Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Խարբերդ

Խարբերդ
28.11.2014 | 09:44

Հիշատակվում է անվան մի շարք տարբերակներով, իսկ թուրքերը կոչել են Մամուրեթ-ուլ-Ազիզ, Էլյազըգ։ Գտնվում է Արածանիի ստորին հոսանքի ձախ կողմում, գետափից 13-14 կմ հեռավորություն ունեցող սարավանդի վրա, Մալաթիայից մոտ 70 կմ հյուսիս արևելք։
Հնում Խարբերդը մտնում էր Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Անձիտ կամ Հանձիթ գավառի մեջ։ Նոր ժամանակներում համանուն նահանգի և գավառի կենտրոնն է։
Քաղաքը XIX դ. սկզբին ունեցել է մոտ 3000 տուն հայ և թուրք բնակիչ, 1830-1850-ական թթ. նրա բնակչության թիվը հասնում էր մոտ 25 հազարի, որից հայեր` 15400։ XX դարի սկզբին Խարբերդի բնակչության քանակը մոտ 12200 էր, որից հայեր` 6080, իսկ թուրքեր և ուրիշ ազգություններին պատկանողներ՝ 6120 մարդ։ Նախորդ ժամանակների համեմատությամբ հայերի թվի նվազումը բացատրվում է 1895-1896 թթ. համիդյան ջարդերով և քաղաքի բնակիչներից շատերի՝ ԱՄՆ կատարած գաղթով։ 1895 թ. թուրքերը կողոպտել ու ավերել են Խարբերդի հայկական թաղերը, քանդել այստեղի երկու եկեղեցիները, ուսումնարանները, կոտորել ավելի քան 700 մարդու, բռնությամբ մահմեդականացրել ավելի քան 1000 հայերի (200 տուն):
Խարբերդի հայերի գաղթը դեպի Կովկաս մասնակիորեն սկսվել էր տակավին XIX դ. 50-ական թվականներին։ Սակայն զանգվածային արտագաղթն ու բռնի տեղահանությունը տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1915 թ. Մեծ եղեռնի օրերին։ Այստեղ տարագրությունը սկսվել էր 1915 թ. հունիսի 26-ից։ Այդ նույն թվականի վերջերին, մեծ տեղահանությունից հետո, քաղաքում մնացել էր միայն 2000 հայ բնակիչ։
Խարբերդի հայ բնակչությունը զբաղվում էր արհեստներով, առևտրով և, մասամբ, երկրագործությամբ ու այգեգործությամբ։ 1881 թ. Գրիգոր և Սարգիս Քյուրքճյան եղբայրներն այստեղ հիմնել էին մետաքսի գործարան, որը 1894 -1896 թթ. քարուքանդ էր արվել թուրքական իշխանությունների ձեռքով։ Մետաքսյա գործվածքների հետ միասին քաղաքի ձեռնարկություններն արտադրում էին նաև բամբակյա գործվածքներ, կարմիր կտավ։ Քաղաքի կտավագործական երկու ձեռնարկությունների արտադրանքի զգալի մասն արտահանվում էր Կարին (Էրզրում), Կարահիսար, Դիարբեքիր, Մալաթիա, Բալու և այլ քաղաքներ։ Ավելի զարգացած էր գորգագործությունը։ Խարբերդի գորգագործական ձեռնարկությունների թիվը հասնում էր 8-ի։ Դրանց հիմնադիրը ոմն Պենյանն էր։ Քաղաքի ձեռնարկություններում արտադրված հայկական գորգերը վաճառվում էին զանազան երկրներում և մեծ համբավ ունեին։ Դրանք արտահանվում էին նույնիսկ ԱՄՆ։ 1908 թ. Նյու Յորքում բացվել էր Խարբերդի գորգերի հատուկ խանութ, որտեղ դրանք վաճառվում էին մեծ հաջողությամբ։
Քաղաքի ձեռնարկությունների ու արհեստանոցների կարիքները հոգալու և տնային գործածության զանազան շինվածքներ արտադրելու համար 1880 թ. սկզբին Բարիկյան եղբայրներն այստեղ հիմնել էին մեքենաշինական գործարան, որն արտադրում էր ջրհան պոմպեր, գյուղատնտեսական ու արհեստավորական զանազան գործիքներ և տնային գործածության իրեր։
Խարբերդում հավասարապես զարգացած էր և՛ ներքին, և՛ արտաքին առևտուրը։ Նրա ընդարձակ շուկահրապարակում և դրա տասնյակ խանութներում ու կրպակներում վաճառվում էին գործվածքներ, գորգեր, գյուղատնտեսական արտադրանքներ, արհեստավորական զանազան շինվածքներ, անասուններ, մրգեր, բամբակ ու հում մետաքս և այլ ապրանքներ։ Խարբերդից արտահանվում էին ափիոն, մետաքս, ոչխարի մորթի, նուշ, մեղրամոմ, բամբակ, գինի, գորգեր, մետաքսյա ու բամբակյա գործվածքներ և այլ ապրանքներ։ Քաղաքի վաճառականությունը Եվրոպայից ներմուծում էր զանազան մեքենաներ և գործարանային այլ ապրանքներ։ Խարբերդի ներերկրյա և արտաքին առևտրական կապերն աշխույժ բնույթ ունեին մանավանդ XIX դարի վերջին քառորդից մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ընկած տասնամյակներում։ Դրան նպաստում էին Խարբերդ-Դիարբեքիր, Խարբերդ–Մալաթիա, Խարբերդ-Կապան-Մադեն, Խարբերդ-Չմշկածագ սայլուղիների բարեկարգումն ու խճապատումը։ Մոտավորապես հենց այդ ժամանակներից Խարբերդում, նրա հին բերդի ընդարձակ հրապարակում կազմակերպվում էին տոնավաճառներ։
Համեմատաբար բարեկարգ էին միայն հայկական թաղերը, որոնք էլ երկու անգամ (1895-1896 թթ. և 1915 թ.) ավերվել են թուրք ցեղասպանների կողմից։
XIX դ. երկրորդ կեսին Խարբերդում կար տարբեր ժամանակներում կառուցված և տարբեր վիճակում գտնվող հայկական 6 եկեղեցի։ Եկեղեցիներին կից գործում էին թաղային հինգ կրթարաններ և Սմբատյան երկսեռ վարժարանը, որի աշակերտների թիվը 1872-1873-ին հասնում էր 410-ի (340 տղա և 70 աղջիկ)։ Քաղաքի միակ միջնակարգ դպրոցը «Եփրատ» անունով քոլեջն էր։ Գործում էին մի քանի գիշերօթիկներ, որբանոցներ, ժողովարաններ, առաջնորդարան։
Խարբերդն ունի 10000 տուն բնակիչ, որոնցից 800-ը՝ հայոց, 150-ը՝ ասորւոց և մնացեալք՝ թուրքաց են: Հայերը չորս ուրոյն թաղերու մէջ բնակութիւն հաստատած են, որոնք են Ս. Կարապետ, Ս. Յակոբ, Ս. Ստեփանոս և Շինամուտ: Բացի խաղախորդութենէ, թամբագործութենէ և նպարավաճառութենէ, միւս արհեստները, վաճառականութիւնը և երկրագործութիւնը հայերու ձեռքն են, բայց շահաւոր չլինելուն պատճառաւ թէ՛ քաղաքացիք և թէ՛ գիւղացիք ստիպուած կþերթան Ամերիկա: Քիւրքճեան Գրիգոր էֆէնտին ունի մետաքսի գործարան մը, յորում կը գործուին այլ և այլ տեսակ ծաղկեալ և պարզ կեղիներ ու կը վաճառուին շրջակայ քաղաքներու, Կ. Պոլսի և նոյնիսկ Ամերիկայի մէջ:
Հայոց չորս թաղերու կարգը կայ հինգերորդ մþալ, որ է Ասորւոց թաղը, բերդին հիւսիս արեւելակողմը: Ասորիք կը խօսին հայերէն, հայու պէս, յարաբերական գործառնութիւններն իրենց մէջ և հայերու հետ առհասարակ հայերէնով կը կատարեն, մայրենի լեզուն գիտցող գրեթէ չկայ: Թաղին առջեւէն անցնող ջրաւէտ ձորին մէջ կþաշխատի ասորի արհեստաւորն իր կնոջ և բոլոր ընտանեաց հետ միասին. տեղական կարմիր կտաւն և չիթն ասորւոց արտադրածն են, չիթն է տեսակ մը պասմայ ¥տպագրութիւն¤ թանձր կտաւի վրայ, զոր առաջ կը բերեն իրենց շինած կաղապարներով:
Հայոց և ասորւոց թաղէն զատ, թուրքերն ունին 35-40 թաղ:
Բողոքականք այժմ 100 տուն կը հաշուին և ունին երկու քարուկիր ժողովարան, իսկ կաթողիկէ հայք 50-60 տուն և ունին փոքրիկ եկեղեցի մը ու եպիսկոպոսարան:
Հայերը իրենց թաղերու մէջ ունին մէկ-մէկ եկեղեցի, որոնք են՝ Ս. Յակոբ, որ տարեկան 4000 դահեկան հասոյթ ունի ժողովրդենէ, Ս. Կարապետ՝ 5000 դահեկան հասոյթ ունի ժողովրդենէ և քանի մը կալուածներ, Ս. Ստեփանոս՝ 1500 դահեկան հասոյթ ժողովրդենէ և 450 դահեկան խանութէ մը, Ս. Նշան՝ հասոյթ 1000 դահեկան ժողովրդենէ, 600 դահեկան բաղնիքէ մը և նոյնչափ քանի մը խանութներէ:
Խարբերդ քաղաքի և գիւղերու մէջ կան 27 հայ վարժարաններ՝ 2554 երկսեռ աշակերտներով: Վերոյիշեալ աշակերտաց թուոյն վրայ աւելցնելով նաեւ որբանոցի աշակերտները և բողոքականաց ու լատինաց դպրոցները յաճախող հայ մանկանց թիւը միահամուռ կþունենանք 4106 մանչ և աղջիկ աշակերտներ:
Խարբերդու խաներն ու շուկան բաւական ճոխ են: 800-է աւելի քարաշէն ու փայտաշէն կրպակներ կան, 18-է աւելի փուռեր և կարգ մը ամրաշէն պանդոկներ: Եւրոպա ղրկուած գլխաւոր վաճառաց նիւթերն են՝ ափիոն, մետաքս, այծու և ոչխարի մորթ, մուշտակցու, նուշ և մէհլէպ, մեղրամոմ, Թուրքիոյ զանազան կողմերն ալ կը ղրկէ բամբակ և կտաւ, գինի, այծու և ոչխարի մորթ, մանիսա, խէժ, գարի և այլն: Կը ներմուծուին անգլիական, ֆրանսական, աւստրիական և ռուսական ապրանքներ՝ մետաքսեղէն, երկաթեղէն, գոհարեղէն, սուրճ, շաքար, թէյ, պղպեղ, պողպատ և ուրիշ մետաղներ, օճառ, քարիւղ, մանած և այլն:
Հին ժամանակներից ի վեր Խարբերդը եղել է կարևոր առևտրային կենտրոն, որտեղով հյուսիս ու հարավ են անցել քարավանները` իրենց հետ տանելով նաև տեղական արտադրանքը։
Խարբերդի առևտրային տները երկար տարիների պատմություն ունեին։ Կարելի է վստահաբար պնդել, որ քաղաքի արտահանման և ներմուծման բոլոր առևտրային գործառնությունները գտնվում էին հայ տարրի ձեռքում. կային նաև քչաթիվ ասորիներ ու թուրքեր, որոնք որոշ դիրք էին զբաղեցնում, ընդ որում` վերջիններս գործակցում էին հայկական առևտրային տների հետ։
Արտահանման հիմնական ապրանքներն էին` բամբակ, բուրդ, անմշակ ու մշակված կաշի, անասուններ, ափիոն, մեղրամոմ, խեժ, քաղցրահամ և դառը կորիզ, նուշ, ընկույզ, ցորեն, գարի, խոզակ, մետաքս, մետաքսյա կտորեղեն, գինի, օղի, յուղ, գորգ, կարպետ, ծիրանի ու բալի չիր և այլն։
Ներմուծման հիմնական ապրանքներն էին` օճառ, շաքար, սուրճ, աղ, նավթ, երկաթե ու պղնձե իրեր, շինանյութ, խոհանոցային առարկաներ, բամբակե ու բրդե կտորեղեն, տնային ու դպրոցական իրեր, ձիթապտուղ, նարինջ և այլ ցիտրուսներ, զարդեղեն։
Արտահանման ու ներմուծման գլխավոր առևտրային կենտրոններն էին Հալեպը, Կ. Պոլիսը, Դիարբեքիրը, Այնթապը, Սեբաստիան, Սամսոնը, Թոքատը, Ադանան, Արաբկիրը, Բալուն, Մալաթիան։ Խարբերդցի վաճառականներն ուղղակի կապեր ունեին Կովկասի, Պարսկաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի հետ։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
Հարություն Գազանճյան։ Իր եղբայրներ Պետրոսի ու Հովհաննեսի հետ զբաղվել է բամբակի, ափիոնի, բրդի և այլ ապրանքների արտահանմամբ։ Առևտրային գործառնություններ էր իրականացնում ավելի քան 40 քաղաքների հետ։
«Շաղալյան առևտրային տուն»։ Հարություն և Ֆերման Շաղալյաններն զբաղվում էին կերպասե գործվածքների ու մանուֆակտուրայի ներմուծմամբ։
«Համբարձումյան առևտրային տուն»։ Հիմնադիրն էր Բաղդասար Համբարձումյանը։ Նրա որդիներ Հովհաննեսը, Կարապետը, Արտաշեսն ու Երվանդն ընդարձակել են բիզնեսը, առևտրային գործառնություններ էին իրականացնում Կ. Պոլսի, Հալեպի ու Սամսոնի հետ։ Արտահանում էին անմշակ հումք, ներմուծում մանուֆակտուրա։
«Թավրիզյան առևտրային տուն»։ Մարտիրոս Թավրիզյանը ներմուծում էր մանուֆակտուրա, նրա եղբայր Խաչատուրը` իր որդիներ Արմենակի և Արտաշեսի հետ, արտահանում էր շերամի խոզակ։
«Հակոբ Տարագճյան առևտրային տուն»։ Հալեպում ու Խարբերդում ծավալել էր կերպասեղենի լայն բիզնես։
«Ենովքյան առևտրային տուն»։ Տոնապետ ու Ենովք եղբայրները Հալեպում ու Խարբերդում զբաղվում էին մանուֆակտուրայի առևտրով։
Հարություն Թյուֆենկյան։ Թոքատի, Կ. Պոլսի ու Մանչեստրի հետ զբաղվում էր մանուֆակտուրայի մեծաքանակ առևտրով։
Հակոբ Հինթլյան։ Հալեպից ու Կ. Պոլսից ներմուծում էր մանուֆակտուրա։
Հայտնի էին նաև Մկրտիչ Ոսկիանյանը, Հարություն Ադանալյանը, Ասատուր Ֆերմանյանը, Եզնիկ Թուֆենկճյանը, Գևորգ Տարագճյանը, Գևորգ Թումանաճյանը, Թորոս և Գևորգ Տեմիրճյան եղբայրները, «Էքիզյան առևտրային տունը», Բրազիլյան եղբայրները, Մարտիրոս և Գրիգոր Խանիկյան եղբայրները, «Մկրտիչ Գարանյան առևտրային տունը», «Տեր-Բաղդասարյան առևտրային տունը», Հովհաննես Փիլիպոսյանը, Ավետիս Պարսամյանը, Մարությանը, Աղաջանյանը, Կյոլճիքյանը, Յաղուպյանը, Պերպերյանը, Վարդիկյանը, Ստեփան և Հովհաննես Տինճյան եղբայրները, Նազարեթ Թավրիզյանը, Սողիկյանը, Կարապողոսյանը, Տեքիճյանը, Զուլումյանը, Թաշճյանը, Սուքիաս Փաշիկյանը, Ատիշյանը, Մալճյանը, Մովսեսյանը, Գալուստյանը, Հարություն Աստուրյանը, Տրդատ Ճիկերճյանը։
XIX դ. վերջին-XX դ. սկզբին Խարբերդում կար ավելի քան 50 հայապատկան առևտրային տուն։
1915 թ. օգոստոսի դրությամբ Խարբերդից սպանվել, անհետացել, իսլամացվել և առևանգվել էր 45000 հայ:

Բարիկյանների մետաղաձուլական գործարան

Բարիկյան Աբրահամ (1839-1905), Բարիջան (մականունը` Տետ Ամու, 1841-1931, Լոս Անջելես), Մանուկ (1857-1915) եղբայրները ծնվել են Խարբերդից մեկուկես մղոն հեռավորության վրա գտնվող Հյուսեյնիկ գյուղաքաղաքում։ Զինագործ Աբրահամը և ոսկերիչ Բարիջանը 1865-ից զբաղվել են երկաթագործությամբ։

1870-ին Խարբերդի Սինամուտ թաղամասի ձորում ձեռնամուխ են եղել մետաղաձուլական գործարան հիմնելուն։ Խորունկ և ապառաժոտ ձորով հոսում էր Խուրայուտ առատաջուր գետակը, ու եղբայրները որոշել են ջրի հոսքն օգտագործել սարքերն աշխատեցնելու համար։ Նախ կառուցել են երեք ջրաղաց, ապա և` մետաղաձուլարան։

1880-ին Մանուկ Բարիկյանը մեկնել է ԱՄՆ` իրենց ձեռնարկի մեջ խորամուխ լինելու համար և ՈՒորչեսթր քաղաքում ծանոթացել ազգակից Տիգրան Թերզյանին (նույն ինքը` Դիկ Թեյլոր), որն աշխատել էր ամերիկյան մետաղաձուլարանում և ուներ անհրաժեշտ փորձառություն։ Մ. Բարիկյանը Տ. Թերզյանի հետ վերադարձել է Խարբերդ` բերելով նաև արդիական սարքավորումներ։ Բարիկյանների մետաղաձուլարանն անմիջապես ձեռք է բերել ակնհայտ հաջողություններ. նորագույն հալոցներում երկաթից, պղնձից, արույրից և այլ մետաղներից պատրաստվել են գյուղատնտեսական գործիքներ, որոնք լայն սպառում են ունեցել ոչ միայն Խարբերդի նահանգում, այլև Թուրքիայի այլ վայրերում։
Բարիկյանների մետաղաձուլարանը երեք անգամ փակվել է` զենք ու զինամթերք պատրաստելու կասկածանքով, բայց ամեն անգամ վերաբացվել է և գոյատևել մինչև 1923 թ., երբ Բարիջան Բարիկյանն արտագաղթել է ԱՄՆ։

Խոսրով Քյուրքճյանի մետաքսի գործարան

Ձեռնարկությունը 1881 թ. հիմնել էր Գրիգոր Քյուրքճյանը։ Նրա չորս որդիներից Խոսրովը (1860-1915), տեղի հայկական վարժարանն ավարտելուց հետո, 1883-ին մեկնել է Լիոն և մեկ տարի ուսումնասիրել մետաքսի ժամանակակից արտադրությունը։ Ապա վերադարձել է Խարբերդ` իր հետ բերելով նորագույն սարքավորումներ ու վերազինել գործարանը։

Խ. Քյուրքճյանի արտադրած հազվագյուտ գեղեցկությամբ, զարդանախշերով ու բնական գուներանգներով մետաքսե գործվածքները մեծ համբավ ունեին անգամ Կ. Պոլսում։
Խ. Քյուրքճյանը ցեղասպանության զոհ է:

Հրապարակման պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ