Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Ինչո՞ւ են ռուս դիվանագետներն ու փորձագետները սադրում

Ինչո՞ւ են ռուս դիվանագետներն ու փորձագետները սադրում
09.05.2016 | 13:09

Lragir. am-ը հաղորդում է, որ Հաղթանակի զբոսայգում ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին լրագրողները հարցրել են Հայաստանին մատակարարվելիք զենքի մասին: Նա հակադարձել է, թե այսօր տոն է, հարցրեք տոնի մասին: Լրագրողներն ասել են, որ Արցախում պատերազմ է, այդ պատճառով են հարցնում զենքի մասին, որ Ռուսաստանը շարունակում է մատակարարել Ադրբեջանին: Վոլինկինը հակադարձել է, թե ունե՞ն ապացույցներ, փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին: Երբ լրագրողները վկայակոչել են Ռոգոզինի հայտարարությունը, նա ասել է, թե Ռուսաստանը զենք է վաճառում եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին: Վոլինկինին ուղեկցող ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարը լրագրողներին հորդորել է անջատել տեսախցիկները, որից հետո միայն ասել է՝ ի՞նչ եք ուզում, Հայաստանը ճանաչե՞լ է Արցախը:

Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ չի կարող գնալ: Ի՞նչ է սա, եթե ոչ բարձրաստիճան դիվանագետի սադրանք: Ի՞նչ իրավունք ունի ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարը խառնվել Հայաստանի ներքին գործերին և ուղղորդել: Ժամանակը չէ՞ դեսպանին հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարարություն և բացատրություն պահանջել իր ենթակաների հայտարարությունների համար: Լարված իրավիճակում յուրաքանչյուր հայտարարություն, նույնիսկ անձնական տեսակետ ստանում է բոլորովին այլ բովանդակություն՝ ռուս դիվանագետները չե՞ն սովորել իրենց մասնագիտությունը, թե՞ անկեղծանում են իրենց պետության իրական նպատակների շուրջ: Եվ՝ ինչո՞ւ:

Կճանաչի՞ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե՞ ոչ՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործն է: Ռուս դիվանագետներին արագ վերապատրաստում է անհրաժեշտ՝ իրենց իրավասությունների շրջանակները հասկանալու համար, այլապես նրանք դառնում են իրավիճակը սրելու գործիք: Նրանցից բոլորովին հետ չեն մնում ռուս փորձագետները: 1in.am-ին հարցազրույցում ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը առանց այլևայլության ստանձնում է Բաքվի խոսափողի դերը ու անում հայտարարություններ, որ նույնիսկ Ադրբեջանի քաղաքական, դիվանագիտական ու փորձագիտական շրջանակներից չեն հնչել: Նա «Նովայա գազետայում» հայտարարել է՝ «Բաքուն հաղթում է առաջին ռաունդում»:

Ֆելգենգաուերը պնդում է. «Նրանք չէին պլանավորել մեծ պատերազմ: Նրանք, ըստ էության, կանգնեցրին հարձակումը մի քանի դիրքեր վերցնելուց հետո, իսկ հետո հետ մղեցին հայերի հակագրոհը: Այդ հարձակումն ավելի շատ կազմակերպվել էր ոչ թե այդ մի քանի դիրքերի կամ բարձունքների համար, այլ ներքաղաքական դրդապատճառներով, Ադրբեջանի ներսում քաղաքական արձագանքի համար, որպեսզի տնտեսական վիճակից աճող դժգոհությանը հակադրեն հայրենասիրական տրամադրություններ՝ «Ղարաբաղը մերն է», համախմբել ժողովրդին Ալիևի շուրջ: Այդ նպատակին հասնելու համար մեծ պատերազմ պետք չի: Բայց ռազմական գործողությունների ընթացքում ի հայտ եկավ ադրբեջանական զինուժի որակական առավելությունը: Նրանք ունեն հնարավորություններ, որոնք չունեն հայերը: Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերով այսօր ավելի ուժեղ է, քան նույնիսկ Ռուսաստանը, էլ չեմ խոսում Հայաստանի մասին՛՛: Եվ միանգամայն հանգիստ հայտարարում է, որ «Ադրբեջանի որակական առավելությունը Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության արդյունք է», փաստորեն Ռուսաստանը ոչ էլ զենք էլ վաճառել ու վաճառում, կապ չունի Ադրբեջանի սպառազինման հետ:

Ավելին՝ հաստատում է, որ «Հայկական կողմն ունի հրթիռներ՝ նույնպես հեռահար խոցման, նույնիսկ ավելի մեծ հեռավորությունների համար («Р 17»), բայց դրանք այնքան էլ ճշգրիտ չեն և օգտակար են միայն մակերեսային թիրախներ խոցելու համար: Հայկական ուժերը կարող են հարված հասցնել հակառակորդի տարածքի խորքերում միայն մակերեսային, բաց տարածքներում»: Ֆելգենգաուերը գտնում է, որ «հայկական կողմը պատրաստ չէր պատերազմի, այդ պատճառով էլ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացրեց գեներալներին, այդ թվում հետախուզության պետին: Հասկանալի է, որ դա խոստովանություն էր, որ Հայաստանը պատրաստ չէր: Չեմ ուզում ասել, որ ընդհանրապես պատրաստ չէր, բայց ըստ էության՝ պատրաստ չէր այսպիսի պատերազմի»՝ «մոռանալով», որ Հայաստանը պատերազմի մեջ չի մտել և Բաքվին դիմակայել է ԼՂՀ պաշտպանության բանակը, բայց դա ի՞նչ նշանակություն ունի, եթե նրա իդեա ֆիքսն է, որ «Ադրբեջանցիները դադարեցրին հարձակումը մեկ օր անց: Նրանք չէին փորձում ճեղքել հայկական կողմի պաշտպանությունը: Դա ի սկզբանե ծրագրված էր որպես փոքր ռազմական օպերացիա: Ըստ երևույթին, որևէ մեկը չէր ծրագրել ճեղքել պաշտպանությունը: Ադրբեջանը ինքը դադարեցրեց հարձակումը դեռ ամսի 2-ին: Նպատակները սահմանափակված էին՛՛: Ի՞նչ նպատակ ունի փաստերի բացահայտ աղավաղումը, նույնիսկ հաշվի չառնելով, որ քառօրյա պատերազմը դադարեցնողը ՌԴ նախագահն է եղել: Ինչու՞ են ռուսները իրենց արածի արժեքը ջուրը գցում, ի՞նչ է փոխվել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Հ.Գ. Հանուն արդարության հավելեմ, որ ոչ բոլոր ռուս փորձագետներն են ինքնամոռաց նետվում Իլհամ Ալիևի գիրկը, Ստանիսլավ Տարասովը, օրինակ, գտնում է, որ ՛՛Ռազմական այս սուր փուլի ավարտից հետո՝ ապրիլի 2-5-ը, սկսվել է կատաղի դիրքային և դիվանագիտական պատերազմ: Կողմերը շատ լուրջ հայտարարություններ են անում: Հակասական հայտարարությունները շատ են: Դա հիմնականում վերաբերում է Բաքվին. Նրանք փորձում են ցույց տալ սա որպես հաղթանակ: Բայց հաղթողը իրեն երբեք չի պահում այնպես, ինչպես իրեն պահում է Ադրբեջանը. նա հիմա խնդրում է միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին վերսկսել քաղաքական երկխոսությունը կարգավորման շուրջ՝ ձևացնելով, թե կարծես ոչ մի բան չի եղել: Բայց իրականում շատ բան է փոխվել, փոխվել է Հայաստանի դիրքորոշումը, այդ դիրքորոշման հետ մասամբ համաձայն է Մինսկի խումբը:

Խոսքը շփման գծում մոնիթորինգի համակարգի ներդրման և բախումները կանխելու մասին է, որից հետո կարելի է անցնել քաղաքական կարգավորման որևէ տարբերակի քննարկմանը: Շատ տարօրինակ է Բաքվի դիրքորոշումը: Պուտինի միջնորդության շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել հրադադարի շատ փխրուն ռեժիմը, բայց ադրբեջանցիները հիմա փորձում են վարկաբեկել 1994 թ. զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, որի տակ դրված են Բաքվի, Ստեփանակերտի և Երևանի ստորագրությունները: Ըստ էության, Ադրբեջանը փորձում է փլուզել Մինսկի խումբը: Եվ հասկանալի չէ, թե ինչպես նրանք իրենց կդրսևորեն հետագայում նույն Ռուսաստանի և Երևանի հանդեպ: Մոսկվան չգնաց այդ խաղին, նա հավատարիմ է Մինսկի խմբի ընդհանուր դիրքորոշմանը, և այն առաջարկները, որոնք արվել էին Ռուսաստանի կողմից և որոնք Ադրբեջանը ներկայացնում էր որպես «Լավրովի պլան», իրականում դրանք Մադրիդյան նորացված սկզբունքներն են: Այսօր իրադրությունը շատ բարդ է, այն ուղեկցվում է տեղեկատվական պատերազմով: Բաքվում սկսել են նյարդայնանալ, քանի որ Հայաստանի խորհրդարանը նախաձեռնել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագիծ: Ամեն դեպքում Երևանը բարձր նշաձող է սահմանել, որովհետև եթե անգամ չընդունվի ԼՂՀ-ն ճանաչելու մասին որոշումը, պետք է աշխատի Ստեփանակերտը որպես բանակցային գործընկեր ճանաչելու սցենարը»: Ստանիսլավ Տարասովը բնավ համաձայն չէ այն փորձագետների հետ, որ ասում են, թե ապրիլյան պատերազմը ցույց տվեց Ադրբեջանի ռազմական առավելությունը. «Իսկ որտե՞ղ է այդ առավելությունը: 7 շրջանները առաջվա պես հայկական կողմի հսկողության տակ են, այդպես չէ՞: Նրանք երկու բարձունք են վերցրել ու դրանից հետո խոսում են առավելության մասի՞ն: Սա աբսուրդի թատրոն է: Նախկինում նրանք ասում էին, թե իրենք ավելի ուժեղ են հայկական բանակից, իսկ այն, ինչ կա Ղարաբաղում, «հանցախմբեր» են: Հիմա մի երկու բարձունք են գրավել ու ասում են, թե կոտրել են հայերի ոգին, հաղթել են հայկական հզոր բանակին: Հարց է առաջանում. երեկ ասում էիք, որ դա բանակ չէ, իսկ այսօր հայտարարում եք, թե հաղթանակ եք տարել հզոր բանակի նկատմամբ»: «Փաստացի դրված է Ադրբեջան պետության գոյության հարցը: Նայեք քարտեզին. 7 շրջանները Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, Ղարաբաղն ապրում է ինքնուրույն կյանքով, Նախիջևանի անկլավը, սատանան գիտի, թե ուր է և ինչպես կարելի է այնտեղ հասնել: Սա պետություն չէ, հասկանո՞ւմ եք: Նրանք միայն հիմա են հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Եթե դուք հաղթել եք, ինչո՞ւ եք բոլորին խնդրում վերսկսել բանակցությունները»:
Ուրեմն՝ ի՞նչ նպատակ ունի Ռուսաստանը, մեխին ու նալին խփելով՝ ինչի՞ է ուզում մղել կոնֆլիկտի կողմերին՝ ակտիվ ու «անշահախնդիր» փաստերն աղավաղելով ու իրավիճակին հավելյալ սրություն հաղորդելով՝ փորձագետների ու դիվանագետների մասնակցությամբ: Հայաստանի ԱԳՆ-ն չունի՞ անելիք:

Դիտվել է՝ 3143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ