Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ձուկն իր հետ ջրի երես հանեց այլ խնդիրներ

Ձուկն իր հետ ջրի երես հանեց այլ խնդիրներ
08.09.2017 | 00:20

Տխուր է, բայց փաստ. Հայաստանում արմատանում է պաշտոնական կառույցների որդեգրած` մեկը մյուսի վրա «բոչկա գլորելու» քաղաքականությունը։
Ախուրյանի ջրամբարում ջրի մակերևույթ բարձրացած ձկների խնդրի մեջ խորամուխ լինելու փոխարեն ջրային տնտեսության պետական կոմիտեն շտապեց ձեռքերը լվալ և հայտարարել. «Կոմիտեն որևէ պատասխանատվություն չի կրում Ախուրյանի ջրամբարում գոյություն ունեցող ձկնատեսակների պահպանության համար»։ Ավելին, ջրային տնտեսության կոմիտեն հարկ է համարել հիշեցնել, որ ջրամբարը նախատեսված է ոռոգման նպատակով ջրի կուտակման համար, և ձկնաբուծական գործունեությունն օրենսդրորեն կարգավորված չէ։ Ձկնաբուծությունն իրականացվել է ինքնագործունեությամբ։ Նման հայտարարությունն ավելի քան զավեշտալի է։ Եթե կոմիտեն այդքան սկզբունքային է, ապա թույլ տվեք հարցնել` ձկների ջրի երես դուրս գալուց հետո՞ են միայն այս կառույցի աչքերը բացվել, մինչ այդ կոմիտեն չգիտե՞ր, թե՞ տեղեկացված չէր, որ չնախատեսված գոտում` ջրամբարում, ապօրինի տնտեսական գործունեություն է իրականացվում։ Իսկ գուցե մինչ այս խնդրի ջրի երես դուրս գալը նրան ձեռնտու էր լռե՞լը։


Իհարկե, ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը կարող է փաստել, որ օրենքի այդ խախտումը տեղի է ունեցել իր նշանակումից շատ առաջ։ Նման փաստարկի հետ համաձայնելով` չենք կարող չընդգծել, որ կոմիտեի նախագահը մոտ մեկ տարի է, ինչ ստանձնել է այդ պաշտոնը և չէր կարող խնդրին տեղեկացված չլինել։ Իսկ եթե իսկապես տեղեկացված չի եղել, դա բոլորովին էլ չի արդարացնում կոմիտեի գործունեությունը։ Գուցե այս դեպքում ևս հարմար է եղել պահպանել քար լռությունը։ Կարծում ենք` այդ լռությունը երկար կպահպանվեր, եթե այս միջադեպը չլիներ։ Կամ` ի՞նչ է նշանակում «կոմիտեն որևէ պատասխանատվություն չի կրում» ասվածը, արդյոք նման մոտեցումը հարի՞ր է պետական կառույցին, պետական հարցի խնդրում։


Այսքանը, երևի թե, բավարար չէր։ Պարզվում է, Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեն, չգիտես ինչու, որոշել է թուրքական կողմի փոխարեն էլ պատասխանել` պաշտոնական հաղորդագրությունում նշելով. «Հայաստանի և Թուրքիայի կողմից պահպանվել է ջրամբարից էկոլոգիական թողքը»։ Այլ կերպ ասած, Հայաստանի պետական կառույցը, Թուրքիայի փոխարեն պատասխանելով, էս գլխից «քարտ բլանշի» հնարավորություն է տալիս նրան, այն դեպքում, երբ հայաստանյան այլ պատկան կառույցներ հայտարարում են, որ խնդիրը պետք է ուսումնասիրվի։


Փաստորեն, ջրի երես դուրս գալով, ձուկը դուրս հանեց նաև այլ խնդիրներ։ Թե իրականում որն է եղել Ախուրյանի ջրամբարում ձկան վերհանման պատճառը` ուսումնասիրությունները կպարզեն, սակայն այս խնդիրը վեր հանեց մի շատ կարևոր հարց, որն անընդհատ շրջանառվում է լրատվամիջոցներով։ Գաղտնիք չէ, որ Արարատյան հարթավայրում ոռոգման ջրերի զգալի մասը ծառայում է ձկնաբուծությանը։ Գաղտնիք չէ նաև, որ ձկնաբուծությամբ զբաղվողները նախկին և ներկա պաշտոնյաներն են կամ նրանց շրջապատի մարդիկ։ Ի վերջո, այս խնդիրը պետք է հստակ լուծում ստանա։ Մենք բոլորովին դեմ չենք ձկնաբուծության զարգացմանը, սակայն դրա հետ մեկտեղ պետք է խելամտորեն լուծել ոռոգման ջրերի պակասի խնդիրը` ներգրավելով հենց նույն «օլիգարխ» ձկնաբույծների միջոցները։
Եվ վերջում փաստենք, որ եթե բնության բարիքն օգտագործում ես ու բացը չես լրացնում, բնությունը դաժանորեն է հակադարձում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ