ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Առաջ նայողը սխալվելու իրավունք չունի

Առաջ նայողը սխալվելու իրավունք չունի
23.04.2013 | 02:32

Անցյալն այն կատուն է, որ ոչ միայն որտեղից էլ շպրտես, թաթերի վրա է մնում, այլև, քսմսվելուց բացի, գիտի մռլտալ ու ճանկռել: Անցյալի հետ խնդիրներ ունեցողները սովորաբար խրվում-մնում են այնտեղ` հիշողությունների մեջ ապրելով ու ներկան տանուլ տալով: Թե՛ լավ, թե՛ վատ հիշողությունների: Թե՛ անհատները, թե՛ ժողովուրդները: Նրանց կատուն գերազանցապես մռլտում է ու ճանկռում: Անցյալը մոռացողներն ու իրենց համար անցյալ հնարողներն էլ պատմություն չեն ունենում, ու մոռացումը նրանց միակ ուղեկիցն է, իսկ մենակության մեջ նրանք նույնիսկ կատու չեն ունենում, որովհետև կատուները անկախ գիշատիչներ են ու գնում են` ուր ուզում են և ում հետ ուզում են: Իսկ ընդհանրապես, անցյալը կարող է և պարան լինել, որով, ինչպես հայտնի է, թե՛ կախվում են, թե՛ օգտագործում են իբրև ճոպան` ճակատագրի հարց է: Կամ` ընտրության: Սա` իբրև սկիզբ:
Անցյալի հետ հարաբերվելու ամենադժվար փորձությունը պարզ իմացությունն է, որովհետև ժամանակը որքան այսօր նորություններ է բերում, նույնքան ջնջում է երեկվա նորությունները. տարածքը սահմանափակ է, ամեն ինչ չի տեղավորվում: Ընտրությունը այստեղ էլ իր դերն ունի, և այս ընտրությունը խստիվ սուբյեկտիվ է ու անկառավարելի: Նույն իրադարձության 3 մասնակիցների հետ խոսեք այսօր, կլսեք 3 տարբեր պատմություն, խոսեք վաղը, կլսեք 3 տարբեր պատմություն այսօրվանից ու վաղվանից:
Անցյալի հետ հարաբերվելու ևս մի փորձություն է քաղաքականությունը, որ միշտ իր տեսանկյունն է բերում ու փոխում, փոխում է, փոխում է պատմությունից մարդ` ինչ հանդիպում է, և դա առավել ևս անխուսափելի է, ինչպես անձրևը, որ նույնքան մաքրում է հետքերը, որքան թողնում է ի՛ր հետքերը:
Անցյալի հետ հարաբերվելու վերջին փորձությունը նպատակն է, որ խիստ ընտրողաբար ընտրում է անցյալից որոշ դրվագներ ու նույնքան ընտրողաբար անտեսում որոշ դրվագներ ու նպատակային ընտրությամբ կառուցում է իր տրամաբանությունը, որն անցյալի հիման վրա ապացուցում է հենց այդ ներկայի անխուսափելիությունն ու հենց այդ ապագայի հիմնավորվածությունը: Սա` իբրև վերջ:

Օսմանյան կայսրության տարածք դարձած պատմական Հայաստանում բնիկ հայերին պարբերաբար կոտորել են սուլթաններն ու տեղական տերերը` հիմնականում սոցիալական խնդիրներ ունենալով իբրև նպատակ, որովհետև զենքով ավելի հեշտ է չունեցածն ունենալ, քան աշխատանքով: Պետական քաղաքականություն ազգային նպատակներով` հայերի կոտորածը ցեղասպանություն դարձավ 1915 թվականին` գերազանցելով նախորդ բոլոր կոտորածները մարդկանց ու տարածքների ընդգրկումով: Հայաստանում ու Հայաստանից դուրս 98 տարի այդ իրադարձությունները գնահատվել են, պատճառների ու հետևանքների շրջագծում, պատմաբանների, գրողների, քաղաքական գործիչների ձեռքով: Եվ բոլոր գնահատականներում իր վճռական խոսքն է ասել իմացություն-քաղաքականություն-նպատակ եռանկյունին: Անդրադառնալ բոլոր այդ գնահատականներին գրեթե անհնար է, որովհետև գետին ջրի մասին չեն պատմում: Եթե իմացության տեսակետից մենք Հայաստանի անկախացումից հետո ընդլայնում ենք մեր հնարավորությունները բարձրաձայնելու, քննարկելու, արխիվների ու նորանոր աղբյուրների ուսումնասիրության առումով, քաղաքականության ու նպատակի տեսակետից որոշակիություն չունենք: Տարբեր պատճառներով: Թեման իրոք վտանգավոր է ու պայթուցիկ` ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Այս դեպքում վաղեմություն հասկացությունը չի գործում` ոճիրը մնում է ոճիր: Մարդկանց հիշողությունը հարազատի, հայրենիքի, կենսագրության կորստի ցավի հետ պահպանել է անանվանելին, որ չի ասվում, չի գրվում, չի բացատրվում ու չի անցնում:

Եվ, այնուամենայնիվ, 98 տարի հետո էլ մենք պաշտոնապես չենք ձևակերպել մեր վերաբերմունքը, մեր գնահատականները մնում են գերազանցապես հուզական հարթության մեջ: Հուզական հարթությունն ամենամատչելին և ամենահասանելին է: Եթե քաղաքական հարթությունը քիչ թե շատ հասկանալի է` առանց նախապայմանների պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ ունենալ հարևանի հետ, իրավական հարթությունն անհասկանալի է մնում իր խառնիճաղանջով: Ի վերջո, ի՞նչ ենք մենք ուզում: Որ Թուրքիան ընդունի ցեղասպանությո՞ւնը: Ի՞նչ է դա նշանակում: Ի՞նչ բանաձև կամ բնորոշում ենք ուզում լսել Թուրքիայի նախագահից կամ վարչապետից: Մեզ կբավարարի՞ բարոյական հարթության մեջ հնչած` ընդունում ենք, մեղավոր ենք, հանգամանքներն էին մեղավոր և այլն, և այլն, եթե երբևէ Թուրքիան պատրաստ լինի այդ ասելուն: Այդ կետում սկսվելո՞ւ, թե՞ ավարտվելու է պահանջատիրության մեր պատմությունը: Հողայի՞ն է մեր պահանջը, նյութակա՞ն արժեքների փոխհատուցում ենք ուզում, պատմակա՞ն հուշարձանների պահպանության խնդիր ենք դնում: Մենք կարող ենք միջազգային ասպարեզում չբարձրաձայնել, բայց մեզ համար գոնե այս հարցերի պատասխանները պիտի՞ ունենանք: Առավել ևս, որ աշխարհը երբեք էլ խոսքերին չի հավատացել, ցանկացած խոսք հիմնավորում է պահանջում, իսկ դա երկարատև ու մանրակրկիտ աշխատանք է արխիվների, փաստաթղթերի, իրավաբանների, փաստաբանների ու դատարանների հետ: Եվս մի կարևոր հանգամանք, որ հաճախ ենք անտեսում` երեկվա իրադարձությունները ի՞նչ ընկալում ունեն այսօրվա աշխարհում: Ստատիկ մեկնակետի ու ընթացքի գնահատության մեր քաղաքականությունը հարափոփոխ աշխարհում չի կարող հաջողություն երաշխավորել:
Մեր քարոզչական քաղաքականությունը պիտի՞ ունենանք, թե՞ տարեկան ¥հիմնականում հայերեն¤ մի քանի գրքի հրապարակումով, ապրիլի 24-ին տասնամյակներ առաջ նկարահանված մի քանի ֆիլմերի ցուցադրությամբ այդ պատմությունն ավարտում ենք: Քարոզչությունն այսօր ամենահզոր զենքն է, որ պիտի աշխատի Հայաստանից դուրս` ոչ միայն օտարալեզու գրքեր, այլև գեղարվեստական բարձրարժեք ֆիլմեր, նպատակային հրապարակումներ համացանցում, հարցի ոչ միայն պատմական, այլև արդիական վերլուծություն: Ակնհայտ է, որ Թուրքիան այսօր իր արտաքին քաղաքականության մեջ այլ գերակայություններ ու այլ խնդիրներ ունի: «Հարևանների հետ 0 պրոբլեմներ» քաղաքականությանը վաղուց փոխարինել է տարածաշրջանում դոմինանտ դիրքերի հաստատման քաղաքականությունը: Ի վերջո, Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար տաբու ունեն անցյալի ու ներկայի հարթության մեջ` անցյալի դեպքում առերեսումը սեփական պատմության հետ, ներկայի դեպքում` առճակատումը Ադրբեջանի հետ, որին որդեգրել է իբրև պետություն: Հայաստանի հետ հարաբերություններում ունեցած դադարը Թուրքիային չի մտահոգում, որովհետև աշխարհաքաղաքական օրակարգում շատ ավելի հրատապ ու կենսական խնդիրներ ունի` սկսած հարևաններից մինչև դաշնակիցներ: Նշանակո՞ւմ է, որ մենք հանգստի ու դադարի իրավունք ունենք: Բոլորովին: Եվ ամենակարևորը այս դեպքում ¥արտաքին գործերի նորանշանակ նախարարը շատ լավ գիտի¤ միջազգային ասպարեզում աշխատանքը չէ, որ նորանոր երկրներ, երկրների նահանգներ ու խորհրդարաններ, միջազգային կառույցներ ընդունեն ու դատապարտեն 1915 թ. հայերի ցեղասպանությունը, այլ Հայաստանի հզորացումն է իբրև պետություն ու միջազգային ասպարեզում հեղինակություն, նրա դերի ու նշանակության բարձրացումը: Դիվանագիտությունն առավել պերճախոս է դառնում, երբ բանակցությունների սեղանին, համաձայնագրերի կողքին, «զենք» է դրված, ու դա վաղուց, շատ վաղուց է հնարված, բայց գործում է մինչև հիմա անվրեպ: Մեր զենքը մեր մրցունակությունը պիտի լինի ու մեր անշեղ ¥անշեղ` անկախ իշխանություն-ընդդիմություն, ներգաղթ-արտագաղթ, Հայաստան-սփյուռք փոխհարաբերություններից¤ առաջընթացը: Միֆ է, թե տեսանելի ապագայում Հայաստանը կարող է իր հզոր հարևանին հարցերի իր ցանկացած լուծումը պարտադրել ¥տարածքի, բնակչության թվի, տնտեսական հզորության ու հեռանկարների պարզ համեմատությամբ¤, բայց դա չի նշանակում, որ պատմությունն ավարտված է, երկկողմ հարաբերություններից բացի, բազմակողմ հարաբերություններ ու շահեր կան, ու որքան էլ արտառոց է, գերազանցապես պրագմատիկ ու ցինիկ ժամանակակից աշխարհում կան արժեքներ: Ոչ միայն պատմական ու մշակութային, այլև մարդկային ու անանց: Եվ արժեքների շեշտադրումով էլ 2013-ից պիտի քայլենք դեպի 2015 թվական` Ցեղասպանության 100-ամյակը դիտելով իբրև հանգրվան վերադարձի ու վերադարձնելու ընթացքի: Ավելին` այո, բայց ոչ պակաս: Անցյալի հետ հարաբերվելու մեր փորձությունը կարճ տարածության վազորդից երկար տարածության վազորդի ունակություններ ունենալու և դրսևորելու մեջ է, նպատակի ձևակերպման ու անցյալի ճանկռտող կատվին կորցնելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.- Եվ որպեսզի չթվա, որ ներկայի հրապարակներից, դահլիճներից ու ավագանի ընտրող Երևանից գերադասել եմ անցյալի չափումը, արձանագրեմ, որ ապրիլի 19-ին ավարտվեց «բարևի» հեղափոխությունը և սկսվեց «Նոր Հայաստան» շարժումը` Րաֆֆի Հովհաննիսյանն ազդարարեց պայքարի հերթական նոր հանգրվանը: Գուցե սկզբունքորեն սխալվում են բոլոր նրանք, ովքեր Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարից սպասում էին վճռական պայքար ու վճռական գործողություններ, վճռական ծրագիր ու վճռական արդյունքներ, որովհետև իրենք պատրաստ էին հաղթանակի, իսկ հաղթողը` ոչ: Բացահայտ է խնդիրների տարբերությունը. հասարակության այդ հատվածի խնդիրը երկարաժամկետ փոփոխությունների ապահովումն էր, Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրը կարճաժամկետ ծրագիր էր` ապացուցել, որ 2013-ի Հայաստանը 2008-ի Հայաստանը չէ, որ 2013-ի ընտրողն ու չընտրողը այն հայն է, որ այսուհետ պատրաստ է տևական պայքարի, ու իշխանությունն էլ այն իշխանությունն է, որ այլևս չի կրակում: Նրա կարճաժամկետ ծրագրի հաջողությունից է կախված բոլորիս ապագայի ընտրությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը փակեց քաղաքական կոշտ առճակատման, անհանդուրժողականության, յուրային-թշնամի բաժանման Ռոբերտ Քոչարյանի շրջանն ու հնարավորություն տվեց հաստատել նոր շրջան, որտեղ փոխվել են խաղի կանոնները: Սա մեկնարկ է այն քաղաքական ուժերի համար, որոնք անելու են հաջորդ քայլը, որովհետև ունեն ծրագիր, նպատակ ու հնարավորություն: Րաֆֆի Հովհաննիսյանի համար ժամանակը փետրվարի 19-ին կանգ է առել, բայց կյանքը շարունակվում է: Նա անընդհատ փորձում է համադրվել ու նույնանալ Հիսուս Քրիստոսի կերպարին, բայց, փաստորեն, Հովհաննես Մկրտիչն էր, որ կոչված էր ազդարարել Հիսուսի գալուստը: Այս կտրվածքով Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր քայլերը սկսում են ավելի հասկանալի դառնալ ու տրամաբանական, և հիմա սպասման ժամանակն է, երբ ասպարեզ պիտի գան այն ուժերը, որոնք խնդիր ունեն պայքարը վերջնագծին հասցնելու: Հիմա պայքարի շարունակման կռվանը, որքան էլ հակաքաղաքագիտական է, քաղաքական ուժերը չեն, մարդիկ են, որ ունեն չլուծված ու չլուծվող խնդիրներ, և այդ մարդկանց հանրությունը, որ հասարակության գերակշիռ մաս է դարձել: Քաղաքական ուժերը դեռ նոր իրավիճակի իմաստավորման ու խաղի նոր պայմանների` նոր հնարավորությունների, իմաստավորման անհրաժեշտություն ունեն, որովհետև նրանք կոչված են առաջնորդելու, իսկ առաջ նայողը սխալվելու իրավունք չունի:
Իսկ ներկայի հետ հարաբերվելու մեր ազգային առանձնահատկություննե՞րը: Չկա՛ն: Բոլորի հետ ու բոլորի նման ներկան մենք համարում ենք անկարևոր ու արագ անցնող: Իզուր: Ներկան մենք համարյա չենք զգում, որովհետև դժվար է ջրի մեջ չթրջվել անձրևից: Ժամանակի այս հատվածը մեզ համար պարզապես կյանք է` լավուվատ, ուրախուտխուր, տաքուպաղ, արագուդանդաղ: Եվ այս կյանքում էլ ամենակարևորը հարաբերությունների մեջ մնում են իմացությունը, քաղաքականությունն ու ընտրությունը: Միֆ է, որ մենք անկախ ենք մեր դատողություններում ու արարքներում: Եթե ոչ իմացությունից, քաղաքականությունից ու ընտրությունից` մենք կախված ենք այն կատվից, որ իբրև անցյալ ապրում է մեր մեջ:

Դիտվել է՝ 2724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ