ՊՊԾ գնդի տարածքում երեկ գիշեր կատարվածի առնչությամբ խիստ իրարամերժ կարծիքներ են երկու կողմից հնչում: Այդուհանդերձ, չքննելով այս դեպքի հետ կապված հանգամանքները, անդրադառնանք միայն մեկ դրվագի: Այս պահին զինված տղաները պատանդ են վերցրել իրենց օգնության եկած բժիշկներին: Ինչ արդարացում էլ ներկայացնեն նրանք, միևնույն է, սա անընդունելի արարք է: Իհարկե, հասկանալի է, որ նրանց ընկերներին վտանգ է սպառնում, և իրենք ամեն կերպ փորձում են նրանց կյանքը փրկել` չընդունելով իշխանությունների առաջարկները, բայց, այսպես թե այնպես, նրանց մշտապես բուժօգնություն տրամադրվել է: ՈՒրեմն ինչո՞ւ պատանդ վերցնել և նրանց բաց թողնելու համար նախապայմաններ դնել, երբ բժիշկներն ընդամենն իրենց պարտքն են կատարել:
Հեռու մնալով այս տասնմեկօրյա զինված պայքարի առնչությամբ գնահատականներ, զինված տղաներին ահաբեկիչ կամ հերոս որակումներ տալուց, խոսենք մի քանի փաստերի մասին, որոնք նրանց պայքարի նպատակներն արժեզրկեցին:
«Սասնա ծռեր» խմբի տղաներն իրենց ասուլիսի ժամանակ մշտապես նշում էին, որ իրենց նպատակը «երկրում աղբը մաքրելն է»: Մի կողմ թողնենք, թե «աղբը մաքրելու» համար ճիշտ է ընտրված ձևը, թե ոչ, խոսենք փաստերից: Երբ բարի, ազնիվ մղումները ուղեկցվում են բռնության կոչերով և անկարգություններ հրահրելով, այդ նպատակներն արդեն կորցնում են իրենց նախնական «անաղարտությունը»: Օրինակ, չի կարող մարդը բարեփոխումներ իրականացնել, երբ կոչ է անում բենզինով լցված շշերը տալ բոլոր նրանց գլխին, ովքեր կկանգնեն իրենց ճանապարհին, երբ պատեհ-անպատեհ օդ են կրակում, ահաբեկելով այդ տարածքի բնակչությանը, երբ չորս մեքենա են այրում, երբ անտեսելով բոլոր վտանգները, իրենց օգնության եկած բժիշկներին պատանդ են պահում: Ես որքան էլ հավատամ զինված տղաներին, որքան էլ հարգեմ ազատամարտիկներին, որքան էլ ճիշտ համարեմ փոփոխություններ իրականացնելու նրանց ցանկությունը, բնական հարց է ծագում` այսպիսի ճանապարհով եկած մարդիկ կարո՞ղ են երկրում բան փոխել, կարո՞ղ են ինձ համար անվտանգ երկիր ապահովել, կարո՞ղ են... զենքով, արյունով եկած մարդը չի կարող մաքուր էջից սկսել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ