ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի թիրախը Սարսանգի ջրամբարն էր

Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի թիրախը Սարսանգի ջրամբարն էր
06.03.2015 | 12:47

«Հետք»-ում հրապարակված «Ալիևի վարչախմբի նոպաները և դիվերսանտներին «հայրենադարձելու» հուսահատ փորձը», «Կրկին քարվաճառյան դիվերսանտների մասին. հետաքննական շարք», «Շրջադա՞րձ Քարվաճառի դիվերսանտների գործում», «Դիվերսանտի դիմագիծ. Հասան Հասանով-1», «Դիվերսանտի դիմագիծ. Հասան Հասանով-4» հոդվածաշարում (հեղինակ` «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի տնօրեն Ս. Սաֆարյան) ներկայացվել էին անհերքելի փաստեր այն մասին, որ 08.07.2014 թ. ԼՂՀ Շահումյանի շրջանի Ճումեն տեղանքում ձերբակալված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը և 11.07.2014 թ. ԼՂՀ ոստիկանության ու զինված ուժերի համատեղ ջանքերով Քարվաճառից դեպի Ադրբեջան փախուստի ճանապարհին սպանված Հասան Հասանովը «Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ են եղել, ովքեր տարբեր ժամանակներում են հավաքագրվել այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից: Նրանցով ձևավորվել է խումբ, որը շարունակաբար լրտեսական-հետախուզական գործունեություն է ծավալել Հայաստանում և Արցախում, երկար ժամանակ խուլ ու համր ձևանալով բնակվել ՀՀ և ԼՂՀ տարածքներում: Այժմ էլ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ու հետախուզության մարմինների որոշած ժամկետում ու օժանդակությամբ ներթափանցել է Արցախ, այս անգամ՝ ոչ միայն լրտեսական ու հետախուզական, այլ նաև դիվերսիոն գործունեություն ծավալելու առաջադրանքով»: Պարզվել է նաև, որ «ամենայն հավանականությամբ, նրանք Արցախ են ներթափանցել Հայաստանի սահմանային՝ Բագրատաշեն, Բավրա կամ Ագարակ անցակետերից մեկով, որտեղից էլ ավտոմեքենաներով հասել են մինչև Քարվաճառ ու Մեխակավան (Ջաբրայիլ)»: Այս ամենը հաստատվել է ԼՂՀ Ստեփանակերտի առաջին ատյանի դատարանում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամներ Շ. Գուլիևի ու Դ. Ասկերովի գործով դատավարության ընթացքում:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կազմակերպված հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները, վտանգելով իրենց կյանքը, ԼՂՀ տարածք էին ներխուժել ոչ թե իրենց հարազատների շիրիմներին այցելելու, «հարազատ վայրերում» խորոված ուտելու, գողություն անելու, հայ մարդկանց դաժանաբար սպանելու, այլ Ադրբեջանի համար հույժ անհրաժեշտ մեծ դիվերսիոն գործողություն իրականացնելու նպատակով, այն էլ խիստ աննկատ:
Հենց այդ մեծ դիվերսիոն գործողությունը հաջողությամբ իրականացնելու, հակառակորդի թիկունքում աննկատ մնալու-չբացահայտվելու փորձառության ձեռքբերման նպատակով են ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները նախկինում բազմիցս ներթափանցել ՀՀ ու ԼՂՀ տարածքներ և երկարաժամկետ բնակվել այդ տարածքներում` խուլ ու համր ձևանալով: Այս ամենը նաև ԼՂՀ տարածքում մեծ դիվերսիոն գործողության իրականացման նախապատրաստման նպատակ է հետապնդել` ինչ-ինչ թաքստոցներում կուտակել մեծ քանակի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, կապի միջոցներ, անհրաժեշտ հագուստ և այլն:
Այդ դիվերսիոն գործողությունը ահռելի մարդկային ու նյութական կորուստ պետք է պատճառեր ԼՂՀ-ին ու նրա պաշտպանական ողջ համակարգին, խուճապ առաջացներ ԼՂՀ բնակչության շրջանում, մեծ հարված հասցնելով նաև ԼՂՀ միջազգային բարձր վարկին:
Ո՞րն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի իրական թիրախը, ո՞ւր էին նրանք շտապում: Այս հարցերին պատասխանելու համար նախ պետք է բացահայտել վերջին տարիներին Ադրբեջանի կողմից միջազգային կառույցներում ՀՀ և ԼՂՀ դեմ շրջանառության մեջ դրված առավել վտանգավոր նախագծերը, որոնցում շոշափվում են ԼՂՀ տարածքում առկա ռազմավարական մեծ նշանակությամբ կառույցներին առնչվող հարցեր: Այսպես,
. 2013 թ. սկզբից սկսած Ադրբեջանը ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրել ԼՂՀ Սարսանգի ջրամբարին առնչվող, հայկական կողմի համար խիստ վտանգավոր մի շարք նախագծեր:
12.05.2014 թ. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատգամավորական պատվիրակությունը շրջանառության մեջ է դրել Սարսանգի ջրամբարին վերաբերող ևս մի վտանգավոր նախագիծ` «Ադրբեջանի մերձռազմաճակատային շրջանների քաղաքացիական բնակչությանը ջրից միտումնավոր զրկելու մասին»: Այդ և դրան նախորդող նախագծերի հիման վրա նշանակվել է զեկուցող` ԵԽԽՎ-ում Բոսնիայի ու Հերցեգովինայի պատվիրակության անդամ Միլիցա Մարկովիչը, ով ԵԽԽՎ պատգամավորական պատվիրակության կազմում 2014 թ. դեկտեմբերի 14-20-ին այցելել է Ադրբեջան, հարցը տեղում ուսումնասիրելու նպատակով: Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը նրանց հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի արդյունքում Սարսանգի ջրամբարը ագրեսորների ձեռքում վերածվել է հումանիտար, բնապահպանական և տեխնածին աղետների աղբյուրի»:
Մ. Մարկովիչի զեկույցը կլսվի ԵԽԽՎ 2015 թ. գարնանային նստաշրջանի ընթացքում:
Ադրբեջանական պատգամավորական պատվիրակության կողմից ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված, Սարսանգի ջրամբարին վերաբերող նախագծերում հայտարարվում է.
. Հայաստանի կողմից Սարսանգի ջրամբարի ու հէկի օկուպացման 20-ից ավելի տարիներին, ֆինանսների և մասնագետների բացակայության պատճառով, չի իրականացվում կառույցների և սարքավորումների տեխնիկական սպասարկում, ինչի արդյունքում դրանք հայտնվել են ծայրահեղ անմխիթար, քայքայված, վթարային վիճակում։
. Ներկայումս ծայրահեղ մեծ է Սարսանգի ջրամբարի և հէկի ամբարտակի ավերման, փլուզման հավանականությունը առկա անսարքությունների, տարերային աղետների, հայերի կողմից հնարավոր միտումնավոր դիվերսիաների արդյունքում, ինչը ներկայումս Ադրբեջանի համար իրական սպառնալիք է դարձել։
. Հայաստանի կողմից ուժի նման չարաշահումը պետք է դիտարկել որպես անմարդկային պահվածք։
. Սարսանգի ջրամբարը Ադրբեջանին է պատկանում, քանի որ այն օկուպացված տարածքներում է գտնվում: ՈՒստի, Ադրբեջանին պետք է փոխանցել Սարսանգի ջրամբարի ու հէկի տեխնիկական շինությունների և համակարգերի վերահսկողությունն ու կառավարումը։
. Սարսանգի ջրամբարը կլիմայական զենք, ջրային ռումբ է հայկական օկուպացիոն ուժերի ձեռքում։
. Հայերը, Ադրբեջանը դիտարկելով որպես թշնամական երկիր, կարող են դիվերսիոն գործողություն իրականացնել Սարսանգի ջրամբարում, միտումնավոր պայթեցնել այն, հանգեցնելով ադրբեջանական մերձռազմաճակատային Եվլախի, Գյորանբոյի, Տերտերի, Բարդայի, Աղդամի, Աղջաբեդի շրջաններում մեծ ավերումների ու 400000 ադրբեջանական քաղաքացիական բնակչության ոչնչացմանը, ովքեր ներկայումս նույնպես ապրում են Սարսանգի ջրամբարի փլուզման մշտական սպառնալիքի պայմաններում, դառնալով իրավիճակի պատանդներ։
. Սարսանգի ջրամբարով հայերը ջրային տեռորի են ենթարկում Ադրբեջանին։
. Սարսանգի ջրամբարի պրոբլեմը պետք է դիտարկել ընդամենը որպես Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ հայերի կողմից վաղուց ի վեր իրականացվող ցեղասպանության քաղաքականության մի բաղադրիչ մաս և այլն:
Սակայն
. Սարսանգի ջրամբարը տեղակայված է ԼՂՀ Մարտակերտի շրջանի միջնամասում: ՈՒստի ջրամբարի ու հէկի ամբարտակի հենապատերի բնածին կամ տեխնածին փլուզման դեպքում դուրս հորդացող ջրային ահռելի զանգվածի առաջին հարվածը` մարդկային և նյութական մեծ կորուստները, ԼՂՀ-ն է կրելու: Ջրի զանգվածն ու նրա կործանարար ուժը ճանապարհին գնալով արագ կնվազեն և ադրբեջանական 6 շրջաններում գետափնյա որոշ տարածքներ ընդամենը ժամանակավոր ջրասույզ կլինեն: Այդ շրջաններում ավերումների և մարդկային զոհերի հնարավորությունը շատ չնչին կլինի:
Այսինքն, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության պնդումները Սարսանգի ջրամբարի ու հէկի ամբարտակի բնածին կան տեխնածին փլուզման դեպքում «ադրբեջանական 6 շրջաններում մեծ ավերումների ու 400000 ադրբեջանական քաղաքացիական բնակչության ոչնչացման» մասին կեղծիք են կամ մասնագիտական տկարության հետևանք:
Տարօրինակ է, որ առայսօր ԵԽԽՎ որևէ պատգամավոր, առնվազն, ԵԽԽՎ-ում ՀՀ պատգամավորական խմբի որևէ անդամ չի բարձրաձայնել այս փաստը:
Այժմ պարզենք, թե Սարսանգի ջրամբարի ու հէկի ամբարտակի հենապատերի բնածին կամ տեխնածին փլուզումն ինչ կտա Ադրբեջանին: Նախ`
. դրանով ԼՂՀ-ն կզրկվի սեփական ջրային ռեսուրսների կուտակման, էժան էլեկտրաէներգիայի ստացման, հողերի մելիորացիայի, գյուղատնտեսության ու հարակից արտադրությունների զարգացման հնարավորությունից, ինչը կհանգեցնի ԼՂՀ տնտեսության ու պաշտպանունակության կտրուկ նվազմանը։
. Թարթառ գետի ջրերն անարգել, ողջ տարին կհոսեն դեպի ադրբեջանական հարթավայրային 6 շրջաններ, ապահովելով դրանց բնակչության ջրամատակարարման ու գյուղատնտեսական հողերի մելիորացիոն համակարգերի անխափան աշխատանքը։
. Ադրբեջանը միջազգային կառույցներում կհայտարարի, կաղաղակի, թե ճիշտ էին իր մտահոգությունները Սարսանգի ջրամբարի ու հէկի ամբարտակի վատթար, քայքայված վիճակի և դրանց բնածին կամ տեխնածին փլուզման մեծ հնարավորության հարցում։
. Ադրբեջանն անմիջապես պատրաստակամություն կհայտնի սեփական միջոցներով վերականգնել-վերակառուցել ավերված Սարսանգի ջրամբարն ու հէկը, պայմանով, որ դրանց միանձնյա վերահսկողությունն ու կառավարումն անցնեն իրեն: Հիշենք, որ Ադրբեջանն այդ պահանջը ներկայումս նույնպես դնում է:
. Ադրբեջանը միջազգային կառույցներում կպահանջի պատասխանատվության ենթարկել հայկական կողմին ու կհասնի դրան, քանի որ կունենա «ակնառու ապացույցներ», դրանով լուրջ քայլ անելով դեպի ԼՂՀ-ի բռնակցումն իրեն և այլն:
Ինչպես տեսնում ենք, Սարսանգի ջրամբարի ու հէկի ամբարտակի պատվարի բնածին կամ տեխնածին փլուզումը Ադրբեջանի համար, գոնե իր կարծիքով, ԼՂՀ հարցում ամբողջական ու վերջնական հաղթանակի հասնելու լավագույն ուղի է: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանն այդ ուղղությամբ գնալով մեծացնում է ճնշումները ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլև փորձում է տարբեր միջազգային կառույցներում այն դարձնել լուրջ քննարկման նյութ:
Հայկական կողմը, դատելով ԵԽԽՎ-ում հարցի քննարկման ընթացքից, որևէ լուրջ քայլ, նախաձեռնություն, հայտարարություն չի անում:
Սակայն ադրբեջանական կողմն ի սկզբանե քաջ գիտակցել և գիտակցում է, որ Սարսանգի ջրամբարի ու հէկի ամբարտակի հենապատերը չեն փլուզվելու ո՛չ բնածին և ո՛չ էլ տեխնածին ճանապարհով, եթե, իհարկե, ինքը չմիջամտի: Ադրբեջանին այլ բան չէր մնում, եթե ոչ սեփական ուժերով միջոցներ ձեռնարկել, իրականացնելով դիվերսիոն գործողություններ, պայթեցնել Սարսանգի ջրամբարն ու հէկի ամբարտակը, ավերել դրանք և հանցանքը բարդել հայկական կողմի ուսերին: Ադրբեջանի համար սա հարցի լուծման միակ ճանապարհն էր, ինչն էլ վերջին տարիներին նա ջանասիրաբար փորձում է իրականացնել, սակայն ապարդյուն:
Պատահական չէ, որ հետախուզական-դիվերսիոն խմբի անդամներն արդեն հասել էին ԼՂՀ Շահումյանի շրջանի Ճումեն տեղանք, Սարսանգի ջրամբարից ընդամենը 20 կմ հեռավորության վրա: Նրանց շատ քիչ էր մնում հասնելու համար իրենց նպատակին և թաքստոցներում կուտակած միջոցներով պայթեցնել-ավերելու Սարսանգի ջրամբարն ու հէկի ամբարտակը, դրանով շատ ծանր հարված հասցնելով ԼՂՀ տնտեսությանն ու պաշտպանունակությանը և հայկական կողմի դեմ հզոր հաղթաթուղթ պարգևել Ադրբեջանին:
Ահա թե ուր էին շտապում ադրբեջանական հերթական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները` դեպի Սարսանգի ջրամբար և հէկի ամբարտակ` պայթեցնելու և ավերելու դրանք:
ԼՂՀ համար կարևորագույն ռազմավարական նշանակությամբ այս կառույցների ավերումը Ադրբեջանի ռազմավարական կարևորագույն նպատակ է դարձել: ՈՒստի, վնասազերծված դիվերսիոն խումբը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու:
Ներկայումս Ադրբեջանի ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ Շ. Գուլիևն ու Դ. Ասկերովը ժամանակի ընթացքում, հայկական կողմից ինչ-ինչ հավաստիացումների դեպքում, ի վերջո խոսելու են, բացահայտելով ԼՂՀ տարածք իրենց ներթափանցման իրական նպատակները, ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրենց տրված հրահանգները: Հենց դրա համար էլ Ադրբեջանը, ինչ գնով էլ լինի, փորձում է և փորձելու է նրանց օր առաջ հետ ստանալ:
Պատահական չէ, որ ցմահ ազատազրկված դիվերսանտ Դ. Ասկերովը ՌԴ քաղաքացի է, ինչը փաստարկելով, ՌԴ-ն, հանձին ՌԴ արտգործնախարարի, փորձում է, ճնշում գործադրելով հայկական կողմի վրա, հասնել իր դիվերսանտ քաղաքացու հետհանձնմանը:
Պատահական չէ նաև Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վ. Նուլանդի 18.02.2015 թ. հայտարարությունը Երևանում, առաջարկելով Ադրբեջանին հանձնել դիվերսանտներին, այդ թվում` ՌԴ քաղաքացի Դ. Ասկերովին. «Սոսկալի հանցանքը, որ տեղի էր ունեցել, այո, դա հանցանք է, բայց կոչ ենք անում պատկան մարմիններին կատարել այդ հումանիտար ժեստը»:
ՀՀ-ն այս հարցում որևէ զիջման չպետք է գնա: Ադրբեջանական հետախույզ-դիվերսանտներ Շ. Գուլիևն ու Դ. Ասկերովը պետք է մնան ԼՂՀ բանտում մինչև վերջ: Նրանք տիրապետում են կարևորագույն տեղեկատվության և, շատ չանցած, երբ հասկանան, որ Ադրբեջանի ղեկավարությանը չի հաջողվում և չի հաջողվելու իրենց հետ վերադարձնել, անպայման կխոսեն:

Մանե ՀԱԿՈԲՅԱՆ-ԱԿԼՈՒՆՑ
Ֆիզ. մաթ. գիտ. թեկն., դոցենտ

Դիտվել է՝ 3102

Մեկնաբանություններ