ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՄՆ-ը ձգտում է Ադրբեջանը հեռու պահել Թուրքիայից

ԱՄՆ-ը ձգտում է Ադրբեջանը հեռու պահել Թուրքիայից
18.01.2013 | 00:37

Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են շատ բարդ պայմաններում, երբ Ադրբեջանը ոչ մի ուղղությամբ չի կարող հասնել անվտանգության խնդիրների լուծման: Ադրբեջանը, ինչպես Հարավային Կովկասի մյուս պետությունները, ներկա պայմաններում լիովին ինքնաբավ չէ պաշտպանության և անվտանգության ոլորտում: Նրա անվտանգությունն ապահովող արտաքին գործընկեր են Թուրքիան և ԱՄՆ-ը, ինչը վերջին տարիներին բավական հակասական վիճակի է հանգեցրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պատճառով: Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունն առաջ է բերել Ադրբեջանի նկատմամբ Իրանի և իսլամական շատ պետությունների անվստահությունը և արժանացել է նրանց քննադատական վերաբերմունքին: Հարաբերություններն ամենևին հարթ չեն Ռուսաստանի հետ, չնայած նախագահների «սիրազեղ» փոխայցելություններին: Ադրբեջանն ԱՄՆ-ին թույլ տվեց իր տարածքն օգտագործել Իրաքի ու Աֆղանստանի ռազմական գործողությունների ընթացքում: Բինայի միջազգային օդանավակայանում թռիչքները հաճախացել են. ադրբեջանական օդանավակայանում վառելիքի պաշար են համալրում մոտ տասը ռազմափոխադրական «Հերկուլեսներ», որոնք սպասարկում են ամերիկացիները: Ադրբեջանը «Իսլամական կոնֆերանսի» անդամ է, որը դատապարտել է Վաշինգտոնի հակաիրաքյան ռազմարշավը: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ կազմակերպությունը իսլամական գործարար շրջանակների կողմից Բաքվի բոյկոտի նախաձեռնողներից մեկն էր և ղարաբաղյան խնդրի առնչությամբ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության հայտարարություններն ամենևին էլ չեն նշանակում, թե այն իրոք պաշտպանում է Ադրբեջանին:
Կասպից ծովում Ադրբեջանի ունեցած խնդիրները նրա քաղաքական վերնախավի համար հրատապ ու գերակա են դարձել, ինչպես Լեռնային Ղարաբաղի հարցն է: Սահմանային լուրջ վեճեր կան Իրանի ու Թուրքմենստանի հետ: Դրանք, փաստորեն, արգելակում են միջտարածաշրջանային նշանակությամբ բավականին խոշոր որոշ էներգամատակարարման նախագծերի իրականացմանը: Թուրքմենստանը չի թաքցնում իր պատրաստակամությունը լուրջ առճակատման մեջ մտնելու Ադրբեջանի հետ և հայտարարել է Կասպից ծովում ռազմածովային բազայի ստեղծման մասին: Աշգաբադի այդ քայլը պայմանավորված է նրանով, որ անցած տարվա նոյեմբերին ձախողվեցին երկու երկրների բանակցությունները Կասպից ծովում սահմանի որոշման շուրջ, ինչը պետք է վճռորոշ նշանակություն ունենար նավթի ու գազի խոշոր հանքավայրերի բաժանման գործում: Թուրքմենստանն սպառնում է կոշտ միջոցներ ձեռնարկել ի պատասխան մի շարք հանքավայրերի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների, որոնց հավակնում է նաև Աշգաբադը:
Բրիտանացի և ամերիկացի վերլուծաբանները ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնութագրում են որպես անհետևողական, ինչը կապված է ոչ այնքան ռուս-ամերիկյան գործընկերության, որքան, շատ ավելի սկզբունքային չափով, դեպի Թուրքիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ նրա ռազմավարական կողմնորոշման հետ: Սակայն նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են ընթանում, քանի որ Անկարան իր քաղաքական շահերն է հետապնդում Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի հետ հարաբերություններում: Ռուս քաղգործիչներն ու վերլուծաբաններն սկսում են հասկանալ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, լավագույն դեպքում, կարող են լինել հարթ, գործընկերային և անգամ բարեկամական, բայց ոչ երբեք դաշնակցային: Ռուսական վերլուծական ընկերակցության գլխավոր նվաճումներից մեկն այն բանի ըմբռնումն է, որ Ռուսաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին: Վերջին ժամանակներս Մոսկվայում նույնիսկ չեն էլ ձևացնում, թե այդ «նվերը» հնարավոր է, ինչը կարևոր է Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման համար: Սակայն Մոսկվան պակաս շփոթված չէ, քան Բաքուն կամ Երևանը` կապված Հարավային Կովկասում զուգակշռության քաղաքականություն վարելու նրա մտադրության հետ:
Ադրբեջանի ներքաղաքական և արտքաղաքական իրավիճակը նրա կառավարող քաղաքական վերնախավից հրամայաբար պահանջում է իր նպատակներն ու անելիքները համաձայնեցնել ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ` այն երկու պետության, որոնք ի վիճակի են իրապես ներգործելու Ադրբեջանի ու նրա հասարակության վրա: «Նախիջևանի կլանն» ու Ի. Ալիևի ընտանիքը 2010 թ. աշնանը նախագահական ընտրություններին մոտեցան ներքին ճգնաժամի, որոշակի շփոթմունքի և քաղաքական, պետական ու ազգային վերահաս անկման պայմաններում: Ի. Ալիևի ընտանիքին քիչ են հուզում իր քաղաքական դրությանը չառնչվող խնդիրները, օրինակ, երկրի սոցիալական վիճակը: «Ընտանիքի» քաղաքականությունը միտված է բացառապես սեփական դիրքերի ամրապնդմանը: Այդ միանգամայն մասնավոր շահերին է շաղկապված Ադրբեջանի շահերի սակավարդյունավետ արտքաղաքական լոբբինգը, քանի որ երկրի շփումներն ու արտաքին դիրքորոշումները կազմավորող, փաստորեն, բոլոր կապերն օգտագործվում են «ընտանիքի» շահերի պաշտպանության համար: Օրինակ, ղարաբաղյան հարցում Ադրբեջանի շահերի լոբբինգն իրագործվում է որպես երրորդական կարգի խնդիր: Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստները Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն են, «Բրիթիշ փեթրոլեում» նավթային ընկերությունը, «Ամերիկյան հրեական կոմիտեն»: Սակայն այդ լուրջ գործընկերները հազվադեպ են զբաղվում ղարաբաղյան հարցով: Նրանք առավելապես զբաղված են Ի. Ալիևի ընտանիքի շահերի պաշտպանությամբ: Ամերիկա-բրիտանական ամբողջ վերլուծական ընկերակցությունում ղարաբաղյան խնդրի առնչությամբ Ադրբեջանի շահերով զբաղված են ընդամենը մի քանի փորձագետներ, որոնք մեծ ազդեցություն չունեն. նրանք են` Բրենդա Շիֆերը (Հարվարդի համալսարան), Ֆիոնա Հիլլը (Բրուքինգսի անվան ինստիտուտ), Արիել Քոենը («Ժառանգություն» հիմնադրամ), Գլեն Հովարդը (Ջ. Հոփքինսի անվան համալսարան), Սթիվեն Բլանկը (ՌԵՆԴ-Քորփորեյշն): ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նավթային ընկերությունների հետ սերտորեն կապված առավել ազդեցիկ վերլուծաբանները` Հենրի Քիսինջերը, Զբիգնև Բժեզինսկին, Ռոբերտ Իբելը (Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոն), Ջոն Սոնունուն, ինչպես նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական խնդիրներով զբաղվողները, փաստորեն, ցուցադրաբար «ձեռքները լվացել են» ղարաբաղյան խնդրից: Որոշ գնահատականներով, Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ղարաբաղյան հարցում իր շահերի լոբբինգի վրա տարեկան առնվազն 10 մլն դոլար է ծախսում` առավելապես ԱՄՆ-ում և եվրոպական կառույցներում, մինչդեռ տնտեսական շահերի լոբբինգի և Ի. Ալիևի «ընտանիքի» շահերի պաշտպանության վրա իշխանության գլուխ նրա գտնվելու ամբողջ ժամանակաընթացքում ծախսվել է 100 մլն դոլար:
Անհրաժեշտ է նաև նշել, որ միջազգային ասպարեզում Ի. Ալիևի «ընտանիքի» անվտանգության հիմնական երաշխավորն ու պաշտպանը ոչ թե Թուրքիան է, այլ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու «Բրիթիշ փեթրոլեում» ընկերությունը: Հենց Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակները (պահպանողական կուսակցությունն ու Մարգրետ Թետչերին մոտ կանգնած ուժերը) չեզոքացրին այն խիստ բացասական վարկանիշը, որ Հ. Ալիևի «ընտանիքի» վերաբերյալ ձևավորվել էր ԱՄՆ-ում (այդ թվում` Կոնգրեսում ու պետդեպում)` Բ. Քլինթոնի վարչակազմի կառավարման շրջանում: Սակայն Մեծ Բրիտանիան մտադրություն չունի ընդգծելու իր ներկայությունն Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում: Նրա խնդիրն է ապահովել իր ընկերությունների հետագա վերահսկողությունն Ադրբեջանի նավթի նկատմամբ: Ադրբեջանի առավել կարևոր ու երկարաժամկետ արտքաղաքական շահերը Մեծ Բրիտանիայի անմիջական աջակցությունը չեն վայելում: Իրենց հերթին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակները շահագրգռված չեն ազգային շահերի պաշտպանության (այդ թվում` ղարաբաղյան խնդրի) ուղղությամբ Ադրբեջանի կառավարության քաղաքականությամբ, քանի որ դա մեծացնում է վտանգն ու սպառնալիքը նավթի արդյունահանման և մատակարարման ոլորտում, ինչպես նաև թուլացնում է ԱՄՆ-ի ազդեցությունը Ադրբեջանի վրա: Վարչակազմի հետ կապված ամերիկյան շրջանակների հետ Մեծ Բրիտանիայի նավթի բիզնեսի ներկայացուցիչների առնչությունները կարող են վճռորոշ դեր խաղալ Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների զարգացման գործում և, առաջին հերթին, Ի. Ալիևի ընտանիքի քաղաքական ճակատագրում:
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը խիստ խոցելի վիճակում է, և նրան պետք է ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը, մասամբ նաև Թուրքիայի ու Ռուսաստանի: Ի. Ալիևը փորձում է ապահովել Իրանի աջակցությունը, բայց այդ խնդիրն անգամ մասամբ լուծված չէ: Սակայն միաժամանակ ԱՄՆ-ի և Ռուսաստանի վրա հենվելը շատ խնդրահարույց է, իսկ Թուրքիայի վրա հենվելը չի կարող փոխարինել ԱՄՆ-ի աջակցությանը: Իրավիճակը բարդացել է նաև նրանով, որ Իրաքում ամերիկա-բրիտանական կոալիցիայի ռազմական գործողությունից հետո ամերիկա-թուրքական հարաբերությունները լարվել են: Իրաքի գործողության ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ը քայլեր ձեռնարկեց «Մեծ Մերձավոր Արևելքում» իր ռազմական բազաների տեղաբաշխումը բազմազանեցնելու ուղղությամբ, որպեսզի բացառվի մեծ կախումը Թուրքիայից ու Սաուդյան Արաբիայից: ԱՄՆ-ը սկսեց հնարավորություններ փնտրել Հարավային Կովկասում և Պարսից ծոցում ռազմական ավիացիայի բազավորման այլընտրանքային վայրերի ստեղծման ուղղությամբ: Միաժամանակ ԱՄՆ-ը թուլացրել է ուշադրությունը և ոգևորություն չի ցուցաբերում «Նաբուկո» գազամուղի կառուցման նկատմամբ, ինչն անդրադարձել է եվրոպական պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների դիրքորոշման վրա:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների սառեցման գլխավոր հետևանքը եղավ այն, որ ԱՄՆ-ը ձգտում է Ադրբեջանը հեռու պահել Թուրքիայից: Անուղղակի նշաններ կան այն բանի, որ ԱՄՆ-ը ձգտում է սահմանափակել ոչ միայն ադրբեջանա-թուրքական, այլև վրաց-թուրքական հարաբերությունները: Սակայն եթե առաջ Թուրքիայի ռազմական քաղաքականությունը Հարավային Կովկասում իրականացվում էր կա՛մ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության, կա՛մ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում, ապա կարելի է սպասել, որ Թուրքիան պատրաստ է վարելու ավելի անկախ ռազմական քաղաքականություն Վրաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Հնարավոր է, որ դրանք կլինեն համեստ ու նեղ ծրագրեր, բայց հետևողական ու համակարգային: Ամերիկացիների առջև խնդիր է ծառացած ճիշտ գնահատելու Վրաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման ռացիոնալ հատիկը:
Ադրբեջանի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը հաշվի է առնում ոչ միայն ուժի աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության, այլև Հայաստանի, Վրաստանի, Թուրքմենստանի ու Ղազախստանի դիրքորոշումները: Օրինակ, ԱՄՆ-ը, այսպես թե այնպես, պետք է պահպանի հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր հարաբերություններում: Այդ հավասարակշռությունը ներառում է տնտեսական օգնություն, քաղաքական ու ռազմական գործակցություն, ղարաբաղյան հարցի կարգավորում, քաղաքական վարչակազմերի քննադատություն և համապատասխան պահանջների ներկայացումը: Սակայն պարզվում է, որ «հավասարակշռության» քաղաքականության շարունակումն անհնար է: 2003 թ. գարնանը, Հայաստանում նախագահական և խորհրդարանական ընտրությունների շրջանում, ԱՄՆ-ը փորձեց օգտվել քաղաքական պահից` Հայաստանի և Ի. Ալիևի «ընտանիքի» վրա քաղաքական լուրջ ճնշում գործադրելու համար։ Սակայն Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այդ ծայրաստիճան աննպաստ պայմաններում որոշում ընդունեց լիովին անտեսել պետդեպարտամենտի և Սպիտակ տան հայտարարություններն ու գործողությունները: ՈՒժեղ ճնշման և քննադատության ենթարկվելով նախագահական ընտրությունների ժամանակ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը խորհրդարանական ընտրարշավն ու բուն ընտրություններն անցկացրեց բացառապես իր «թիմային» շահերի օգտին, լիովին անտեսելով ԱՄՆ-ի շահերը: Ընտրություններից հետո Հայաստանը հայտարարեց, որ հանդես կգա Իրանի նկատմամբ ագրեսիա սանձազերծելու ԱՄՆ-ի մտադրության դեմ: Դա զգալիորեն խարխլում է ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում, որը հիմնված էր «հավասարակշռության» պահպանման վրա: ԱՄՆ-ը հասկացավ, որ անհրաժեշտ է կա՛մ հրաժարվել «հավասարակշռությունից» և իր համար առաջնային դարձնել հարաբերությունները Ադրբեջանի ու Վրաստանի հետ, անտեսելով Հայաստանը, կա՛մ փորձել վերականգնել քաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, քանի որ Իրանի և Թուրքիայի հետ առճակատման պայմաններում Հայաստանի անտեսումը ոչինչ չի տա ԱՄՆ-ին:
Պարզվում է, որ ԱՄՆ-ը միշտ օգտագործել է «հայկական գործոնը» Ադրբեջանի և Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Խնդիրն այն է, թե որքան է սկզբունքային և տևական այդ «նոր» իրավիճակը տարածաշրջանում: Մեր կարծիքով, անկախ այդ իրավիճակի զարգացումից, ԱՄՆ-ը ծրագրեր չունի ինչ-որ նոր քաղաքական կուրս վարելու Հարավային Կովկասում և կձգտի պահպանել «հավասարակշռության» քաղաքականությունը: Դա հենվում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի գերակայությունների պաշտպանության վրա, որոնք նպատակ ունեն պահպանելու կայունությունը` Կասպից ծովի ածխաջրածինների հաջող մատակարարում ապահովելու համար: Մնացած բոլոր խնդիրները կամ ենթարկված են այդ նպատակին, կամ իրոք չեն ներառվում ԱՄՆ-ի «կովկաս-կասպյան» խնդիրների մեջ, ինչպես, օրինակ, Իրանի խնդիրը: Եվ այնուամենայնիվ, Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականությունը որակապես արդեն տարբերվում է Ռուսաստանի քաղաքականությունից: Այդ որակն այն է, որ ԱՄՆ-ը Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ վարում է, փաստորեն, չփոխկապակցված քաղաքականություն, ինչպես առայժմ վարվում է Ռուսաստանը: Սակայն տարածաշրջանում քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը ռուսական քաղաքականությունն էլ է հանգեցնում այդ մոտեցումներին ու ոճին:
Թուրքիայի և Հայաստանի ներգրավումն իրենց հարաբերությունների կարգավորման գործում դարձավ թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա ԱՄՆ-ի ճնշման կարևոր լծակ: Հայաստանը ներառված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ավելի ակտիվ քաղաքականության մեջ, որի գլխավոր խնդիրն է զսպել Թուրքիային, թույլ չտալ, որ նա ինքնուրույն տարածաշրջանային քաղաքականություն ծավալի: Միաժամանակ, Ադրբեջանը սերտորեն շաղկապված է այդ քաղաքականությանը և ավելի մեծ կախման մեջ է ԱՄՆ-ից, քան առաջ, Ադրբեջանի ղեկավարները պատրանքներ ունեն, թե իրենց երկիրն ավելի անկախ է միջազգային ասպարեզում, քան Հայաստանը կամ Վրաստանը: ԱՄՆ-ն այս պահի դրությամբ, փաստորեն, Ադրբեջանում իր ունեցած բոլոր ծրագրերն իրագործել է: Նա Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ լիակատար հսկողության տակ է առել նրա նավթի ու գազի բոլոր պաշարները, էներգամատակարարման ուղիները, ստեղծել է մի շարք բազաներ` տեղորոշիչ կայանների ձևով, ապահովել է հուսալի ռազմական տարանցում դեպի Արևելք, ինչը շատ կարևոր է Հարավային և Կենտրոնական Ասիայում ռազմավարության իրականացման համար և Ադրբեջանի ղեկավարությանը կապել է իր քաղաքականությանը:
Հիմա ԱՄՆ-ին պետք են նոր երաշխիքներ, որ Թուրքիան չի ձգտի միջամտություն ունենալ Հարավային Կովկասում և այն տարածաշրջաններում, ուր հաստատված են ԱՄՆ-ի շահերն ու ներկայությունը: Այս կապակցությամբ ամերիկացիներին ոչ միայն անհրաժեշտ է Թուրքիային զսպել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով, այլև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով Ադրբեջանը կապել է Հայաստանին առնչվող խնդիրների համալիրին: ԱՄՆ-ը կարողացել է Թուրքիան հեռու պահել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից, իսկ Ադրբեջանը` հայ-թուրքական բանակցություններից: Դա հեշտ խնդիր չի եղել, բայց ԱՄՆ-ը կատարել է այդ առաջադրանքը և բավական հեշտորեն: Ադրբեջանական վերնախավը հասկացել է, որ չի հաջողվի իրապես ընդունել միայն կամ առավելապես Թուրքիայի խնամակալությունը, այլ տեսանելի հեռանկարում կմնա ԱՄՆ-ի հովանու ներքո: Եթե ԱՄՆ-ին հաջողվի լիովին կատարել Թուրքիայից Ադրբեջանը կտրելու առաջադրանքը, ապա դրանով նա ցույց կտա Թուրքիայի անընդունակությունը լուծելու անգամ իր առավել մերձավոր գործընկերոջ վրա գերակշիռ ազդեցության խնդիրը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ