Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ջուրը՝ կյանքի առհավատչյա

Ջուրը՝ կյանքի առհավատչյա
18.10.2014 | 15:44

Հայտնի փաստ է այն, որ ցանկացած երկրի համար ջրային ռեսուրսները կարևորագույն ազգային բնական հարստություն են: Ներկայիս աշխարհում ջրի սակավությունը և անհավասարաչափ տեղաբաշխումը կարևորագույն խնդիր են գրեթե բոլոր երկրների համար: Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մեծ մասը, ցավոք, գտնվում է ոչ բավարար տեխնիկական վիճակում. բազմաթիվ տարածքներ դեռևս ապահովված չեն համապատասխան ենթակառուցվածքներով: Ջրամատակարարման ծառայությունների բարեփոխումները մեր երկրում դժվար լուծելի խնդիրներից են համարվում և զգում են պետական հատուկ հոգածության կարիք:

Չնայած Հայաստանն ավանդաբար համարվում է համեմատաբար ջրառատ երկիր՝ դասվելով աշխարհում քաղցրահամ ջրերի պաշարներով «միջին չափով ապահովված» պետությունների շարքին, սակայն այստեղ, ըստ որոշ տվյալների, համայնքային բնակավայրերի գրեթե 70 տոկոսը դեռևս զրկված է խմելու ջրի կենտրոնական մատակարարումից. մոտ 900 համայնքներից միայն 350-ն են օգտվում խողովակաշարով տուն հասնող խմելու ջրից: Եթե շատ գյուղական համայնքներ օգտվում են ջուր հավաքելու հնամենի մեթոդներից, ապա երևանցիները, կարծես, առավել բարվոք վիճակում են գտնվում այսօր՝ չնայած այստեղ ևս առկա են իրենց լուծմանը կարոտ բազմաթիվ օրհասական խնդիրներ:
Ներկայումս Հայաստանում ջրային պաշարները խնայելու լուրջ խնդիր գոյություն ունի: Եթե այսօր չխնայվեն խմելու ջրի պաշարները, ապա վաղը երկիրը կկանգնի լրջագույն խնդրի առաջ: Հայաստանի ջրային ռեսուրսների ոլորտում առավել սուր են ջրերի աղտոտման և բնակչությանը մաքուր ջրով ապահովելու խնդիրները: Չնայած վերջին տարիներին պետությունը որոշակի քայլեր է իրականացրել այդ խնդիրը լուծելու համար, սակայն դրանց արդյունքները ոչ մի կերպ գոհացուցիչ չես համարի: Հայաստանում ջրի տնտեսման և մաքրման խնդրի լուծումներից մեկը կարող է դառնալ ջրային ռեսուրսների կառավարման որակը բարձրացնելուն միտված պետական մակարդակով հատուկ ծրագրերի մշակումը։ Բավարար ուշադրություն չի դարձվում նաև ջրային պաշարների քանակական ու որակական մոնիթորինգին, մինչդեռ, նման մոնիթորինգները խիստ կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար. առանց դրա հնարավոր չէ վերահսկել ջրի որակը և բաշխումը հանրապետությունում:
Պայմանավորված վերջին տարիներին հանրապետությունում ստեղծված բարդ տնտեսական ծանր պայմաններով՝ առաջ են եկել ջրային պաշարների աղտոտման լուրջ վտանգ ներկայացնող նախադրյալներ: Չնայած ստորգետնյա ջրերի որակի մասին վերջին տվյալները սակավ են, այդուհանդերձ, կարելի է ենթադրել՝ ընդհանուր առմամբ ստորգետնյա ջրային աղբյուրների որակական հատկանիշը բավական բարձր է: Հայաստանի տարածքների մեծ մասում աղբյուրների ջուրը կարելի է օգտագործել որպես խմելու ջուր՝ առանց լրացուցիչ ֆիլտրացման: Սակայն որոշ աղբյուրներ, այնուամենայնիվ, շեղումներ ունեն քիմիական և կենսաբանական ստանդարտներից և չեն կարող օգտագործվել խմելու նպատակով: Աղբյուրների մոտավորապես 25%-ը ունի նիտրատների, նիտրիտների և ֆտորի բարձր բաղադրություն: Որպեսզի հնարավոր լինի կանխել հետագա աղտոտումը, ստորգետնյա աղբյուրների շրջակայքում պետք է ստեղծվեն սանիտարական գոտիներ:
Գիտականորեն ապացուցված է, որ ընդամենը մի քանի տասնամյակ հետո աշխարհը կհայտնվի քաղցրահամ ջրերի իսպառ վերացման սպառնալիքի տակ: Հեռու չեն այն ժամանակները, երբ խոհանոցի ծորակից հոսող հասարակ քաղցրահամ ջուրը ձեռք կբերի իսկական ոսկու արժեք, իսկ աշխարհում պատերազմներն էլ կմղվեն ոչ այնքան էներգակիրների, որքան այդ կենսական հեղուկի համար: Հայաստանի պետությունը պարզապես պարտավոր է մշակել երկարաժամկետ ռազմավարական ծրագիր, որը կոչված կլինի Հայաստանը վերածելու ապագա ջրային տերության, ինչը էապես կփոխի մեր երկրի կշիռն ու կարգավիճակը ողջ աշխարհում:

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 8677

Մեկնաբանություններ