«Այս կռվից մնաց այն, որ մենք վախը հաղթահարել ենք, իսկ թշնամին վախենում և փախչում էր: Տեսանք նաև, որ մեր մարտական ոգին և փորձն են ավելացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստեց Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը)` հավելելով, որ մեր զինվորները տիրապետում են զենքին, գիտեն դրա հնարավորությունները:
Ըստ Արցախի հերոսի` ադրբեջանական բանակում կան ԻՊ ներկայացուցիչներ, ինչի ապացույցն է այն, որ մեր զինվորներից շատերը դաժանաբար են սպանվել: «Մի քանի տասնյակ ԻՊ անդամներ կան նաև ադրբեջանական բանակում, ինչի մասին փաստեցին նաև նրանց գազանային գործողությունները Թալիշում և ոչ միայն այնտեղ: Մեր զինվորներից շատերն էլ դաժանաբար էին սպանվել: Դա նրանց ձեռագիրն է»,- փաստեց բանախոսը:
Անդրադառնալով «Սմերչ» զինատեսակի օգտագործմանը` Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց, որ կողմերի միջև պայմանավորվածություն է եղել, որ այն Ղարաբաղի դեմ չպետք է կիրառվի: «Թուրքիայի սուտը ժամանակին պարզ դարձավ, հիմա էլ միջազգային հանրությունը սկսում է հետզհետե բացահայտել Ադրբեջանի սուտը: «Սմերչը» և այլ զինատեսակներ, որոնք Ռուսաստանից գնել էր Ադրբեջանը, ըստ պայմանավորվածության, Ադրբեջանը խոստացել էր չկիրառել Ղարաբաղի դեմ: Հիմա թող ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն և Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչու այնպես ստացվեց, որ Ադրբեջանը օգտագործեց «Սմերչ»-ը»,- ասաց Տեր-Թադևոսյանը` միաժամանակ շեշտելով, որ Ադրբեջանին ձեռնտու չէ այս պատերազմը, նրան ստիպեցին իր հարևան և բարեկամ երկրները: «Ստիպեցին կռվել ոչ թե Ղարաբաղի, այլ Ռուսաստանի դեմ: ՈՒկրաինայի, Աֆղանստանի դեպքերն ուղված էին Ռուսաստանի դեմ, մենք նմանատիպ խաղի մեջ ենք ներքաշված: Ի՞նչ են ուզում այդ «խաղացողները», դժվար է հասկանալ, բայց այն, որ հիմա մեծ ու բազմակողմանի խաղ է գնում, դա փաստ է»,- ընդգծեց գեներալ-մայորը, ում կարծիքով ղարաբաղյան հակամարտությունը կարող էր շատ հեշտ լուծվել, բայց այսօր դժվար է ասել, թե խաղի կանոններն ինչ հունով կընթանան: «Լայնածավալ գործողությունները ձեռնտու չեն Ադրբեջանին, նա հիմա ուզում է լարված պահել թե՛ մեզ, թե՛ իր ժողովրդին: Պատերազմի դեպքում մենք կկորցնենք մեզ համար ամենաթանկը` մարդկային կյանքեր, իսկ Ադրբեջանն ուղղակի կոչնչանա»,- նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ