Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«ՈՒղղահայաց տնկված ցանկացած առարկայի վրա բացված անցքից եթե նայենք, երկնակամարն ու աստղերը կարող են երևալ»

«ՈՒղղահայաց տնկված ցանկացած առարկայի վրա բացված անցքից  եթե նայենք, երկնակամարն ու աստղերը կարող են երևալ»
18.11.2014 | 11:49

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ գտնվող «Զորաց քարեր» հնավայրում 2015-ի օգոստոսին կշարունակվեն ուսումնասիրությունները, որոնց, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի հնագիտական ջոկատը: Այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմ. գիտ. դոկտոր ԱՇՈՏ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ: Մեր խնդրանքով` հնագետը մանրամասներ հաղորդեց այս տարի աշնանն իրականացրած պեղումների արդյունքների մասին. «Այդ շրջանը շատ հետաքրքիր է հնագիտական առումով և եզակիներից մեկն է Հայաստանում: Այն ունի և կառուցապատված բնակավայր, և դամբարանադաշտ: Աշխատանքները հիմնականում իրականացրել ենք դամբարանադաշտի հատվածում, առավելապես այն քարերի մոտ, որոնք անցքեր ունեն։ Մի խումբ հետաքրքրվողներ երևակայորեն դրանք կապում են լուսատուների հետ»: «Զորաց քարերում» 10-15 օր տևած պեղումների շնորհիվ մաքրվել և բացվել է կենտրոնական դամբարանի քարաշար կրոմլեխը: Շրջանաձև այդ կառույցն ունի մոտ 18 մ տրամագիծ: Կենտրոնում գտնվում է դամբանախուցը: Այն կողմնորոշված է արևմուտքից արևելք: Արևմտյան կողմում, անմիջապես կրոմլեխից սկսվում է դամբանախցի մուտքը` դրոմոսը, որն ունի 7 մ երկարությամբ ստորգետնյա ճանապարհ և բացվում է մոտ 7 մ երկարությամբ և 3 մ լայնքով դամբարանախցի մեջ: Վերջինս շատ տարիներ առաջ արդեն թալանված էր և լի էր դամբանախուց նետված ծածկասալերով:
Ա. Փիլիպոսյանը նշեց, որ մաքրելուց հետո շատ հետաքրքիր պատկեր է ստացվել: Պարզվել է, որ միջնադարում` 11-13-րդ դդ., այդ տարածքը, որը մոտ 20 քառակուսի մետր մակերես ունի, օգտագործվել է որպես փոքրիկ ապաստարան մարդկանց համար: Խցում հայտնաբերվել են միջնադարյան ապակե ապարանջանների բեկորներ: Մաքրման աշխատանքների ընթացքում արդեն հողի խառը շերտի միջից դուրս են եկել երկու երկաթե նիզակներ, որոնք իրենց ձևով և պատրաստման եղանակով բնորոշ են երկաթի դարաշրջանի (Ք.ա.10-9-րդ դդ.) զինատեսակներին: Գտնվել են նաև երկաթե ապարանջան, նույն դարաշրջանին վերաբերող երկու արկղից ավելի խեցու բեկորներ և ամբողջական կավանոթ: «Այսինքն, մենք գործ ունենք դամբարանային կառույցի հետ, որի մաքրված շերտը երկաթեդարյան է»,- ընդգծեց հնագետը, նշելով, որ մյուս տարի պիտի իջնեն ավելի ցած, և հավանաբար, ինչ-որ հատվածում անխաթար մնացած շերտ կհայտնաբերվի, որը կարող է ժամանակային կամ թաղման ծեսին առնչվող ավելի լուրջ մանրամասներ տալ: Դամբարանից հայտնաբերվել են նաև տարբեր կենդանիների բազմաթիվ ոսկորներ և մարդկային կմախքի մնացորդների մեկ-երկու փոքր ոսկոր:
«Դամբարանի կրոմլեխի ամբողջ լիցքը մաքրվել և վերականգնվել է, դամբանախցի մեջ ընկած ծածկասալերը բարձրացվել և տեղադրվել են իրենց տեղերում,- հավելեց Աշոտ Փիլիպոսյանը:- Հանված ծածկասալերից մեկի վրա ևս անցք կա: Բնակատեղի մերձակայքում հայտնաբերվել են բազմաթիվ ավերված դամբարաններ, որոնցից մի քանիսի երկարությունն ուղղակի զարմանք է հարուցում: Դրանցից մեկի դամբանախցի երկարությունը մոտ 14-15 մետր է: Այս դամբարաններում ևս մեծ քանակությամբ ծածկասալեր են ընկած, որոնց մի մասն անցքեր ունի: Այսինքն, այդ անցքերը, առաջնային առումով, օգտագործվել են որպես միջոց ծանր քարերը տեղաշարժելու և տեղափոխելու համար:
Տեղանքի մանրազնին դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ դամբարանադաշտի եզրով, ամենայն հավանականությամբ, ռազմավարական նշանակությամբ պարիսպ կամ պատաշար է կառուցվել: Դրա հիմքերը լավ նկատվում են: Այդ պատաշարի մեջ տեղ-տեղ պահպանվել են ուղղահայաց դրված քարեր` անցքերով: Թե ինչ նպատակ է հետապնդում կառույցը կամ կառույցի այդ հատվածը, ցույց կտան առաջիկա ուսումնասիրությունները: Դատելով այսօր ունեցած տվյալներից, այն միանշանակ կառուցվել է Ք.ա. 10-9-րդ դարերից հետո: Այսպիսով խնդրո առարկա դամբարանը և նրա մերձակայքում գտնվող կառույցների համալիրը շուրջ 3000-3100 տարվա հնություն ունի, ոչ ավելի»:
Աշոտ Փիլիպոսյանը տեղեկացրեց նաև, որ 1931-ին նույն տարածքում պատահաբար բացվել է մեկ այլ դամբարան, որի նյութերը վերաբերում են Ք.ա. 18-17-րդ դարերին: Նրա խոսքով` եթե մենք ուզում ենք պարզել, թե ինչ ժամանակային սահմաններում է գոյություն ունեցել «Զորաց քարեր» հնավայրը` բնակատեղին և դամբարանադաշտը, ապա, ըստ վերջին տվյալների` այն հիմնվել է Ք.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին կամ առաջին քառորդում և շարունակվել մինչև միջնադար: Հետաքրքիր է, որ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանն այս տարածքն անվանում է «Երիվարաց դաշտ»:
Ըստ Պարիս Հերունու` Քարահունջը («Զորաց քարերը») 7500-ամյա հնագույն աստղադիտարան է: Հերունին, անշուշտ, հետևորդներ ունի: Ոմանք էլ, այդ թվում, աստղագետները, չեն հաստատում, բայց չեն էլ բացառում Հերունու վարկածը: Ի՞նչ լույս են սփռում աղմկահարույց վարկածի վրա վերջին ուսումնասիրությունները:
«Ձեր թվարկած հետաքրքրվողների հիմնական մասը չի տեսել մեր պեղումների արդյունքները, այսինքն` այն մեծածավալ նյութը, որի հիման վրա կոնկրետ հետևություններ են արվում, ուստի ամեն ինչ կարող է ենթադրել,- եղավ պատասխանը:- Ես համոզված եմ, որ ուղղահայաց տնկված ցանկացած առարկայի վրա բացված անցքից եթե նայենք, երկնակամարը և աստղերը կարող են երևալ: Դա դեռ բավարար պայման չէ աստղադիտարանի համար: Գուցե իրենք ինչ-որ հիմնավորումնե՞ր ունեն: Շատ կցանկանայի, որ դրանք լուրջ և կոնկրետ հիմնավորումներ լինեին, սակայն առայժմ այդպիսիք չեմ տեսնում: Ամեն դեպքում 2015-ին պեղումները կշարունակվեն: Կաշխատենք հուշարձանի ավելի մեծ մակերես բացել և, ըստ այդմ, հնարավորինս ավելի լուրջ մոտենալ խնդրի քննարկմանը: Այսօր այդ հարցին չեմ պատասխանի»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ