Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Արտգործնախարարության աղբյուրները «պաշտոնապես» լռում են

Արտգործնախարարության աղբյուրները «պաշտոնապես» լռում են
30.07.2013 | 16:17

Ռուսական «զաչիստկան» իր դերում է կրկին: Հերթական «ռաունդն» է միգրանտների դեմ պայքարում: Օրերս համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում քաղաքացիականների մի խումբ Սանկտ-Պետերբուրգում նվաստացնում է միգրանտ մրգավաճառներին, նրանց ապրանքը ոտքի տակ տալիս: Երեկվանից ռուսական կայքերը հաղորդում են այն մասին, թե 300-ից ավելի «ծայրահեղականներ» են ձերբակալվել, ու այսօր արդեն ավելի որոշակիացվեց լուրը` առևտրային կետերի մաքրում է կատարվել: Խոսվում է կազմակերպված և էթնիկական հանցագործությունների մասին: Ասվում է, որ «օպերացիան» տևելու է ոչ թե երկու օր, այլ երկար ժամանակ: Հաղորդվում է նաև, որ Մոսկվայում արդեն փակվել են 30 շուկաներ, որտեղ միրգ-բանջարեղենի վաճառքով են զբաղված միգրանտները:Նման «ուշադրությունը» միգրանտների նկատմամբ նոր չէ, թեև ասվում է, որ այն սկսվել է Մոսկվայի շուկաներից մեկում ՆԳՆ սպային ծեծելուց հետո: Սա իրականում առիթ է այսպիսի մաքրումների համար: Իհարկե, ամեն երկիր ինքն է որոշում իր քաղաքականությունը` ինչի դեմ պայքարի ու հանուն ինչի: Բայց ռուսական ոստիկանությունը, քաղաքացիական խմբերի մասին էլ չխոսեմ, անմարդկային մեթոդներ է կիրառում միգրանտների նկատմամբ: Սա արդեն երկրի որդեգրած քաղաքականությունից դուրս չէ: ՌԴ իշխանությունները լավ էլ գիտեն, թե ոստիկանությունն ինչպես է վերաբերվում հենց իրենց քաղաքացիներին, էլ ուր մնաց` այն մարդկանց, ովքեր կամ գրանցում չունեն, կամ որոնց գրանցման ժամկետն ավարտվել է: Բացառված չէ, որ ռուսական ոստիկանության ճնշումներին ենթարկվողների մեջ լինեն նաև Հայաստանի քաղաքացիներ: Ու հայտնի չէ, թե Հայաստանի իշխանությունը ինչով է աջակցում նման մարդկանց: Արդյոք նրանք դիմո՞ւմ են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն, ու վերջինս ինչպես է օգնում հալածյալներին: Կամ նման ինֆորմացիայի դեպքում մեր արտգործնախարարությունը արդյոք փորձո՞ւմ է տեղեկանալ՝ նրանց մեջ Հայաստանի քաղաքացիներ կա՞ն, թե ոչ: Այս հարցով դիմեցինք արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին: Վերջինս ասաց, թե սովորաբար, ըստ օրենսդրության և միջազգային իրավունքի, ընդունող երկիրն է տեղեկացնում նման դեպքերի մասին: «Այսինքն, ստացվում է, մեր նախարարությունը սպասում է, թե Ռուսաստանի իշխանությունները երբ կտեղեկացնեն`այդ 300-ից ավելի ձերբակալվածների մեջ հայեր կա՞ն, թե ոչ»,- հարցրինք խոսնակին: «Ես այդպիսի բան չասացի, մենք մեր աղբյուրներն ունենք, այս պահին ազգությամբ հայի ձերբակալության մասին որևէ պաշտոնական տեղեկություն չունենք»,-ասվեց: Նկատենք, որ «մեր աղբյուրներ» և «պաշտոնական տեղեկություն» հասկացությունները միմյանց հետ կապ չունեցող եզրույթներ են: Եվ նաև ընդգծենք. չհասկացվեց` խոսնակը մեր հարցին պատասխանելիս հենվեց պաշտոնական տեղեկատվությա՞ն, թե՞ սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունների վրա: Արդեն երկու օր Ռուսաստանի գլխավոր երկու քաղաքներում մաքրումներ են ընթանում, իսկ մեր երկրի արտաքին գործերով զբաղվող գերատեսչությունն այդ մասին լռում է, մինչդեռ գուցե արժեր հայտարարություն անել թեկուզ այն մասին, որ մինչ հիմա Հայաստանի քաղաքացիների ձերբակալության մասին տվյալներ չկան:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ