ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նամակ՝ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

Նամակ՝ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին
08.12.2013 | 17:48

ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի պաշտպանները ս.թ. դեկտեմբերի 5-ին դիմել են Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին (նկարում):

Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը:

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՝ ՆԻԼՍ ՄՈՒԻԺՆԻԵԿՍԻՆ

05.12.2013թ. Ք. Երևան

Մեծարգո պարոն Մուիժնիեկսի
Ս.թ. ապրիլի 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի վարչական շենքի դիմաց անհայտ անձի կողմից հրազենից արձակած կրակոցով սպանվել է համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը:
Նույն օրը նշված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է նույն համայնքի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, ով ութ ամսից ավելի է, ինչ գտնվում է անազատության մեջ:
Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել են քննչական փորձարարություններ, բազմաթիվ առգրավումներ և բնակարանների խուզարկություններ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ա. Պետրոսյանի խափանման միջոցի ընտրման վերաբերյալ ս.թ. ապրիլի 2-ից մինչ օրս ընդունվել է թվով 6 որոշում, որոնցից յուրաքանչյուրով դատարանը բավարարել է նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու մասին:
Այդուհանդերձ, քրեական գործով չի հիմնավորվել Ա. Պետրոսյանի առնչությունը նշված դեպքին:
Ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ նախաքննությամբ ձեռք չի բերվել որևէ վերաբերելի ապացույց, որևէ փաստական տվյալ, Ա. Պետրոսյանի մեղավորությունը հիմնավորող որևէ հանգամանք՝ նրա կողմից նշված հանցագործությունը կատարելու վերաբերյալ:
Մեր խորին համոզմամբ, նշված գործընթացով խաթարվում է արդարադատության իրականացման բուն էությունը, որի հետևանքով ակնհայտ անմեղ անձը հայտնվել է անազատության մեջ:
Մեծարգո պարոն Մուիժնիեկսի
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս գործընթացով խախտվում է Արայիկ Պետրոսյանի ոչ միայն ՀՀ սահմանադրությամբ ու ՀՀ օրենսդրությամբ, այլև ՄԻԵԿ-ով ամրագրված օրինական իրավունքները:
Գտնում ենք, որ ՀՀ իրավապահ և դատական մարմինները կոպտորեն խախտում են ՄԻԵԿ 5-րդ հոդվածի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումների պահանջները:
Ակնկալում ենք Ձեր շոշափելի հետաքրքրվածությունն ու շահագրգրվածությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունների ուշադրությունը հրավիրելու այն հանգամանքի վրա, որ տևական ժամանակ է, ինչ ակնհայտ անմեղ անձը հայտնվել է անազատության մեջ՝ անհիմն կերպով մեղադրվելով առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ:
Հույս ենք հայտնում, որ կօգտագործեք Ձեր բարձր հեղինակությունը՝ Արայիկ Պետրոսյանի խաթարված իրավունքները վերականգնելու գործում:
Հորդորում ենք Ձեզ գործադրել Ձեր բոլոր օրինական ջանքերը ստեղծված իրավիճակում պարզություն մտցնելու և ակնհայտ անմեղ անձին կալանքից ազատ արձակելու հարցում:
Հնարավորինս սեղմ ժամկետում ակնկալում ենք Ձեր հրապարակային դիրքորոշմանը վերը նշված հարցի կապակցությամբ:
Կանխավ հայտնում ենք խորին շնորհակալություն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ,
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ՝

ՓԱՍՏԱԲԱՆ` Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆ` Ն. ՆՈՐԻԿՅԱՆ


Դիտվել է՝ 2769

Մեկնաբանություններ