Թուխմանուկի ոսկու (ոսկի-բազմամետաղային կազմավորման) հանքավայրի շահագործական աշխատանքները մեկ տարուց ավելի դադարեցված են։ Բանն այն է, որ այս հանքավայրը ևս, ինչպես մյուս բոլորը, շահագործվում է բարբարոսական ու թալանչիական եղանակներով. դրա ընդերքից հանքաքարերն արդյունահանվում են անընդհատ աճող քանակներով։ Երկու պոչամբարներ արդեն իսկ լցվել են հանքահարստացման պոչանքներով, հանքավայրի տեր ու տնօրենները երրորդ պոչամբարի տեղ են ընտրել Ապարանի շրջանի Մելիքգյուղի մոտակայքում, որն էլ, լցվելու պարագայում, սպառնալիք կարող է դառնալ գյուղի բնակչության համար։ Այդ պատճառով գյուղի բնակչությունն ընդդիմանում է պոչանքները տվյալ տարածքում կուտակելուն և թույլ չի տալիս հանքավայրը շահագործել։ Գյուղի բնակչությունը շատ լավ է հասկանում, թե ինչ է լինելու, եթե այդ երրորդ պոչամբարն էլ լցվի փշրված ու մանրացված միլիոնավոր տոննաների ապարներով և որևէ հորդառատ անձրևից հետո, որը բացառություն չէ այդ տարածքում, նոսրացած պոչանքները պատռեն պատվարը և հոսեն դեպի ցած։
Թուխմանուկի հանքավայրի 2004 թ. հաստատված պաշարները կազմել են. հանքաքարերինը՝ 1247,03 հազ. տ, ոսկունը՝ 7939,85 կգ, արծաթինը՝ 44,362 տ, կապարինը՝ 18876 տ, ցինկինը՝ 6045 տ, մկնդեղինը՝ 10 հազ. տ, սելենինը՝ 2,5 տ, տելուրինը՝ 4,74 տ, բիսմութինը՝ 12,47 տ։ Այս պաշարներն էլ հաշվի առնելով՝ հանքշահագործող «Մեգո գոլդ» ընկերությունը հանքավայրի ընդերքից տարեկան արդյունահանում և մշակում էր 300 հազ. տ հանքաքար։ Սակայն, հետագայում, լրացուցիչ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ հանքավայրի հանքաքարերի պաշարները 2004 թ. հաստատված պաշարներից մեծ են ավելի քան 17,5 անգամ և, այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ շահագործող ընկերությունը որոշեց հանքավայրի ընդերքից տարեկան արդյունահանել մեկ մլն տոննա հանքաքար։
Տարեկան մեկ մլն տ հանքաքար արդյունահանելու և հարստացնելու պարագայում պոչամբար կարող են թափվել ավելի քան 800 հազ. տ փշրված ու մանրացված ապարներ, որոնց մեջ էլ կարող են լինել պղնձի, կապարի, ցինկի, մկնդեղի մոտ 8000 տ հանքանյութեր և նույնքան էլ ծծմբի հրաքարի (պիրիտ) հանքանյութ, որոնց մեջ կլինեն սելեն, տելուր և այլ թունահարույց տարրեր` մոտ 2,5 տ քանակով։ Նշված քանակի ծանր մետաղներն ու թունահարույց տարրերը մեծ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի բնակչության համար։
Թուխմանուկի հանքավայրն առայժմ չի շահագործվում, բայց այդպես մնալ չի կարող։ Հանքշահագործող ընկերությունը ճարը կգտնի, և շահագործական աշխատանքներն էլ կվերականգնվեն։ Դրանով շահագրգռված է նաև ՀՀ կառավարությունը, պատճառաբանելով, որ ՀՀ բյուջե որոշակի գումարներ պետք է մտնեն։
Ավելի սարսափելի բան կարող է կատարվել, եթե ծրագրվածին համապատասխան, ինչպես հայտարարել է Ամուլսարի հանքավայրի ձեռնարկության գլխավոր տնօրեն պարոն Հ. Ալոյանը, Ամուլսարի հանքավայրի ընդերքից տարեկան արդյունահանվի և մշակվի 10 մլն տ հանքաքար։ Այդ պարագայում հանքավայրը կարող է շահագործվել 10,4 տարի (եթե ճիշտ է արտահայտվել պարոն Ալոյանը, և այդ հանքավայրի հանքաքարերի պաշարները կազմում են 122,4 մլն տ)։
Այստեղ առաջանում է մի շատ կարևոր հարց. ինչպե՞ս և ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը թույլատրում, որ մեր ժողովրդին պատկանող այդ հարստությունը շահագործվի նախադեպը չունեցող բարբարոսական ու թալանչիական եղանակներով և մի քանի տարում ոչնչացվի իսպառ։ Ի՞նչ ասել է 122,4 մլն տ հանքաքարերի և ավելի քան 70 հազ. կգ ոսկու պաշարներով հանքավայրը շահագործել 10,4 տարում՝ 150-200 տարվա փոխարեն։ Այս ի՞նչ ահավոր աղետ է, որ կախվել է մեր ժողովրդի գլխին։ Ո՞վ է այդ աղետի հեղինակը։ Այս ի՞նչ թշնամություն ու դավաճանություն է մեր ժողովրդի հանդեպ։ Կներե՞ն արդյոք մեր սերունդները մեզ։
Ինձ հայտնի է, որ 2010 թ. Ամուլսարի հանքավայրի պաշարները հաստատվել են ՀՀ էներգետիկայի նախարարության պաշարների գործակալության կողմից, և այդ պաշարները կազմել են. հանքաքարերինը (հաշվեկշռային և արտահաշվեկշռային)՝ 25496,2 հազ. տ, ոսկունը՝ 20014 կգ։ Արծաթի և այլ օգտակար տարրերի պաշարները չեն հաստատվել, չնայած այդ այլ կոչված տարրերից հայտնաբերված են ևս 24-ը։ Այժմ, պարոն Ալոյանի հայտնած տեղեկությամբ, ոսկու պաշարները կազմում են. մի դեպքում՝ 70873,8 կգ, մեկ այլ դեպքում՝ 94248 կգ (որն է ճիշտ և որը՝ սխալ, մեզ հայտնի չէ)։ Պ. Ալոյանի տվյալներով՝ առկա է նաև արծաթի 428,4 տ պաշար։
Եթե ճիշտ են պարոն Ալոյանի տվյալներն այն մասին, որ մակաբացման ապարների հարաբերությունը հանքաքարերին կազմում է 2,8։1, ապա մակաբացման ապարների քանակը պետք է կազմի 342,72 մլն տ։
Արդեն իսկ հայտնի է դարձել, որ Ամուլսարի հանքավայրի հանքաքարերից ազնիվ մետաղները պետք է կորզվեն կուտակային տարրալուծման եղանակով, և դա կատարվելու է Ամուլսարի արևմտյան կողմում, զառիթափ լանջին, Գնդեվազ գյուղին հատկացված հողատարածքում։ Դրա հետ կապված առաջանում է երկու հարց.
1. Որտե՞ղ են կուտակվելու ոսկու կորզումից հետո մնացած՝ փշրված ու մանրացված, ավելի քան 122 մլն տ կորզաթափոնները,
2. որտե՞ղ են կուտակվելու ավելի քան 342 մլն տ մակաբացման ապարները։
Հայտնի է նաև այն, որ Ամուլսարի հանքաքարերում, ոսկուց և արծաթից բացի, հայտնաբերված են մկնդեղ, բերիլիում, բիսմութ, կադմիում, կոբալտ, քրոմ, պղինձ, երկաթ, գալիում, նիկել, կապար, ծարիր, սկանդիում, ստրոնցիում, տիտան, ուրան, վանադիում, ցինկ, սնդիկ, սելեն, տելուր, գերմանիում, ինդիում և այլն, որոնց գումարային քանակը կազմում է ավելի քան 8 մլն տ։ Ազնիվ մետաղների կորզումից հետո այս բոլոր տարրերը՝ ծանր մետաղներն ու թունահարույց տարրերը, մնալու են կորզաթափոնների մեջ և վտանգի տակ են առնելու Վայոց ձորի բնակչության մի պատկառելի մասը հազարավոր տարիներ (եթե այդ տարիներին Արփա գետի շրջակայքում ապրող բնակչություն լինի)։
Ամուլսարի հանքավայրը շահագործվելու է բաց հանքի եղանակով։ Դրա ընդերքից տարեկան արդյունահանվելու է 10 մլն տ հանքաքար և, հետևապես, կատարվելու են զանգվածային պայթեցումներ, հանքավայրի տարածքով՝ Ամուլսարի գագաթային մասով, օրական շարժվելու են հարյուրավոր չվերթ ունեցող ծանրաքարշ ավտոմեքենաներ և տեղում աշխատող բարձիչ մեխանիզմներ, դրանց բոլորի շարժման հետևանքով մթնոլորտ են նետվելու տասնյակ տոննաների հասնող փոշիներ, որոնց մեջ էլ իրենց զգալի տեղն են ունենալու ապարների, ծանր մետաղների ու թունահարույց տարրերի նրբահատիկ փոշիները։ Վերջիններս օդի հոսանքի ուղղությամբ (որը չի կարգավորվելու «Գեոթիմ» կազմակերպության կողմից) կարող են տարածվել բոլոր ուղղություններով՝ հասնել մինչև Ջերմուկ կուրորտային քաղաք և Արփա գետի թունելով հոսող ջրերով մինչև Սևան՝ քաղցրահամ ջրի մեր հսկա շտեմարանը։
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով ամենամեծ վտանգը սպառնում է Գնդեվազ գյուղի բնակչությանը և, հետո, Ջերմուկ քաղաքի բնակչությանը։
Հիշում եմ. ԽՍՀՄ տարիներին Գնդեվազ գյուղը փառաբանված էր պանրով՝ ամենաորակյալ պանիրն արտադրվում էր Գնդեվազ գյուղում։ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով Գնդեվազում այլևս անասուն չի լինի։ Կարծում ենք՝ ոչ էլ Գնդեվազ գյուղը կլինի։ Գնդեվազի բնակչությունը տեղահան պետք է լինի, քանի որ իր տեղում գոյատևել չի կարող («Գեոթիմ» կազմակերպությունը բարձր գներով գնում է գյուղացիներին պատկանող հողերը։ Միրգ ու բանջարեղեն չի լինելու, խոտհարքներ ու արոտավայրեր չեն լինելու, հետևապես նաև անասուններ չեն կարող լինել)։
Գյուղի բնակչությունը մեծաթիվ չէ։ Այդ բնակչության մի մասը, հիմնականում տղամարդիկ, կաշխատի «Գեոթիմ»-ում, մյուս մասն աշխատանք և ապրուստի միջոց չունենալու պատճառով կարող է արտագաղթել այլ վայրեր, իսկ ի՞նչ կարող է լինել Ջերմուկ քաղաքի բնակչության հետ։ Մտածե՞լ է արդյոք այդ մասին ՀՀ կառավարությունը։ Սննդամթերքի ու ջրի հետ կուլ տալով և շնչուղիներով օրգանիզմ ընդունելով ծանր մետաղների ու թունահարույց տարրերի փոշիները, մարդիկ այդ քաղաքում առողջ մնալ ու երկար ապրել չեն կարող։ Ո՞Ւր գնալ, ի՞նչ անել, ինչպե՞ս ապրել մեր այս փոքրիկ հայրենիքում։ Հարցերը պատասխան են պահանջում։
Հրաչյա ԱՎԱԳՅԱՆ
Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր