«Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, դա մենք թույլ չենք տա»
13.12.2019 | 00:22
«Իրատեսի» հարցերին պատասխանում է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
-«Երևանի պաշտպանության ճակատ», հիմա` «Հանրային վերահսկողության կենտրոն», ինչո՞վ է պայմանավորված գործունեության ուղղության փոփոխությունը։
-Չէի ասի, թե գործունեության ուղղության փոփոխություն է տեղի ունեցել, հակառակը, տեղի է ունեցել գործունեության ընդլայնում, և բառացիորեն մի քանի օր առաջ պետական գրանցում ստացած ՀՎԿ ՀԿ-ն զբաղվելու է ոչ միայն Երևանի, այլև մարզերի խնդիրներով։ Անելիքները շատ են՝ հաշվի առնելով նոր իրավիճակը, երբ նախկինում հասարակական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ անձինք այսօր հայտնվել են պետական տարբեր պաշտոններում և կրկնում են այն սխալները, ինչի համար ժամանակին մեղադրում էին նախկին իշխանություններին։ Փաստորեն, հասարակական դաշտը հիմնականում դատարկ է, չկա իրական հանրային վերահսկողություն, պետություն-քաղհասարակություն համագործակցություն, հասարակության ձայնը լսելի չէ, և, որպես հետևանք, տեսնում ենք, թե ինչպես են պետական ու համայնքային բյուջեներից զգալի միջոցներ մսխվում տարատեսակ պարգևավճարների, ճոխությունների և այլ քմահաճույքների վրա։ Ո՞վ պետք է վերահսկի և թույլ չտա թվարկածս վատնումները. Սորոսից ֆինանսավորվող ՀԿ-նե՞րը, որոնց ներկայացուցիչներն այսօր պաշտոններ են զբաղեցնում, իհարկե ոչ։ Նշածս կազմակերպություններն այժմ ավելի շատ գործ անելու իմիտացիայով են զբաղված, քան թե խնդիրների վերհանմամբ և առաջարկներ ներկայացնելով, իրենք իրենց դեմ հո չե՞ն պայքարելու։ Ակնհայտ է, որ հայտնվել ենք ամենաթողության իրավիճակում, ինչի դեմն առնել է պետք։
-Ինչպես՞:
-Շատ պարզ. ուսումնասիրելու և վեր ենք հանելու խնդիրները՝ հետամուտ լինելով դրանց թեկուզ ոչ ամբողջական լուծմանը։ Արդեն ներկայացրել ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեության 11 ամիսների այլընտրանքային հաշվետվությունը, որը կազմված էր Մարությանի նախընտրական խոստումների և Երևանի քաղաքապետարանից ստացված պաշտոնական հարցումների պատասխանների հիման վրա։ Համադրելով նախընտրական խոստումները և կատարված չնչին աշխատանքները՝ քաղաքապետին հիշեցրել ենք տված խոստումները, իսկ քաղաքացիներին հնարավորություն ենք ընձեռել պահանջելու դրանց իրականացումը։ Մեկ օրինակ նշեմ կապված շենքերի ցուցանակների հետ. իմ կողմից հետևողականորեն խնդիրը բարձրացնելու արդյունքում օրեր առաջ քաղաքապետարանը հայտարարեց մրցույթ՝ նոր, միանման ցուցանակների պատրաստման համար։ Բազմաթիվ խնդիրներ կան՝ վերելակների, տրանսպորտի և այլնի հետ կապված, քաղաքային միջոցների մսխման հետ կապված, երբ, օրինակ, ընդամենը երկու տարի առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Երևան» նստարանները 160 հազար դրամ չարժեն, դրանում 40-50 տոկոս ատկատ կա, իրեն առաջարկել են 65-80 հազար դրամով այդպիսի նստարաններ, իսկ այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չի տեսնում այդ նույն նստարանների 164 հազար դրամով ձեռքբերման մեջ։ Այսպիսի խնդիրների լուծմանը հասնելու համար քաղաքացիները և հայաստանակենտրոն ՀԿ-ները պետք է հետևողական և պահանջատեր լինեն, որպեսզի օտարամոլ, քայքայիչ կազմակերպությունները դուրս մղվեն մեր երկրից։
-Անդրադառնանք Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին. Դուք դե՞մ եք։
-Այո և շարունակելու եմ պայքարը, մինչև հետ կանչվի կոնվենցիայի տակ դրված Հայաստանի ստորագրությունը, կամ գոնե Փաշինյանը հայտարարի իշխանության օրակարգում կոնվենցիայի վավերացման բացակայության մասին։ Ընդհանրապես Ստամբուլյան կոնվենցիան, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության քողի տակ տարվող ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը, սեռափոխությունը, դպրոցներից եկեղեցու պատմության առարկայի դուրս մղումը, հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները ԲՈՒՀ-երում չդասավանդելը և նմանօրինակ քայլերը պետք է նայել մեկ ընդհանուր հարթության մեջ. սրանք պլանավորված գործողություններ են ՝ ոչնչացնելու այն ազգային արժեքները, որոնք մեզ հայ են պահում։ Ամենևին պատահական չեն Ստամբուլյան կոնվենցիայի պահանջները՝ ազգային ավանդույթները կոնվենցիային համապատասխանեցնելու, դպրոցներում կոնվենցիային համապատասխան ուսումնական ծրագրեր դասավանդելու և այլ ոչ հեռահար ծրագրերը։ Այսինքն, հասկանալի է, որ մեր սերունդը փչացնել, պղծել չի լինի, ինչը չենք կարող ասել մատաղ սերնդի մասին, ինչն էլ փորձում են անել։ Վստահ եմ, որ չի ստացվելու, Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, դա մենք թույլ չենք տա։
-Ի՞նչ սպասենք նորաստեղծ ՀՎԿ ՀԿ-ից առաջիկա տարում։
-Շատ անելիքներ ունենք, մեր փոքրակազմ թիմը վստահաբար մեծանալու է, ունենք մեր ծրագրերը, պատկերացումները և, որ շատ կարևոր է, կամք՝ դրանք իրականացնելու համար։ Հայաստանի համաչափ զարգացման գործընթացում խիստ կարևոր է հանրային վերահսկողության իրականացումը, իսկ այս առումով, ինչպես վերևում նշեցի, մենք ակտիվ գործունեություն ենք ծավալելու ոչ միայն Երևանում, այլև մարզերում` բացահայտելու՝ մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական և մյուս հաստատությունների աշխատանքներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, արդյունավետության բարձրացման և թափանցիկության հետ կապված խնդիրներ։ Արարատի մարզի Նորաշեն համայնքի օրինակը բերեմ, երբ Արարատի տխրահռչակ մարզպետի ջանքերով ապօրինի կասեցվեցին ընտրված համայնքապետի լիազորությունները։ Համայնքի բնակիչների արդարացի պայքարին ես էլ միացա, արդյունքում մարզպետը հայտնվեց դատարանում։ Մեկ այլ խնդիր էլ նշեմ նույն մարզից. արհեստական աղմուկ էր բարձրացվել Դիմիտրով համայնքի վերաբերյալ, որի բնակչության մոտ 20 տոկոսը ասորիներ են, թե իբր ճնշումներ կան ասորիների վրա, եկեղեցին խլում են և այլն։ Այցելությունից հետո համոզվեցինք, որ ամեն ինչ նորմալ է, և որևէ խնդիր չկա։ Վստահեցնում եմ՝ անելու ենք հնարավորը՝ երկիրը զերծ պահելու օտարերկրյա ֆինասավորմամբ այլասերում և պղծություն քարոզող անձանց ու կազմակերպությունների իրական դեմքը բացահայտելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում դիմելու ենք իրավապահներին օրենքի տառին համապատասխան գործեր հարուցելու համար։
ՈՒզում եմ հատուկ նշել իմ կողմից դատարան ներկայացված դատական հայցերի մասին. արդեն իսկ տեղի է ունեցել առաջին դատական նիստը, որով պահանջում ենք տրամադրել Երևանի քաղաքապետարանի և «Սանիտեք» ընկերության միջև կնքված պայմանագիրը, ինչը, մեր հարցմանն ի պատասխան, չի տրամադրվել։ Երկրորդ՝ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դեմ ներկայացված հայցն է, որով նույնպես, իմ խորին համոզմամբ, խախտվել է տեղեկություն ստանալու իմ իրավունքը, այսինքն, իմ հարցումներին չի տրվել օրենքով հասանելի տեղեկություն։ Հարցում եմ ուղարկել նաև Ազգային ժողով՝ ստանալու մանրամասն տեղեկատվություն 10 ամսվա ընթացքում մոտ 1,9 մլն դոլարի չափով տրված պարգևավճարների վերաբերյալ և, տեղեկատվություն չստանալու դեպքում, հայց եմ ներկայացնելու դատարան։ Ներկայացված և առաջիկայում գուցե ներկայացվելիք այլ դատական հայցերով պայքարում և պայքարելու ենք՝ թափանցիկ և հաշվետու պետական գերատեսչություններ ունենալու համար, պետական միջոցների վատնման, ատելության ու թշնամանքի տարածման դեմ։
Հանրային վերահսկողությանն այլընտրանք չկա, ամեն ինչ առջևում է։
Զրույցը` Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԻ
Մեկնաբանություններ