ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ոստիկանությունը բովանդակազուրկ կառույց է դարձել

Ոստիկանությունը բովանդակազուրկ կառույց է դարձել
20.12.2013 | 15:45

Այսօր ԱԺ շենքի դիմաց ընթացող բողոքի ցույցի ժամանակ կրկին բերման ենթարկվածներ կան: Ի՞նչ է անում, առհասարակ, ոստիկանությունը բերման ենթարկվածների հետ: Ըստ համապատասխան օրենքի` նրանց պետք է ազատ արձակեն երեք ժամ հետո: Ոստիկանությունը երբեմն կատարում է օրենքի այս պահանջը, ավելի հաճախ` խախտում` տարվածներին բաժիններում պահելով ավելի երկար: Անխտիր բոլոր բողոքի ակցիաների պարագայում: Չի եղել գրեթե մեկ ակցիա, որի ժամանակ առվազն հինգ հոգի ձերբակալված չլինի: Ցուցարարներն արդեն իմունիտետ ունեն բերման ենթարկվելու նկատմամբ: Նրանցից շատերն այդ պատեհությունն են ունեցել մի քանի անգամ, բայց էլի մասնակցում են բողոքի ցույցերին` առանց վախենալու, որ կրկին կտարվեն բաժին: Ուրեմն ի՞նչ է ուզում ոստիկանությունը, կամ, ավելի ճիշտ` իշխանությունը` մարդկանց անընդհատ բաժին տանելով: Նախկինում տպավորություն էր, թե իշխանության նպատակը վախի մթնոլորտ տարածելն է, և եթե սկզբում վախեցողներ կային, ապա այդ վախը վաղուց հաղթահարվել է: Իշխանությունը դրանում բազմիցս համոզվել է: Ուրեմն ավելի ճիշտ չէ՞ մարդկանց թողնել հանգիստ, խաղաղ` իրացնելու իրենց սահմանադրական իրավունքը, առավել ևս, որ որևէ ցույց ակտիվիստների կողմից բռնի գործողություններով չի ուղեկցվել: Ավելին` բռնի գործողություններ հրահրել է ոստիկանությունը` ակտիվիստներին մեքենաները լցնելու համար: Նույնիսկ Շանթ Հարությունյանի ակցիայի ժամանակ բախումը հրահրեց ոստիկանությունը: Լրագրող լինելով ինքս էլ բազմաթիվ անգամ ենթարկվել եմ ոստիկանների կոպիտ-գռեհիկ վերաբերմունքին: Նրանք իրականում ոչ խոսել գիտեն, ոչ էլ տիրապետում են վարքագծի կանոններին:

Բերման ենթարկելու մասին տեղին է հիշել սովետական տարիները, երբ այն ժամանակվա միլիցիայի վրա պլան էր դրված` այսքան հանցագործություն, այսքան բացահայտում, այսքան հաշվառված անչափահաս և այլն: Սովետը պլանի երկիր էր, ամեն ինչի վրա պլան կար, նույնպես և միլիցիայի աշխատանքի վրա: Օրինակ, անչափահաս եղբորս հաշվառել էին միայն նրա համար, որ վանդակավոր տաբատ էր հագնում ու վանդակավոր գլխարկ կրում: Դա 1986-87 թվականներին էր: Եղբորս միլիցիա էին կանչել: Գնացի նրա հետ` վանդակավոր վերարկուն հագիս (այն ժամանակ նորաձև էր), բաժնի պետի հայացքը վազում էր եղբոր տաբատի ու իմ վերարկուի վրայով: Ասացի` «Իրավունք չունեք արգելել հագնելու ինչ մենք ենք ուզում»: Ասաց` «Մեզ ասել են»: Շատ բան չի փոխվել այս տարիների ընթացքում: Փոխվել է միայն իրավապահների անունն ու համազգեստը: Հիմա նրանք միլիցիա չեն, այլ ոստիկան և սովետական համազգեստի ձևափոխված տարբերակն են կրում: Ստացվում է, որ բովանդակությունը վերաձևակերպելու փոխարեն ընդամենը փաթեթավորումն է փոխվել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ