը քվեարկել է անկախության օգտին։ Իսկ սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ իրենց նպատակն է նաև ոչնչացնել խաղաղ բնակչությանը, ավերել կրթական օջախները։ Այսօր շուրջ 33 հազար աշակերտ և ուսանող ի վիճակի չէ հաճախելու Արցախի կրթական հաստատություններ, այսինքն, Ադրբեջանը նրանց զրկել է նաև կրթության իրավունքից։ Ադրբեջանը ռմբակոծում է հիվանդանոցներ, մշակութային օջախներ, եկեղեցիներ, մզկիթներ, որոնք նաև իսլամական աշխարհի հարստությունն են, և այս քայլերը ցույց են տալիս, որ հումանիտար ոլորտում այս երկիրը բացարձակ չունի այնպիսի նկարագիր, որը թույլ կտա ասել, որ նրանց հետ հնարավոր է համատեղ ապրել։
Ի դեպ, եթե միջազգային հանրությունը կարծում է, թե այսպիսի անմարդկային, ահաբեկչական գործողություններն այսօր իրենից հեռու են, պիտի հասկանա, որ վաղն անխուսափելիորեն նույնը կարող է իր հետ տեղի ունենալ։ Ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, իսկ այսօր Ադրբեջանն ահաբեկչական պետություն է։
-Ի՞նչը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնելու ռազմական գործողությունները և վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ։
-Ռազմական գործողությունների համապատասխան ավարտը։
-Ինչպիսի՞ ավարտ։
-Պատերազմի ընթացքը ցույց կտա, ասել է՝ նրանք նախապես գծված սցենարին չեն հասնի, իսկ գործողությունները կընթանան 1993-94 թթ. տրամաբանությամբ, երբ Ադրբեջանն ինքն էր խնդրում գնալ խաղաղ բանակցությունների։ Այդ տարիներին Ադրբեջանը հերթով կորցնում էր տարբեր շրջաններ և նահանջում, իրավիճակն արդեն անվերահսկելի էր դառնում ադրբեջանցիների համար։ Այս ընթացքում տեսանք, որ ՄԽ համանախագահող երկրների հրադադարի պայմանավորվածությունները, անգամ հումանիտար գործողություններ իրականացնելու համար, չպահպանվեցին։ Ռազմական գործողությունները կարող են դադարել հայկական կողմի համապատասխան քայլերի դեպքում, որոնք կստիպեն թշնամուն գնալ բանակցությունների։ Միջազգային հանրությունը, գործի դնելով իր զինանոցը, չկարողացավ խաղաղություն պարտադրել Ադրբեջանին, հիմա հնարավոր է տնտեսական պատժամիջոցներով և այլ քայլերով իրավիճակ փոխել։ Սակայն խնդիրը հիմնավորապես լուծվելու է առաջնագծում, ռազմի դաշտում, որից կախված է ոչ միայն ներկան, այլև բանակցությունների ապագա ընթացքը։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ