Մոսկվան ուշադրությամբ հետևում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և հույս ունի, որ կհաղթեն առողջ բանականությունն ու քաղաքական կամքը՝ հետագա դիմակայությունից խուսափելու համար՝ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել է՝ Ռուսաստանին ամենևին դուր չեն գալիս ՆԱՏՕ-ի ընդարձակման ու ռազմական հզորացման ծրագրերը իր սահմանների մոտ:
«Մենք եղել ենք և բաց կմնանք երկխոսության համար, սակայն միայն այն դեպքում, երբ դա կլինի փոխշահավետ և երկու կողմերի հետաքրքրությունները հաշվի առնող»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն կարող են արդյունավետ համագործակցել, երբ դաշինքը դադարեցնի հռետորաբանությունը՝ իբրև թե Ռուսաստանից բխող վտանգների վերաբերյալ. «Հիմա, երբ Եվրոպայում տասնյակ մարդիկ են զոհվում, Մերձավոր Արևելքում՝ հարյուրավոր, խոսել Ռուսաստանի վտանգավորության մասին անհեթեթություն է, և վկայում է այդ կազմակերպության կարճատեսության մասին»:
«Եթե նրանք թշնամու կերպարը ստեղծում են, որ դրա վրա հակառուսական հիստերիա սերմանեն, այդ ֆոնին նորանոր ռազմաօդային ու ցամաքային ուժեր տեղակայեն՝ քայլ առ քայլ մոտենալով ռուսական սահմաններին, այս դեպքում, անշուշտ, դժվար կլինի որևէ հենք գտնել արդյունավետ փոխգործակցության համար»,- ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:
Լրագրողները հետաքրքրվել են՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին համարո՞ւմ է թշնամի: «Մենք այնտեղ թշնամի չենք փնտրում, բայց երբեմն գտնում ենք, երբ մեր սահմանների մոտ սկսում են քայլել ՆԱՏՕ-ի զինվորներն ու երկնքում օդ են բարձրանում ՆԱՏՕ-ի ինքնաթիռները»՝ պատասխանել է Պեսկովը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի ղեկավարը հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ն նոր սառը պատերազմ չի ուզում, սակայն անելու է ամեն ինչ՝ պաշտպանելու անդամ պետությունների անվտանգությունը: Ակնկալվում է, որ հենց այս հավաքի ընթացքում ՆԱՏՕ-ն կորոշի Լեհաստանում և բալթյան երկրներում 4 նոր բազմազգ գումարտակ տեղակայելու հարցը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն պաշտոնապես հայտարարել է Լեհաստան հազար ամերիկացի զինվոր ուղարկելու մասին: ՌԴ նախագահն այս հայտարարությունների ֆոնին խոսել է ռուսական սպառազինության արդյունավետության մասին:
«Մեր զենքը գնալով ավելի արդյունավետ է դառնում՝ միաժամանակ մնալով շատ դյուրին օգտագործման մեջ, ինչի մեջ կարելի է համոզվել ոչ միայն ցուցահանդեսներում»,- ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով. «Ռուսաստանը ներդրումներ է անում պաշտպանության ոլորտում՝ հրաձգային զենքերից մինչև օդային և ծովային մարտերի համար նախատեսված ժամանակակից միջոցներ, որոնք կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը ցանկացած ռազմադաշտում»: