Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Ռուսաստանը բարենպաստ հնարավորություն է տեսնում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում

Ռուսաստանը բարենպաստ հնարավորություն է տեսնում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում
20.04.2016 | 11:17

Եվրոպայի ամենադժվար լուծելի կոնֆլիկտներից մեկի պատերազմի եզրին հավասարակշռություն որոնելու համապատկերում Ռուսաստանն անցել է դիվանագիտական գրոհի՝ The Financial Times-ում գրում է Ջեկ Ֆարչին: Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում այս ամիս հարյուրից ավելի մարդ է զոհվել և խաղաղության միջազգային գործընթացը, որ արդեն 20 տարեկան է, ճգնաժամ է դարձել:

«Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արագ գործի անցավ՝ միջնորդ դառնալով Մոսկվայի բանակցություններում, որ ավարտվեցին հրադադարով, և տարածաշրջան ուղարկելով իր ամենաբարձրաստիճան օգնականներին: Վերլուծաբանների ու դիվանագետների գնահատականով՝ Մոսկվայի միջնորդական գործողությունները կարող են թույլ տալ մեծացնել նրա առանց այդ էլ նշանակալից ազդեցությունը էներգակիրներով հարուստ տարածաշրջանում, որ կենտրոնական տեղ ունի Ռուսաստանից գազի մատակարարումների ԵՄ ծրագրերում: Ռազմավարական տեսակետից, երբ ԱՄՆ-ը բացահայտորեն լռեց, Պուտինը լրացրեց վակուումը, որը Բաքվում ու Երևանում տպավորություն է թողնում, թե իրենք մենակ են և Մոսկվան իրենց միակ տարբերակն է»՝ կարծում է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Իրոք, ԱՄՆ-ի դիվանագետները ոչ պաշտոնապես ընդունում են, որ Վաշինգտոնը մեծ ցանկություն չունի նոր դիվանագիտական նախաձեռնություններով հանդես գալու Լեռնային Ղարաբաղում Բարաք Օբամայի նախագահության վերջին ամիսներին: Արևմտյան մի դիվանագետ ափսոսանքով հայտնել է, որ խնդրել է Լեռնային Ղարաբաղում ճակատի գծի արբանակային լուսանկարներ, երբ սկսվել են մարտական գործողությունները, սակայն իրեն պատասխանել են, որ տարածաշրջանի բոլոր արբանյակներն ուղղորդված են Սիրիայի ու ՈՒկրաինայի վրա:


Կոնֆլիկտի բռնկումից հետո Ռուսաստանը ձգտում է ամրապնդել տնտեսական ու քաղաքական կապերը երկու երկրների հետ: Անցած շաբաթ Երևանում «Գազպրոմը» համաձայնեց երկարացնել Հայաստանին գազի մատակարարման պայմանագիրը և իջեցնել գինը: Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկում էր Ռուսաստանից Իրան երկաթուղին Ադրբեջանով անցկացնելու հնարավորությունը: Այնուհանդերձ, Ռուսաստանի ազդեցությունը լիովին կայունացնող չէ: Մոսկվան շարունակում է երկու կողմերին էլ զենք վաճառել՝ ինչպես այս շաբաթ հաստատեց փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Կոնֆլիկտի կարգավորման գործընթացի վրա աշխատող մարդիկ հաստատում են, որ կողմերից ոչ մեկը չի հավատում երկարատև խաղաղությանը միայն Մոսկվայի միջնորդությամբ:
Ջեկ ՖԱՐՉԻ, Financial Times


Հ.Գ. Ջեկ Ֆարչին, իհարկե, ավելի շատ չի գրել, քան գրել է: Ակնհայտորեն նրա տեղեկատվությունն ավելի շատ է և եզրակացություններն ավելի որոշակի պիտի լինեին, եթե ցանկանար ամբողջական գնահատական տալ: Կարող էր գրել, որ երբ Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկում էր Ռուսաստանից Իրան երկաթուղին Ադրբեջանով անցկացնելու հնարավորությունը, հերթական անգամ ՌԴ թեթև ձեռքով Հայաստանը մեկուսացնում էր՝ դուրս թողնելով տարածաշրջանային տնտեսական զարգացում ու կայունություն ապահովող ծրագրերից: Կարող էր գրել, որ հենց այս օրերին Կրեմլը վերջապես Թեհրանին փոխանցեց վաղուց-վաղուց խոստացած C-300-ները՝ ապահովելով Իրանի եթե ոչ ադրբեջանամետ, համենայն դեպս, բացահայտ իներտ վերաբերմունքը: Ստացվում է՝ ոչ միայն Ադրբեջանն էր հանգամանալից պատրաստվել Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիային, այլև դիվանագիտական ծավալուն աշխատանք էր կատարվել, որ Հայաստանը հայտնվի օղակում՝ Բաքուն չհայտարարված պատերազմ է սկսում, Թուրքիան հայտարարում է, որ Բաքվի կողքին է, Վրաստանը ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, Իրանը խորհրդավոր լռում է՝ չհաշված կողմերին զսպվածության կոչը: Եվ բոլորի հաշվարկը ադրբեջանցի զինվորի Ստեփանակերտ հասնելու վրա է, որից հետո կանեն և համապատասխան հայտարարությունները, և միջնորդական առաքելություններ կառաջարկեն, և խաղաղարարների տեղակայում: Հաշիվները խառնեց հայ զինվորը: Բոլորի բոլոր հաշիվները: Հետո արդեն իր խոսքն ասաց Եվրախորհրդարանը: Իսկ Մինսկի խո՞ւմբը: Նրանք դեգերում են մայրաքաղաքից մայրաքաղաք ու համարում են, որ զբաղվում են բանակցությունները վերսկսելու գործընթացով: Գուցե և այդպես է: ՈՒ երբ բոլորը նորից սպասում են, Լավրովը գալիս է Երևան:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ