Նախագահ Օբամայի և Սիրիայում նրա նախորդ սխալների վերաբերյալ հնչող մեղադրանքները, գուցե, հաճույք են պատճառում ոմանց, գուցե նաև վաստակած են, բայց դա շատ հեռու է քաղաքականությունից: Սիրիան աշխարհում ռազմական գործողությունների ամենաբարդ գոտին է, ԱՄՆ-ի և դաշնակիցների հաջորդ քայլերը պետք է լինեն շատ զգույշ և կշռադատված՝ գրում է The Washington Post-ում Դևիդ Իգնատիուսը: ԱՄՆ-ը պետք է շարունակի մեկ շաբաթ առաջ Մյունխենում սկսած պետքարտուղար Ջոն Քերիի խաղաղության գործընթացը: Այո, մինչև հաշտություն հեռու է, շատ հեռու, ցավոք, դա կախված է ռուսների «բարի կամքից»: Բայց շանս է տալիս սիրիացի ժողովրդի տառապանքները նվազեցնել ու փրկել մարդկանց կյանքը, և գործընթացը պետք է շարունակվի: Եթե դիվանագետները հաջողության չհասնեն, շատ ավելի վատ կլինի բոլորի համար:
Հրադադարը, որի մասին Քերին պայմանավորվել է թղթի վրա, պետք է սկսվեր ուրբաթ, բայց բռնությունը չի դադարի: Մասամբ այն պատճառով, որ ռուսները շարունակում են ռմբակոծել ապստամբների վերահսկած տարածքները, մասամբ այն պատճառով, որ ընդդիմությունը հստակ չի ասում, որ պատրաստ է նահանջել: Հաշվի առնելով ընդդիմության թուլությունը, հրադադարը չընդունելու ցանկությունը հնարավոր է հասկանալ, բաց դա ճիշտ չէ: Բռնությունը նվազեցնելու, քաղաքական բանակցությունների հնարավորություններ ստեղծելու ցանկացած շանս պետք է օգտագործել: Ալեպոյի շուրջ կոնֆլիկտի գոտին քաոս է՝ տարբեր զինյալ խմբերի և արտասահմանյան ուժերի բախման կետ: Սահմանափակ տարածքում են Ռուսաստանի ու Իրանի աջակցությունն ունեցող սիրիական կառավարական ուժերը, ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող քուրդ ապստամբները, թուրքական զորքերը, որ կրակում են ԱՄՆ-ի պաշտպանությունն ունեցող քրդերի վրա, ԿՀՎ-ի ու սաուդյան հետախուզության աջակցությունն ունեցող ապստամբ արաբները, «Ալ Քաիդայի» հետ կապված՝ «Ջեբհատ ան Նուսրայի» զինյալները և ԻՊ-ը, որ ուզում է սպանել բոլորին: ԱՄՆ-ը պետք է մեծացնի ռազմական ազդեցությունը, որ հավասարվի Ռուսաստանին: Դա գուցե սարերի հետևում չէ, եթե հաշվի առնենք, որ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն առաջարկում են Սիրիա ուղարկել իրենց հատուկ ջոկատայիններին՝ ԱՄՆ-ի ընդհանուր հրամանատարության տակ: Մանրամասները դեռ քննարկվում են, բայց ԱՄԷ-ն պատրաստ է սուննի զինյալներին ուսուցանել Սիրիայում՝ օգնելով ծածկել ամերիկյան ռազմավարության բացթողումը:
Սիրիական կոնֆլիկտը հասել է իր բարձրակետին: Ռուսաստանի կամ Թուրքիայի վրիպումը կարող է աղետալից դառնալ: ԱՄՆ-ի համար ուշ չէ ճիշտ քայլ անել՝ զգուշորեն սկսեն հավաքել նոր Սիրիայի քաղաքական ու ռազմական հիմնաքարերը:
Դևիդ ԻԳՆԱՏԻՈՒՍ, The Washington Post
Հ.Գ. Տարօրինակ չէ՞, որ Բաշար Ասադը հրաժարական չի տալիս այս պայմաններում, թեպետ աշխարհի կեսը պահանջում է, մյուս կեսը՝ արգելում: Կպահպանվի՞ հրադադար Սիրիայում, թերևս՝ ոչ: Թուրքիան չի կարող թույլ տալ, որ թուրք-սիրիական սահմանը վերահսկեն Սիրիայի կառավարական ուժերը, քրդերը կամ ռուսները: Եվ նույնիսկ խփում է ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող քրդերին: Իսկապես իրավիճակը Սիրիայում հասել է իր բարձրակետին և այդ կետում բոլորը մոռացել են բուն Սիրիային ու սիրիացիներին ու լուծում են իրենց խնդիրները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ