«Մեր հաշվին Հայրիկյան են բուժելու։ Հայրիկյանը մեկ կրակոցով ոչ թե 2, այլ 5 նապաստակ խփեց»,- այսպես արձագանքեց կառավարության նիստին հետևող լրագրողական համայնքը գործադիրի որոշմանը` պահուստային ֆոնդից 20 մլն 500 հազար հատկացնել Պարույր Հայրիկյանի բուժումն արտասահմանում կազմակերպելու համար։ Այսինքն, կառավարությունը պարոն Հայրիկյանին փոխանցեց մոտ 50000 դոլար։ Մեր երկրի ծանր սոցիալական խնդրի ֆոնի վրա 20,5 մլն դրամ հատկացնելը պարոն Հայրիկյանին ձեռքի փափկամիսը բուժելու համար որքանո՞վ է մարդասիրական որոշում։ «Կարծում եմ, կայացված որոշումը մարդասիրական է»,- ի պատասխան մեր հարցի` ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Արդյո՞ք այդ գումարն ավելի նպատակահարմար չէր լինի ներդնել անապահով ընտանիքների, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը։ «Սոցիալական ծրագրերի համար պետությունը համապատասխան հատկացում է կատարում»,- նշեց նախարարը։ Իսկ «Որպես հարկատու արդյոք նախարարը գո՞հ է այս որոշումից» մեր հարցը մնաց անպատասխան։ Մինչ նախարարները հետնամուտքով հեռացան, լրագրողներից մի քանիսը կառավարության շենքում որոշեցին տեղում ի պաշտպանություն Պարույր Հայրիկյանի բուժման դրամահավաք կազմակերպել։ Իհարկե, գումար հավաքվեց, սակայն նախագահի թեկնածուին այն չհասավ, քանի որ դա ընդամենը կատակ էր կամ էլ լրագրողների մոտեցումը նշված որոշմանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հ. Գ.- Բուժվել Հայրիկյանը դեռևս չի հասցրել։ Կհասցնի։ Իսկ ժողովուրդն արդեն սրամտում է. զրուցում են 2 «կաֆելշչիկ». «Արա՛, էս Հայրիկյանը ոնց որ չինական կաֆել լինի. խփում-խփում ես, չի կպնում»։