ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություն սկսելու հնարավորությունը՝ ասել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Սաուդյան Արաբիան օրերս պատրաստակամություն է հայտնել Սիրիա ուղարկել իր զորքերը ցամաքային գործողություններին մասնակցելու համար, պայմանով՝ որ այն կհամաձայնեցնի միջազգային կոալիցիայի հրամանատարության հետ՝ հայտարարել էր թագավորության պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասերին։ The Guardian-ը, հղում անելով թագավորության աղբյուրներին, հայտնել էր, որ Էր Ռիադը կարող է Սիրիա ուղարկել մի քանի հազար զինվորական` գործողությունը կարող է անցկացվել Թուրքիայի հետ համաձայնեցված: «Մեզ անհրաժեշտ է ավելի շատ իմանալ այդ առաջարկի մասին... Մենք քննարկում ենք սաուդացիների հետ` ինչպիսին են չափանիշները և որոնք են նրանց մտադրությունները»,- ասել է Քիրբին: Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը միշտ ողջունել է այլ երկրների ավելի ծանրակշիռ ներդրումն ԻՊ-ի դեմ պայքարում: