ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աղձքում հայտնաբերվել են եզակի տապանաքար ու պալատական կառույց

Աղձքում հայտնաբերվել են  եզակի տապանաքար ու  պալատական կառույց
08.06.2018 | 01:14

«Աղձքի հայոց արքաների հուշահամալիրում պեղումները վերսկսվել են բացառիկ նորություններով. հայտնաբերվել են վաղ միջնադարի եզակի պատկերազարդ տապանաքար և պալատական կառույց»,- ասում է մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆԸ:


Այս տարածքում պեղումները սկսվել են դեռևս 2015-ին, հետազոտությունների արդյունքում պարզել են, որ Աղձքը կարևոր ու հսկայական գյուղաքաղաք է եղել, զբաղեցրել է առնվազն 50 հեկտար տարածք: Հայտնաբերվել են միջնադարյան կոթողներ, որմնաքարեր, հնագիտական գտածոներ, այդ թվում` Չինաստանից ներկրված սելադոնից (թանկարժեք հախճապակի) սպասք, ինչը խոսում է այն մասին, որ Աղձքը ներառված է եղել մետաքսի ճանապարհում: Պարզվել է նաև, որ սալահատակ հսկայական բացօթյա սրահը ժամանակին փոքր-ինչ սխալ է չափագրվել. ենթադրվում էր, որ գետնափոր կառույց է, պարզվել է` պարզապես ունեցել է նեղ մուտք, ներս մտնող յուրաքանչյուր ոք պետք է խոնարհվեր արքաների առաջ:


2017-ին հայտնաբերված պալատական կառույցն ունի 30 մ երկարություն, 15 մետր լայնություն, այն վաղ միջնադարյան միակ հստակ (4-րդ դար) թվագրվող պալատն է:
Հայտնաբերված 15 տապանաքարերից մեկը պատկերազարդ է: Հակոբ Սիմոնյանը նշեց, որ խաչաքանդակ պատկերով վաղ միջնադարի տապանաքարը եզակի հնագիտական իրողություն է. «Եթե եզակի է, ուրեմն պետք է ենթադրել, որ այստեղ ամփոփված է ինչ-որ խիստ նշանավոր անձի աճյուն, դժվար է ասել` բարձրագույն հոգևոր անհատականությու՞ն է, նշանավոր իշխա՞ն, թե՞ արքայական տոհմի ներկայացուցիչ: Դա պարզելու համար պետք է արվեն երկարատև ուսումնասիրություններ, ԴՆԹ տարրալուծումներ, հրավիրվեն միջազգային փորձագետներ, մարդաբաններ։ ՈՒնենալով արքայական ԴՆԹ, այժմյան գիտության մակարդակով, կարող ենք նաև ասել, թե ով ունի արքայական արյուն: Հետաքրքիր հեռանկար կբացվի»: Հնագետը նշեց նաև, որ տապանաքարի վրա կան մեսրոպատառ արձանագրություններ. «Այսինքն, Մաշտոցի գյուտից անմիջապես հետո փորագրված ամենահին հայկական տառերն են (չեմ ասում` միակ, որովհետև Երուսաղեմում մենք ունենք հայերեն արձանագրություններ): Տապանաքարերն ամբողջությամբ չեն բացվել, մոտ ապագայում գրությունները, նշանները կբացվեն, կուսումնասիրվեն, ու հավանաբար ինչ-որ գաղտնիքներ ի հայտ կգան»:


Պեղումները շարունակվելու են նաև այս տարի, նախատեսվում է պեղել պալատական կառույցի ստորին շերտը։ Աշխատանքներն իրականացնելու համար կառավարությունը 15 մլն դրամ է տրամադրել:
Ամփոփելով իր խոսքը` բանախոսը նշեց, որ Աղձքը կարող է դառնալ բացառիկ զբոսաշրջության վայր. «Պետք է տարածքը մեծացվի, ճեմուղի լինի, դիտահարթակ, ի վերջո, ավտոկայանատեղի, սանհանգույց, սրճարան: Եթե ներդրումներ արվեն, վերադարձը կլինի հարյուրապատիկ: Բայց առայժմ ինքնաբուխ խմբեր, անհատներ են այցելում հնավայր: Կա նաև վտանգ, որ այցելուների չկանոնակարգված հոսքը մեծ վնաս կարող է հասցնել հուշարձանին»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ