ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը չի բացառում, որ առաջիկայում Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները: Նրա խոսքով՝ հիմնական պատճառներից մեկն այն է, որ միջազգային հանրությունը պատշաճ գնահատական չի տալիս Ադրբեջանի գործողություններին: Երբեք միջազգային կառույցները չեն դատապարտել հակառակորդի գործողությունները, չեն հստակեցրել, թե ով է սկսում պատերազմական գործողությունները:
«Մենք 1994 թվականի մայիսի 12 ունեցանք, եռակողմ՝ Ղարաբաղն Ադրբեջանի և Ռուսաստանի միջնորդությամբ պայմանագիր կնքեց, բայց մենք ոչինչ չստացանք: Իսկ պատճառն այն էր, որ միջնորդ երկիրը չի վերահսկում, թե ով է սկսում պատերազմը: Նախ՝ առաջին գնահատականը պետք է տրվեր 1988-ի փետրվարի 22-ին, երբ մենք Խորհրդային Ադրբեջանի քաղաքացիներ էինք, և մեր դեմ հարձակում սկսվեց: Այդ ժամանակ էլ որևէ միջազգային կառույց գնահատական չտվեց: Հետո Սումգայիթ ունեցանք, Բաքու, Կիրովաբադ, հայկական բոլոր շրջանների դեմ հարձակողական մարտեր էին: 89-ին ևս բռնություններ կային, ու այդպես էլ միջազգային որևէ կառույց չհստակեցրեց, թե ով էր այդ պատերազմի հրահրիչը»,- նկատեց Բալասանյանը:
Ամեն դեպքում մեր զրուցակիցը դրական է համարում միջազգային կառույցների, միջնորդ երկրների մասնակցությամբ հակամարտող երկրների ղեկավարների հանդիպումները: Առաջիկայում ևս սպասվում է Սարգսյան-Ալիև՝ այս տարվա մեջ երկրորդ հանդիպումը: «Այդ հանդիպումները ինչ-որ օգուտ բերում են, բայց, իմ համոզմամբ, առաջին հերթին պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, որին պետք է մասնակցեն ամբողջ տարածաշրջանի պետությունները: Նոր ֆորմատով խաղաղության պայմանագիր լինի, և ժողովրդի լեզվով ասած՝ նայող լինի, որը կվերահսկի ցանկացած քայլ պայմանագրի որևէ կետ խախտած երկրի նկատմամբ»,- կարծում է Բալասանյանը:
Ինչ վերաբերում է կարծիքներին, որ տարածաշրջանում հենց Ռուսաստանն է հրահրում ռազմական գործողությունները, ապա փորձում խաղաղարարի դեր խաղալ, Բալասանյանը նկատեց. «Ես չեմ կարող ասել` Ռուսաստանն է հրահրում, թե ոչ, բայց գեոպոլիտիկան առաջիկայում կփոխվի: Կտեսնեք՝ առաջիկայում ամեն ինչ ուրիշ կլինի, հետաքրքիր զարգացումներ են սպասվում»: