Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Սերժ Սարգսյան. «Անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ»

Սերժ Սարգսյան. «Անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ»
24.12.2015 | 11:41

«Մեր բացարձակ թվերը բարձր չեն, ուստի և մենք մեզ ներկա ցուցանիշներով բավարարված համարել չենք կարող: Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ, որը չի լինի խոցելի արտաքին բացասական ազդակներից»,- հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը գործարարների ամանորյա ընդունելության ժամանակ։ «2015 թվականի տնտեսական զարգացումների 11 ամսվա փաստացի ցուցանիշները հուշում են, որ ներդրված ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մեր երկրի տնտեսական միջավայրը հնարավորինս զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով էական ցնցումներից: Այսպես՝ 2015 թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2,9%՝ այն դեպքում, երբ տարվա սկզբին փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական տնտեսական աճի ցուցանիշ»,- նշել է նախագահը՝ կարևորելով նաև միջին ամսական աշխատավարձերի 8,5 տոկոս աճը գնաճի 4.1 տոկոսի պարագայում և հարաբերական կայունությունը արժութային շուկայում:
«Իհարկե, շատ երկրներ ուրախ կլինեին այսպիսի ցուցանիշներ արձանագրելով, սակայն մեր բացարձակ թվերը բարձր չեն, ուստի և մենք մեզ ներկա ցուցանիշներով բավարարված համարել չենք կարող: Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ, որը չի լինի խոցելի արտաքին բացասական ազդակներից: Միայն այդ կերպ մենք կգտնենք և կզբաղեցնենք մեր արժանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ»,- հավելել է Սերժ Սարգսյանը:
Նա մատնանշել է Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես» վարկանիշում Հայաստանի առաջխաղացումը 3 կետով, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Մարդկային ներուժի զարգացման» և Համաշխարհային տնտեսական համաժողովի «Համաշխարհային մրցունակություն» զեկույցներում, որպես բարեփոխումների ակտիվ քաղաքականության իրականացման արձանագրում:
«Իրականացվող տնտեսական քաղաքականության շրջանակներում, իմ կարծիքով, կարևորագույն աշխատանքը միտված է եղել արտահանման խրախուսմանը: Այս ուղղությամբ արդեն լավ հիմքեր ենք դրել, և դրա արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Գալիք տարվա ընթացքում պետք է հետևողականորեն շարունակենք մեր աշխատանքն այս ուղղությամբ»,- նշել է Սերժ Սարգսյանը ու հավելել. «Կառավարությունը, անշուշտ, մասնավոր ընկերությունների արդյունավետության ուղղակի պատասխանատուն չէ, սակայն կարող է և պարտավոր է նախադրյալներ ստեղծել դրա բարելավման համար: Այստեղ դեռ շատ անելիքներ ունենք և աշխատելու ենք մեծ ճշգրտությամբ: Հանքարդյունաբերություն, սննդի արտադրություն ամենալայն իմաստով՝ ներառյալ ողջ գյուղատնտեսությունը, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահական և կրթական ծրագրերի արտահանում՝ սա ոչ լրիվ ցանկն է բոլոր այն ոլորտների, որոնցով թե իշխանությունները, թե մեր գործարար հանրությունը ջանք ու եռանդ չպետք է խնայեն նոր գաղափարների ու նոր ծրագրերի իրականացման համար: Մենք նոր հնարավորություններ ենք ստեղծել առաջ գնալու համար և միասին պետք է առավելագույնս իրականացնենք այդ հնարավորությունները»:

Դիտվել է՝ 1277

Մեկնաբանություններ