«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ակնկալում ենք, որ հայկական ֆիլմերը դառնան միջազգային հարթության մեջ մրցունակ»

«Ակնկալում ենք, որ հայկական ֆիլմերը դառնան միջազգային հարթության մեջ մրցունակ»
28.06.2019 | 02:15

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի ունի նոր ղեկավարություն. ավագներին փոխարինում են երիտասարդները՝ իրենց նոր մոտեցումներով և նոր նախագծերով: Դրանք և՛ հետաքրքիր են, և՛ արտառոց, և՛ բազմաբովանդակ:
Ասենք, որ մեկնարկից առաջ կինոփառատոնի կազմակերպիչներն արդեն հասցրել են ներքաշվել բուռն վեճերի մեջ, հարուցել որոշակի շերտերի տարակուսանքը և ձևավորել դիմակայության դաշտ իրենց նկատմամբ:
«Իրատեսի» հյուրն այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է: Նրան հրավիրել ենք զրույցի՝ նպատակ ունենալով անդրադառնալու այս տարվա փառատոնի՝ 16-րդ «Ոսկե ծիրանի» առավել ուշագրավ իրադարձություններին և դրանց շուրջ ծայր առած տարաբնույթ քննարկումներին:


-Կարեն, կինոփառատոնն ստացել է 740 հայտ՝ աշխարհի տարբեր երկրներից: Քանի՞ ֆիլմ է ընտրվել, ընտրվածները հավասարարժե՞ք կինոգործեր են, թե՞ կան ակնհայտ ֆավորիտներ դրանց մեջ:
-Ընտրվել է ավելի քան 120 ֆիլմ, աշխատել ենք խուսափել ակնհայտ, խիստ առանձնացող ֆավորիտներ ընտրելուց, բայց դա այնքան էլ հեշտ բան չէ: Իհարկե, նորմալ է, որ մրցութային ծրագրում ֆիլմերը տարբեր որակներ և հաջողվածություն են ունենում: Ես ունեմ իմ անձնական կարծիքը, ինքս ինձ համար առանձնացրել եմ որոշ ֆավորիտ ֆիլմեր, բայց իմ կարգավիճակը թույլ չի տալիս բարձրաձայնել այդ ֆիլմերի վերնագրերը: Ֆիլմերը, բնականաբար, իմ անձնական կարծիքի թելադրանքով չեն ընտրվել, այլ ընտրող հանձնաժողովի որոշմամբ: Ես ընդամենը համակարգում եմ այդ ընդհանուր գործընթացը:

-Այս տարի նորություն կա մրցութային ծրագրում՝ մեկ ընդհանուր մրցույթով են ներկայացվելու խաղարկային և վավերագրական կինոստեղծագործությունները: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ մտայնությամբ եք կատարել այս նորամուծությունը:
-Այո՛, այս տարի վավերագրական և խաղարկային ֆիլմերն ընդգրկված են մեկ ընդհանուր ծրագրում՝ միջազգային մրցույթում: Պատճառները տարբեր են: Ե՛վ գեղարվեստական կողմն ենք հաշվի առել, որովհետև վավերագրական և խաղարկային ֆիլմերը տարանջատող սահմանն աստիճանաբար վերանում է, և՛ հաշվի ենք առել այն հանգամանքը, որ տարիներ շարունակ վավերագրական կինոն մնում էր ուշադրությունից դուրս՝ խաղարկային ֆիլմերի լուսանցքում. մարդիկ հիմնականում գերադասում էին դիտել խաղարկային ֆիլմեր: Հիմա դրանք կցուցադրվեն միևնույն ժամերին, միևնույն դահլիճներում, և կինոսերները կկարողանան ավելի ակտիվ մասնակցել վավերագրական ֆիլմերի դիտումներին:
-Մրցութային ավանդական ծրագրերից այս տարի բացակայում է «Հայկական համայնապատկերը»: Մեր հայրենակիցների ֆիլմերը ներառվել են ընդհանուր միջազգային մրցույթում: Ի՞նչ եք կարծում, սա կխթանի՞ հայ կինոգործիչների հետագա ստեղծագործական մոտեցումները, որպեսզի նրանք ստեղծեն միջազգային չափանիշներին համապատասխանող ֆիլմեր, թե՞ կբարդութավորի և փակուղի կտանի նորօրյա հայկական կինոն:
-Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ հայկական ֆիլմերը դառնան միջազգային հարթության մեջ մրցունակ, բայց դա չի նշանակում, որ հենց առաջին կամ երկրորդ տարում կունենանք նման արդյունք: Եթե խոսենք մի քիչ հեռահար պլանների մասին, մեր նպատակը կձևակերպեմ այսպես. մենք ձգտում ենք հասնել այն բանին, որ հայկական ֆիլմերը ոչ թե մրցեն միմյանց հետ, այլ ունենան գոնե տարածաշրջանային մասշտաբով մրցակցային որակներ: Հնարավոր է, որ առաջիկա մեկ-երկու տարում տեսնենք այն թերությունները, որոնք առկա են հայ կինոյում, բայց, վերջին հաշվով, այս մոտեցումը խթան կդառնա մեր կինոգործիչների համար՝ ներկայանալի դառնալու առնվազն տարածաշրջանային, ապա և՝ միջազգային հարթակներում:
-Խոսենք նաև արտամրցութային ծրագրերի մասին՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»: Ի՞նչ է սպասում այս ձևաչափերում փառատոնային հանդիսատեսին:
-«Երևանյան պրեմիերաները» ավանդաբար ներկայացնում են աշխարհի մեծագույն կինոփառատոների լավագույն ֆիլմերը: Ձեռք ենք բերել ֆիլմեր Վենետիկի, Բեռլինի, Կաննի կինոփառատոներից: Ըստ որում, Կաննից ձեռք բերված հինգ ֆիլմերի թվում «Ոսկե արմավենու» արժանացածն է նաև: Կային մեկ-երկու ֆիլմեր, որոնք չհաջողվեց ձեռք բերել՝ մեզնից անկախ հանգամանքների բերումով: Դրանցից մեկը Պեդրո Ալմոդովարի ֆիլմն էր, որը, հուրախություն մեզ, մտավ կիովարձույթ, և մեր հանդիսատեսն այն դիտեց կինոփառատոնից առաջ: Մյուսը Քվենտին Տարանտինոյի վերջին ֆիլմն էր, որի վարձույթը պլանավորված է օգոստոս ամսին, հետևաբար, չէինք կարող այն հուլիսին բերել «Ոսկե ծիրան»: «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում ընդգրկված են Կառլոս Ռեյգադասի՝ չորս, Արթուր Արիստակիսյանի՝ երկու և Վոյչեխ Հասի՝ վերականգնված չորս ֆիլմեր: «Հարգանքի տուրք» ծրագիրը նվիրվելու է կինոյի նշանավոր այն գործիչներին, որոնք արդեն մեզ հետ չեն: Նրանցից մեկը Մարիա Սահակյանն է, որը ոչ միայն տաղանդավոր ռեժիսոր էր, այլև շատ սերտ կապ ուներ «Ոսկե ծիրանի» հետ: Այս անվանակարգում ներառել ենք նաև Ֆրանկո Ձեֆիրելիին, Անիես Վարդային, Բեռնարդո Բերտոլուչիին:

-Տարօրինակ անունով նոր ծրագիր ունի 16-րդ «Ոսկե ծիրանը»: Խոսքս «Ծուռ ծիրանի» մասին է: Միայն անվանակարգի անու՞նն է տարօրինակ, թե՞ նաև բովանդակությունը:
-Փորձել ենք հենց անունով արտահայտել բովանդակությունը: «Ծուռ» բառը շատ բազմերանգ է հայերենում:
-Մանավանդ, եթե հաշվի առնենք մեր ազգային էպոսը: Այս դեպքում «ծուռը» ամենադրական իմաստն ունի:
-Այո՛: Մեր ծրագրի պարագայում այդ բառը մի կողմից արտահայտում է վեկտորից որոշակի շեղվածություն, օրինաչափությունից մի փոքր թեքվածություն, անկանոնություն: Եվ իսկապես էլ անվանակարգում ընդգրկված ֆիլմերը շեղված են մեր պատկերացրած ավանդական կինոյից: Դրանք որոշակի առումով կոտրում են նաև ժանրային սահմանափակումները: Մյուս երանգը «ծուռի» խենթությունը, խելառությունը, գժությունն է արտահայտում, որը հայերենի համատեքստում չունի վատ, բացասական իմաստավորում: Սրանք որակներ են, որոնց հանդիսատեսն այնքան էլ սովոր չէ, և այս ֆիլմերն ասես մարտահրավեր են նետում հանդիսատեսի երևակայությանն ու կինոյի մասին ունեցած պատկերացումներին: Այս անվանակարգում ավանգարդ, նորարարական կինոն է ներկայացվում: Սա էքսպերիմենտալ ծրագիր է, որը գործարկվում է առաջին անգամ: Համադրողը Վիգեն Գալստյանն է: Այս տարվա արձագանքներից կհասկանանք, թե որքանով է հնարավոր «Ծուռ ծիրանը» դարձնել ավանդական:

-Անդրադառնանք ամենավիճահարույց հարցին: Այս տարի կինոփառատոնում ընդգրկվել է ադրբեջանական ֆիլմ, որը պատմում է այդ երկրում ապրող ազգային փոքրամասնություններից մեկի՝ մալականների մասին: Նախ՝ հաշված օրեր առաջ այդ երկիր մուտք գործել չկարողացավ Հենրիխ Մխիթարյանը՝ բաց թողնելով իր համար շատ կարևոր միջազգային խաղ: Բացի այդ, եթե ֆիլմում խոսվում է ադրբեջանաբնակ ազգային փոքրամասնության մասին, սա արդեն արցախցիներին ուղղված հստակ ակնարկ է ենթադրում՝ ըստ իս: Ստացվում է, որ այդ երկրում ոչ միայն բնականոն կյանքով ապրում են ազգային փոքրամասնությունները, այլև արժանանում են արվեստագետների ուշադրությանն ու դառնում ֆիլմի թեմա, այնինչ մենք ի լուր աշխարհի աղաղակում ենք, թե դա մի երկիր է, որտեղ ազգային փոքրամասնություններին սպառնում է կա՛մ ձուլման, կա՛մ բնաջնջման հեռանկարը: Այս ամենից ելնելով՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ֆիլմի ընտրությունը:
-Նախ՝ անդրադառնամ Հենրիխ Մխիթարյանի օրինակին: Ես այն մարդկանցից եմ, որոնք խիստ բացասական վերաբերվեցին Հենրիխ Մխիթարյանի անձի շուրջ կատարվածին: Մանավանդ որ դա ոչ թե հայ անհատի այց էր Բաքու, այլ միջազգային մրցաշարին հայ մարզիկի մասնակցություն իր թիմի՝ «Արսենալի» կազմում: Ինչ վերաբերում է մեր ընտրությանը, ասեմ, որ մենք, ընդգրկելով այդ ֆիլմը մեր միջազգային կինոփառատոնի ծրագրում, հակադրվում ենք այդ երկրի իշխանություններին՝ ներկայանալով որպես ավելի կայացած, ինքնաբավ, լիարժեք երկիր՝ մանավանդ արվեստի ոլորտում: Իսկ ինչ վերաբերում է ֆիլմին, ապա դրա առկայությունը մեր ծրագրում պետք է ընկալել որպես կոնկրետ ֆիլմի, ոչ թե Ադրբեջան պետության մասնակցություն «Ոսկե ծիրան» փառատոնին: Ֆիլմի հեղինակը Ռուսաստանի քաղաքացի, մոսկվաբնակ, բուրյաթական և ադրբեջանական ծագում ունեցող ռեժիսոր է, որն իր ֆիլմը ստեղծել է ռուս օպերատոր-վավերագրողի և հայ երաժիշտ-ձևավորողի հետ՝ ռուսական և ադրբեջանական համաֆինանսավորմամբ: Շատ կարևոր է շեշտել, որ Ադրբեջան պետությունը որևէ կապ չունի ֆիլմի ստեղծման հետ, այն մասնավոր հիմունքներով ստեղծված ֆիլմ է: Ֆիլմը, այո՛, պատմում է ադրբեջանական մի գյուղում կենտրոնացած ազգային փոքրամասնության՝ մալականների մասին, որը, հնարավոր է, սպառում է իր գոյությունն այդ տարածքում, որովհետև այս ազգային խմբում բացառվում են խառնամուսնությունները, և նրանք կանգնած են այդ տարածքում, իբրև ազգային տեսակ, վերանալու փաստի առջև: Ֆիլմը պատմում է այս մարդկանց գոյութենական պայքարի մասին: Հիմա անդրադառնանք «Ոսկե ծիրանի» որոշմանը: Մենք, որպես միջազգային կինոփառատոն, ստացել ենք այդ հայտը: Այդ հայտը մերժելով՝ մենք ոչ թե կհարվածեինք Ադրբեջան պետությանը, որը, կրկնեմ, որևէ առնչություն չունի այդ ֆիլմի արտադրության հետ, այլ կհարվածեինք կոնկրետ արվեստագետին և, որ ամենաանթույլատրելին է, մեր միջազգային վարկանիշին, որը համեմատության ոչ մի եզր չունի այն վարկանիշի հետ, որը գործել է Ադրբեջանում՝ Հենրիխ Մխիթարյանի և համանման այլ հանգամանքների հետ կապված: Այո՛, սա քայլ է՝ ներկայանալու ավելի ինքնավստահ, ինքնաբավ, արվեստի ոլորտում որևէ քաղաքական ենթատեքստ չշեշտադրող երկիր և ժողովուրդ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ