Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ինչո՞ւ է թանկանում ջուրը Երևանում

Ինչո՞ւ է թանկանում ջուրը Երևանում
07.03.2014 | 12:04

Հարգելի խմբագրություն։
«Իրատես de facto»-ի արձագանքը («Երևանջուրը» «փոշմանել» է, 4-6.03.2014 թ.) մեր ընկերության կողմից մանրածախ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագնի վերանայման հայտարարության մասին միանգամայն հասկանալի է, սպասելի և ընդունելի: Անընդունելին այլ լրատվամիջոցներից «ծաղկաքաղի միջոցով» ստացված տեղեկատվության հիման վրա խնդրի վերլուծության փորձն է, որը, շիտակն ասենք, առանձնապես հաջող չի ստացվել: Եթե, օրինակ, լրագրողը դիմեր ընկերության հանրային կապերի ծառայություն, ապա առնվազն կիմանար, որ.
ա¤ սակագինը, պաշտոնական գնաճի պատճառով, պետք է ավելանար ոչ թե 8,8 տոկոսով, այլ` 8,8 դրամով: Սա բոլորովին էլ նույնը բանը չէ, և ոչ էլ գրեթե նույն բանը, ինչպես կարող է թվալ ոլորտին անտեղյակ անձանց:
բ¤ Պաշտոնական գնաճը Հայաստանում 2012 թ. կազմել է 2,6 տոկոս և ոչ թե 4,5 տոկոս, և սույն «փաստի» հիման վրա հեռուն գնացող դատողություններ չէր անի:
Ո՛չ, «Երևան Ջուրը» «չի փոշմանել»: Ինչպես անցյալ տարի ընկերությունը «պուպուշ» չի եղել, այնպես էլ այս տարի «բոբո» չէ: Պարզապես գոյություն ունի 2005 թ. դեկտեմբերի 14-ին ֆրանսիական «Վեոլիա» ընկերության և հանրապետության միջև կնքված 10-ամյա վարձակալության պայմանագիր, որով սահմանված է թե՛ սակագնի ձևավորման հստակ մեթոդաբանությունը, թե՛ դրա շարժի սցենարը` ըստ տարիների: Մենք ինչպես չենք նվազեցնում սակագինը, այնպես էլ չենք բարձրացնում: Ամեն ինչ վճռում են հետևյալ 4 գործոնները` էլեկտրաէներգիա, եվրո-դրամ փոխհարաբերություն, սղաճ և վաճառվող ջրի ծավալ: Ակնհայտ է, որ առաջին երեք գործոնները բացատրվում են հանրապետությունում ընդհանուր տնտեսական վիճակով և մեզ հետ կապ չունեն: Դրանց աճը մեխանիկորեն հանգեցնում է ծառայության սակագնի աճին, որը մենք կարող ենք հակակշռել միայն ջրի ծավալների վաճառքի ավելացմամբ:
Վերջին տարիներին սակագնի փոփոխությունը մոտավորապես այս հանգամանքներով էլ բացատրվում է: Մասնավորապես, սղաճը և էլեկտրաէներգիայի թանկացումը սակագինը մղել են վեր, իսկ մեր կողմից ջրի վաճառքի շարունակաբար ավելացումը, առաջին հերթին ապօրինությունների դեմ պայքարի շնորհիվ, զսպել է սակագնի աճը: Այս առումով «ռեկորդային» էր 2010 թվականը, երբ սակագինը հասավ 195 դրամի մեկ խորանարդ մետրի դիմաց, բայց հետագա 3 տարիներին հնարավոր եղավ սակագինը իջեցնել 25 դրամով` հասցնելով մինչև 170 դրամի:
Հարց է առաջանում` ինչի՞ շնորհիվ, և ինչո՞ւ այս տարվա հայտը սակագնի բարձրացում է նախատեսում: Բանն այն է, որ սակագինը մեզանում մշտապես է բարձրացել: Այն բարձրացել է անգամ վերը նշված 2011-2013 թթ., քանի որ պարզապես չէր կարող չբարձրանալ` էլեկտրաէներգիայի թանկացմամբ կամ գնաճով պայմանավորված: Իսկ չեզոքացնել վերջիններիս բացասական ազդեցությունը ջրի վաճառքի ծավալների համապատասխան ավելացմամբ, ներկայիս տնտեսական պայմաններում ուղղակի հնարավոր չէր: Օրինակ, 2013 թ. արդյունքներով մենք ջրի վաճառքի ծավալը կարողացանք ավելացնել 1,2 մլն խմ-ով, սակայն դա թույլ տվեց միայն 1,3 դրամով նվազեցնել հաշվարկը և 8,8 դրամի փոխարեն ներկայացնել 7,49 դրամի հայտ:
Այլ հարց է, որ սակագնի ձևավորման վրա լրջագույն կերպով ազդում է մեկ այլ հանգամանք: Ինչպես արդեն ասվեց, վարձակալության պայմանագրով սահմանված էր ոչ միայն սակագնի ճշգրտման մեթոդաբանությունը, այլև դրա շարժն ըստ տարիների: Խոսքը 2005-2006 թթ. գործող սակագնի` 172,8 դրամի մասին է, որը կոչվում է բազիսային և հիմք է հանդիսանում հետագա ճշգրտումների համար: Այսպես, պայմանագրով սահմանված տարիներին բազիսային սակագինը պարտադիր կերպով նախատեսված չափով նվազում է, այնուհետև արդեն իջեցված սակագնի հիման վրա, ձևավորում է նոր` ճշգրտված սակագինը` արդեն հաշվի առնելով էլեկտրաէներգիայի արժեքը, եվրո-դրամ փոխհարաբերությունը, սղաճը և վաճառվող ջրի ծավալը: Եվ եթե նշված գործոնների առումով տվյալ տարին քիչ թե շատ բարենպաստ է լինում, ապա հնարավոր է դառնում նաև բացարձակ արտահայտությամբ նվազեցնել գործող սակագինը, ինչը տեղի ունեցավ, օրինակ, 2013 թ.: Այնպես որ, լրագրողի` «ինչո՞ւ չվերցնի ու չբարձրացնի սակագինը, ումի՞ց է պակաս» արտահայտությունը որքան էլ գեղեցիկ է հնչում, նույնքան էլ հեռու է իրականությունից:
Եվս մեկ անգամ բազիսային սակագինը կնվազի 2015 թվականին: Տեսականորեն հնարավոր է, որ այն նորից հանգեցնի գործող սակագնի նվազեցմանը, քանզի կարող ենք վստահեցնել, որ ընկերությունը շարունակելու է աշխատանքը ջրի վաճառքի ծավալների ավելացման ուղղությամբ: Սակայն իրականում շատ բան կախված է լինելու մնացած 3 գործոններից:
Վերջապես, խնդրի սոցիալական կողմի մասին: Խոսքը 75-90 դրամի մասին է` ամսական` մեկ ընտանիքի հաշվարկով: Չենք կարծում, որ դա մեծ հարված է քաղաքացու գրպանին: Այլ հարց է, որ ներկա իրավիճակում մարդիկ ցավագին են ընկալում գնաճի մասին ամեն մի լուր, շատ դեպքերում առանց խորանալու հաշվարկների մեջ` էմոցիաների մակարդակով, ինչը նույնպես հասկանալի է: Իսկ ահա ընկերությունը, հակառակ պարագայում, ամսական կկորցնի մոտ 35 մլն դրամ, ինչը խիստ անհրաժեշտ է վարձակալության պայմանագրով նախատեսված ծրագրերի կատարման համար: Այս կապակցությամբ նշեմ, որ անցած 7 տարիներին մենք ներդրումային պարտավորությունների նվազագույն մակարդակը գերազանցել ենք մոտ 2,2 մլրդ դրամով: Արդյունքում` Երևանում ունենք շարունակաբար բարելավվող ջրամատակարարում, որը ոչ ոք չի կարող ժխտել:
Հասկանալի է, որ ընկերության կողմից վաղօրոք ներկայացված պարզաբանումների հիման վրա կառուցված ձեր հրապարակումը, անշուշտ, կլիներ ոչ այնքան սուր կամ «սուր» (ինչպես Ձեզ հաճելի է), որքան խնդրո առարկա հրապարակումն է, բայց անպայման` ավելի հիմնավորված և իրականությանը համապատասխանող` ի շահ թերթի, նրա ընթերցողների և ջրամատակարար կազմակերպության:


Համագործակցության ակնկալիքով`
«Երևան Ջուր» ՓԲԸ

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ