Ուզբեկստանում ձերբակալել են երկրի նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի մերձավոր շրջապատի մի քանի մարդու։ Բերման ենթարկվածների թվում է նաև Գայանե Ավագյանը։
Գայանեն նախկինում վաճառողուհի է աշխատել, այնուհետև Ուզբեկստանի նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի օգնականն էր և մասնակից է եղել շվեդա-ֆիննական «TeliaSonera» հեռահաղորդակցական ընկերության հետ կապված կոռուպցիոն սկանդալին։
Այդ ընկերությունը 300 միլիոն դոլար է վճարել Ուզբեկստանի բջջային կապի շուկա մտնելու համար։ Այդ գումարը փոխանցվել է փոքր մի ընկերության, որը գրանցված է Ջիբրալթարում Գայանե Ավագյանի անունով։ Վերջինս ոչ մի առնչություն չունի հեռահաղորդակցության ոլորտի հետ։
Կարիմովայի հետ մտերիմ կապեր ունեցող Գայանեն Տաշկենտում գործող բուտիկներից մեկում աշխատել է վաճառողուհի։ Խանութը պատկանել է Ուզբեկստանի նախագահի դստերը։ Գայանեն Գյուլնարային օգնել է նաև Մոսկվայում կայացած նորաձևության ցուցադրություններում և վերջինիս ամենավստահելի մարդկանցից է։