Լեռնային Ղարաբաղը, Ստալինի կարգադրությամբ 1921-ին Ադրբեջանին միացված հայկական շրջան է, որ հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ, 1991-ին: Այդ ժամանակից Լեռնային Ղարաբաղը դարձել է հայերի ու ադրբեջանցիների անվերջանալի դիմակայության թատերաբեմ: Հանիմատ Զահիդը փորձում է վերլուծել Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման մեջ:
Լեռնային Ղարաբաղի շուրջ ապրիլյան ռազմական գործողությունները նորից բուռն քննարկումների թեմա դարձրին այդ հարցը մամուլում ու ամբողջ աշխարհում, և դա հասկանալի է: Հայաստանն ու Ադրբեջանը զինադադար են կնքել 20-ից ավելի տարիներ առաջ: Այս տարիներին դիվանագիտական բանակցություններ են եղել տարբեր ձևաչափերով՝ կայուն լուծման որոնումներում, սակայն գործընթացը մինչև այսօր շարունակվում է առանց շոշափելի արդյունքների: ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության մեջ գործնականում որևէ առաջընթաց չկա: Ամենայն հավանականությամբ՝ փոխզիջումը հնարավոր չէ օբյեկտիվ պատճառներով: Այդ պատճառներից մեկը կոնֆլիկտի մասնակիցների փոխադարձ ատելությունն է, որ ձգվում է ամբողջ մի դար՝ սրվելով վերջին 25 տարիներին:
Խաղաղ բանակցությունների վերջը
Կան նաև այլ պատճառներ, որ դժվար է օբյեկտիվ անվանել, բայց ավելի բարդ են: Այդ պատճառներից է Ռուսաստանը, որ գլխավոր տարածաշրջանային ուժն է ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման մեջ և ունի էական ռեսուրսներ, որ կարող էր գործադրել նպատակին հասնելու համար: Այնուհանդերձ, Մոսկվան բոլորովին շահագրգռված չէ կոնֆլիկտի կարգավորմամբ: Համենայն դեպս, այս պայմաններում չի ցանկանում և գուցե կարող է տեսակետը փոխել որոշակի պայմանների դեպքում: Բավականաչափ սարսափելի հետևանքներ հարուցելու հնարավորությամբ: Վերջին երկու տասնամյակում մի քանի բարենպաստ պահեր են եղել կոնֆլիկտի կարգավորման համար: Առաջինին վերջ դրեց «պալատական հեղաշրջումը» Հայաստանում, որն ավարտվեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով 1998-ի փետրվարին: Նրան փոխարինեց ղարաբաղյան պատերազմի գլխավոր մասնակիցներից և Ռուսաստանի հովանավորյալներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի ներկա նախագահ Սերժ Սարգսյանը համարվում է նրա ժառանգորդը: Կոնֆլիկտի կարգավորման երկրորդ հնարավորությունը 1999-ին էր և ավարտվեց սպանությամբ՝ խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը գնդակահարվեցին խորհրդարանում լրագրող Նաիրի Հունանյանի ձեռքով: Քաղաքական շատ վերլուծաբաններ գտնում են, որ սպանությունների հետևում կարող էր լինել խաղաղ բանակցություններն արգելակելու Ռուսաստանի ձգտումը: Այդ ժամանակ սպասվում էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ստորագրել խաղաղության առաջին համաձայնագիրը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ստամբուլի սամիթում, 1999-ին: Ահաբեկչությունը խորհրդարանում հուղարկավորեց խաղաղության գործընթացը:
Ռուսաստանի ռազմական ներկայությունը Կովկասում
Երկու հնարավորություններ բաց թողնվեցին իրադարձությունների բերումով, որոնց հետևում բացահայտ կանգնած էր Ռուսաստանը: Դրանից հետո տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը նշանակալից ավելացավ, քան կար 1990-ականներին: Ռուսաստանը ռազմաբազա ունի հայկական Գյումրիում, որը համարվում է տարածաշրջանի գլխավոր հակաՆԱՏՕական օբյեկտներից մեկը: Ռուսաստանն է որոշում Հայաստանի կառավարության ամենաազդեցիկ անդամներին, վերահսկում է երկրի նշանակալից մասն ու բանակը: Վլադիմիր Պուտինի համար կարևոր է պահպանել ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում և ռազմաբազան Հայաստանում հատուկ նշանակություն է ստացել Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալով՝ Վրաստանից ռազմաբազան հանելուց հետո: Դա ենթադրում է կոշտ վերահսկողություն Հայաստանի կառավարության վրա, որ չկրկվի՝ ինչ եղավ Վրաստանում: Հիմքեր կան ենթադրելու, որ կոնֆլիկտը չի հանգուցալուծվի, քանի դեռ Արևմուտքում որոշ խմբեր նախընտրում են հանգուցալուծման մասին դատողություններ անել՝ չցանկանալով ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները Հայաստանն օկուպացրել է:
Արևմուտքը չի հասկացել, չի հասկանում ու չի հասկանա
Ռուսաստանին հիմա լուծումներ պետք չեն, որովհետև կոնֆլիկտի այս կամ այն կերպ հանգուցալուծումը կնվազեցներ Հայաստանի ու Ադրբեջանի կախվածությունն իրենից: Հայկական քաղաքական էլիտան ու բանակը գտնվում են ռուսական վերահսկողության տակ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պակասում է վճռականությունն ու գերակայությունների ըմբռնումը, նա շվարածի կերպարանք ունի: Իհարկե, պետք է հիշել, որ երկու երկրներում էլ իշխում է ավտորիտարիզմը, ընդգծել, որ Ալիևն ավելի ավտորիտար նախագահ է, լուրջ մեղադրանքներ կան կոռուպցիայի մեջ: Երկու ավտորիտար նախագահներն էլ հասկանում են, որ «ցմահ նախագահության» համակարգը կփլուզվի կոնֆլիկտի կարգավորման հետ և նախըտրում են կառչել իշխանությունից ու Ռուսաստանից: Արևմուտքը չի հասկացել, չի հասկանում ու դեռ երկար չի հասկանա, որ երկու երկրներում էլ ժողովրդավարությունն է հարցի լուծման գրավականը: Հնարավոր չէ պատկերացնել համաձայնագիր, որին աջակցում է կողմերից միայն մեկը, նրան մյուսի հաշվին առավելություններ տալով: Երկու ժողովուրդների կամքը ևս նշանակալից գործոն է: Ցանկացած ադրբեջանցի ձեզ կասի (ես էլ եմ այդ կարծիքին՝ հենվելով պատմական փաստաթղթերի վրա), որ Հայաստանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի վրա միանգամայն անհիմն են: Բայց հայերը հակառակն են պնդում: Այստեղից էլ կոնֆլիկտն է: Վատագույն սցենարը հիմա կլիներ Հայաստանի խնդրանքը տարածաշրջանում ռուսական զորքերի տեղակայման մասին «խաղաղության ապահովման» համար: Դա կհանգեցներ Հարավային Կովկասում ռուսական վերահսկողության վերականգնմանը՝ Հայաստանը Ռուսաստանի համար կդառնար յուրատեսակ ցատկահարթակ: Գուցե Արևմուտքը տարբեր մոտեցումներ ունի Հայաստանին ու Ադրբեջանին: Բայց պատրա՞ստ է ամբողջությամբ զիջել Հարավային Կովկասը Ռուսաստանին: Մենք տարբեր տեսակետներ ունենք Հայաստանի վերաբերյալ, բայց բոլորս էլ պիտի հասկանանք, որ Մոսկվան Հայաստանն օգտագործում է իբրև ռազմաբազա և Պուտինն ուզում է ռազմաբազան ընդլայնել: Հենց դա էր ռազմական գործողությունների վերսկսման պատճառն ապրիլի 2-ին:
Հանիմատ Զահիդ, Le Nouvel Observateur, Ֆրանսիա
Հ.Գ. Սկսենք նրանից, որ կոնֆլիկտի չկարգավորման գլխավոր պատճառը ոչ թե կողմերի փոխադարձ ատելությունն է, այլ՝ Ադրբեջանի՝ հարցը միայն տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում տեսնելը և ԼՂՀ-ն չճանաչելը: Բնական է, որ Հանիմատ Զահիդի համար ազգերի ինքնորոշման սկզբունքը նույնպես տաբուի տակ է, բայց երբ հավակնում ես օբյեկտիվության, գոնե պիտի ջանաս համակրանքներդ ու հակակրանքներդ զսպել: Երկրորդ՝ ի՞նչ ռեսուրսներ ունի Ռուսաստանը, որ չի գործադրում՝ եթե հեղինակը նկատի ունի Հայաստանին լուծում պարտադրելը, նույնը Ռուսաստանը կարող է անել Ադրբեջանի նկատմամբ: Նվազագույնը զարմանալի է, որ խոսելով կոնֆլիկտի մեջ Մոսկվայի դերին, հեղինակը ընդհանրապես չի անդրադառնում զենքի վաճառքի հարցերին: Երրորդ՝ բանակցությունների տասնամյակներում միայն երկու դեպք չի եղել, որ հնարավոր էր համաձայնագիր ստորագրել, բայց հեղինակը առանձնացնում է միայն Հայաստանի «պալատական հեղաշրջումը» և 1999-ի հոկտեմբերի 27-ը, ինչու՞ ոչ մի անդրադարձ չկա, թե քանի անգամ է Իլհամ Ալիևը ձախողել համաձայնագրի ստորագրումը, վերջապես այս օրերին՝ ինքը Իլհամ Ալիևը, հոր ծննդյան օրը հայտարարեց, որ եթե Հեյդար Ալիևը ողջ լիներ, Ղարաբաղի հարցը լուծված կլիներ: Չորրորդ՝ եթե Հայաստանը «օկուպացրել է», ինչու՞ էր «օկուպացվում» Ադրբեջանը, ուրեմն պարտվել է պատերազմում և պատերազմի արդյունքների վերանայումը, մեղմ ասած, տարօրինակ է, եթե նույնիսկ համարենք, որ Հայաստանը «օկուպացրել է» Ղարաբաղը կամ հարակից տարածքները: Եվ, վերջապես, որտեղի՞ց նման համոզվածություն, որ Ռուսաստանն է նշանակում Հայաստանի կառավարության ազդեցիկ անդամներին, վերահսկում բանակն ու տարածքը:
Գուցե ճիշտ կլիներ գրել, որ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ոլորտներն են Ռուսաստանի տիրապետության տակ, բայց՝ ոչ կառավարությունն ու բանակը: Առավելևս, որ նույն այդ բանակը հաջողությամբ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ տարբեր ծրագրերով: Եթե հեղինակը պնդում է, որ երկու երկրներում էլ հարցի լուծումը կապվում է ժողովրդավարության մակարդակի հետ, ինչպե՞ս է հարցը հանգեցնում տարածքային խնդրի՝ յուրաքանչյուր ադրբեջանցու և իր ընկալումները հիմնելով «պատմական փաստաթղթերի» վրա: Հետաքրքիր է՝ այդ փստաթղթերը ո՞ր դարի են: Եվ որտեղի՞ց է Հանիմատ Զահիդը հայտնագործել, որ Հայաստանը պատրաստվում է Մոսկվայից խաղաղապահներ խնդրել: Համենայն դեպս, ֆրանսիացիները փորձել են պահպանել իրենց չեզոքությունը՝ հեղինակի հոդվածից առաջ նշելով. «Լեռնային Ղարաբաղը, Ստալինի կարգադրությամբ 1921-ին Ադրբեջանին միացված հայկական շրջան է, որ հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ, 1991-ին»: Ինչու՞ են գրվում և հրպարակվում, ի՞նչ խնդիրներ են լուծում նման հոդվածները: Ո՞ր լսարանին են ուղղված: Համենայն դեպս, պիտի իմանաս, թե որտեղի՞ց է գալու հաջորդ հարվածը տեղեկատվական պատերազմում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ