Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ` քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող մտահոգիչ իրավիճակը: Ինչպես հաղորդվում է Եվրոպական արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում` Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել անհապաղ կասեցնել բռնության սրումը, վերջ դնել քաղաքացիական անձանց թիրախավորմանը և պահպանել հրադադարի ռեժիմը: ԵՄ գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: Նա նշել է, որ հակամարտությունը պետք է համապարփակ և խաղաղ լուծում գտնի և ոչ թե ռազմական: Ֆեդերիկա Մոգերինին հիշեցրել է նաև, որ, ինչպես արդեն ընդգծել է Բաքու և Երևան կատարած այցերի ժամանակ, Եվրամիությունը ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին` կոչ անելով երկու կողմերին վերականգնել բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ: Այս առումով, ԵՄ գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն այնպիսի միջավայր ստեղծելու համար, որը կնպաստի բարեհաջող բանակցություններին, այդ թվում` խուսափել այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հետագայում կարող են բարդացնել արդեն իսկ բարդ իրավիճակը: Մոգերինին անձամ սերպ կապ կպահպանի Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: