ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Եթե արաբները չեն կարողանում հաղթել Իսրայելին…»

«Եթե արաբները չեն կարողանում  հաղթել Իսրայելին…»
11.01.2013 | 00:15

Իսրայելին ամենևին չի բավարարում միայն պաղեստինյան խնդրի կարգավորումը, այսինքն` միայն պաղեստինցիների հետ հարաբերությունների կարգավորումը: Եթե պաղեստինյան անկախ պետության ստեղծմամբ և ճանաչմամբ Երուսաղեմի հարցը բաց մնա, ապա դա կնշանակի տարածաշրջանային տևական առճակատում, ընդ որում, ոչ միայն հարևան արաբական երկրների հետ, այլև ամբողջ արաբական աշխարհի: Միաժամանակ, Իսրայելը չի ուզում, որ Երուսաղեմի նկատմամբ որևէ միջազգային վերահսկողություն լինի: Դրան կարելի է հասնել միայն արաբական պետությունների հետ խնդրի կարգավորման միջոցով: Միանգամայն հնարավոր կարելի է համարել, որ պաղեստինյան պետության ստեղծման դեպքում, կարճատև քաղաքական ու տնտեսական երկխոսությունից հետո, արաբական պետությունները, համատարած ֆինանսական օգնություն ցուցաբերելով պաղեստինյան պետությանը, ինչպես իռացիոնալ, այնպես էլ որոշ իրատեսական նկատառումներով, կդադարեցնեն հարաբերությունները Իսրայելի հետ: Իսրայելի համար «հավերժական» տարածաշրջանային շրջափակման այդ իրավիճակն ինթիֆադից էլ վտանգավոր բան է: Իսրայելը, ինթիֆադի հետևանքով նշանակալի տնտեսական դժվարությունների բախված լինելով, անկասկած, կլուծի առանձին տնտեսական խնդիրներ, բայց նրա տնտեսական ապագան կախված կլինի իր համար արաբական ընդարձակ շուկայի մատչելիությունից: ՈՒստի Իսրայելը ձգտում է համապարփակ խաղաղության հասնել արաբական պետությունների հետ: Միաժամանակ, հենց այդ խնդիրն է անլուծելի թվում տարածաշրջանում ստեղծված առճակատման պայմաններում: Արաբական պետությունների կողմից Իսրայելը ճանաչելու դիմաց 1967 թ. սահմաններում պաղեստինյան պետություն ստեղծելու սաուդյան թագաժառանգ Աբդալլայի առաջարկությունը ծանր կացության մեջ դրեց ոչ միայն Իսրայելին, այլև ԱՄՆ-ին: Այդ առաջարկությունը միանգամայն անընդունելի է Իսրայելի համար, քանի որ նրան զրկում է պաշտպանված սահմաններից և սպառնալիքի տակ է դնում նրա գոյությունը: Ինքնըստինքյան առաջարկությունը իրատեսական է պաղեստինցիների հանդարտեցման, բայց ոչ Իսրայելի համար: ՈՒստի առաջարկությունն ընդհանուր առմամբ իրատեսական չէ և միտված է կարգավորման գործի խափանմանը: Միաժամանակ շատ, անգամ արմատականորեն տրամադրված արաբներ դրականորեն են վերաբերվում 1967 թ. սահմաններում պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարին: Հետևաբար, այդ առաջարկությունը նախատեսված է նաև «ներքին սպառման», այսինքն` արաբական հանրության համար: Թագաժառանգ Աբդալլայի` Սաուդյան Արաբիայի ապագա առաջնորդի համար այդ առաջարկությունն անհրաժեշտ է նաև անձնական նկատառումով: Նա, անտարակույս, հավակնում է ամբողջ արաբական աշխարհում պետականամետ ազգայնականների առաջնորդի դերին և պետք է սկզբունքային առաջարկությունների հեղինակ լինի: Սաուդյան Արաբիային, որի կառավարող գերդաստանն իրեն համարում է Երուսաղեմի (էլ-Կուդսի) իսլամական սրբավայրի պահապան, չի կարող թույլ տալ կարգավորման մի այնպիսի տարբերակ, որի հետևանքով մոռացության մատնվեին մահմեդականների իրավունքները Երուսաղեմի սրբավայրի նկատմամբ: Առաջարկությունը, որը պաղեստինյան պետության համար նախատեսում է 1967 թ. սահմանները, նախ և առաջ ենթադրում է արաբների վերահսկողությունը Արևելյան Երուսաղեմի նկատմամբ: Հասկանալով, որ Իսրայելը երբեք չի համաձայնի դրան, կարելի է կարծել, որ սաուդյան թագաժառանգն արել է կանխավ անիրագործելի առաջարկ: Միաժամանակ, չնայած միջազգային հանրության կողմից Պաղեստինին ցուցաբերվող աջակցության ուժեղացմանը, մասնավորապես ՄԱԿ-ի կողմից ինքնիշխան պետության իրավունքի ընդունմանը, ոչինչ չի փոխվել Իսրայելի դիրքորոշման մեջ, որն ունի ավելի քան 400 միջուկային մարտալիցք և վայելում է ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունը: Իսրայելը պատրաստ է պատերազմի ինչպես երբեք, բայց արաբական պետություններն էլ հայտարարել են, որ չեն պատրաստվում կռվելու հանուն Պաղեստինի ու Երուսաղեմի, և ուղղակի անհնար է այն, ինչ ժամանակին ասել է Մ. Քադաֆին, առաջարկելով` «Իսրայելը Պաղեստինի հետ ընդունել Արաբական պետությունների լիգա, եթե արաբները չեն կարողանում հաղթել Իսրայելին»:
Սիրիան, որը երկար ժամանակ առանցքային դերակատարում ուներ Մերձավոր Արևելքի խնդիրների հետ կապված բանակցություններում, 1999-2000 թթ. սիրիա-իսրայելական բանակցությունների ձախողումից հետո որոշ չափով դուրս մնաց կարգավորման ընդհանուր գործընթացից: Գոլանի բարձունքների խնդիրը, փաստորեն, «խլացվել է» և մի տեսակ կորցրել հրատապությունը: Սիրիան վարում է մի շարք իսլամական արմատական կազմակերպությունների պաշտպանության քաղաքականություն, միաժամանակ սահմանափակելով նրանց գործունեությունը։ Դա հանգեցրեց Լիբանանում ու Պաղեստինում գործող այդ կազմակերպությունների շրջանում Սիրիայի դերի որոշ նվազմանը` 2011 թ. քաղաքացիական պատերազմն սկսվելուց դեռ շատ առաջ: Բաշար Ասադը աշխատում էր վարել իրատեսական քաղաքականություն, շեշտը դնելով տնտեսական զարգացման վրա, համագործակցելով հարևան պետությունների` Իրաքի և Թուրքիայի հետ, դրանով իսկ փորձելով ձգձգել հասարակական և քաղաքական բարեփոխումները երկրում: Դա ենթադրում էր Գոլանի բարձունքների հարցի լուծման ռազմական եղանակներից հրաժարում և Իսրայելի հետ փաստական ոչ պաշտոնական հաշտություն, ինչը, հնարավոր է, մեծացրել է արաբական պետությունների ատելությունը Սիրիայի կառավարող վարչակազմի նկատմամբ:
Հորդանանն ԱՄՆ-ի հուսալի գործընկերն է: Այդ երկրի քաղաքական ղեկավարությունը (դա, փաստորեն, պաղեստինյան պետությունն է. երկրի բնակչության 60 տոկոսը պաղեստինցիներ են) հրաժարվել է Երուսաղեմի հարցում որևէ հավակնությունից, չնայած Հաշիմյանների կառավարող թագավորական ընտանիքը իրեն համարում է Մուհամմեդ մարգարեի ժառանգորդ և Երուսաղեմի իսլամական սրբավայրերի պահապան: Հորդանանը բացասաբար է վերաբերվում պաղեստինյան կրոնական ու քաղաքական կազմակերպությունների արմատական գործունեությանը, պատրաստ է համաձայնելու ԱՄՆ-ի ու Իսրայելի ամեն մի առաջարկության, եթե դա կարող է հանգեցնել հակամարտության կարգավորման և Իսրայելի հետ տնտեսական համագործակցության: Ազատական ոգով և արևմտյան արժեքներին նվիրվածությամբ Իսրայելը շատ ավելի մոտ է Հորդանանին, քան արաբական պետությունների մեծամասնությունը: Հորդանանը կարգավորել է հարաբերությունները Սիրիայի հետ, հատկապես Հ. Ասադի մահից հետո, բարեկամական, գործընկերային հարաբերություններ է հաստատել Իրաքի հետ և ձգտում է տարածաշրջանի իրադրության համապարփակ կարգավորման:
Եգիպտոսն առավել կարևոր արաբական պետությունն է, արաբական աշխարհի առաջատարը, ԱՄՆ-ի ու Իսրայելի գործընկերը, և ընդհանուր առմամբ պաշտպանում է ԱՄՆ-ի քաղաքականությունը: Եգիպտոսը, ինչպես Հորդանանը, չի պնդում, որ Արևելյան Երուսաղեմը վերադարձվի Պաղեստինին, թեև պաշտոնապես պաշտպանել է Սաուդյան Արաբիայի առաջարկությունը 1967 թ. սահմաններում պետություն ստեղծելու վերաբերյալ, ներառյալ Արևելյան Երուսաղեմը: Պետական կառույցի կազմալուծումից, քաղաքացիական հակամարտությունից հետո Եգիպտոսի խնդիրն է պահպանել իր առաջատար դերը արաբական աշխարհում, ինչն անհնար է առանց Պաղեստինի խնդրի լուծմանն ակտիվ մասնակցության: Եգիպտոսը չի ձգտում արագացնել իրադարձությունները, հասկանալով, որ չի կարողանա արագորեն ապահովել իր ակտիվ ու նշանակալի դերակատարումը տարածաշրջանային գործերում: Նա, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, սակավառեսուրս պետություն է, և առանց ԱՄՆ-ի աջակցության անհնար կլիներ ապահովել երկրի տնտեսական ու ֆինանսական կայունությունը: Եգիպտոսի խնդիրները նման են Թուրքիայի խնդիրներին, երբ ազատական բարեփոխումներ կատարելու նույնիսկ առաջին փորձերն ընդունակ են ապակայունացնելու պետությունն ու հասարակությունը: Չի կարելի ասել, թե վերջին ժամանակներս արաբական աշխարհում Եգիպտոսի դերը թուլացել է, բայց նրա այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են Սիրիան և Սաուդյան Արաբիան, ավելի ու ավելի են ձգտում Եգիպտոսին առաջատարի տեղ չհատկացնել արաբական պետությունների շարքում: Չնայած քաղաքական վարչակարգը Եգիպտոսում հիմա ավելի ազատական է, այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Բաշար Ասադը, Հորդանանի Աբդալլա թագավորը, իրենց քաղաքականությունը (հատկապես արտաքին) համարում են ավելի առաջադեմ, արդիական և ավելի հավասարակշիռ, նկատի ունենալով հարաբերություններն արաբական աշխարհի ու Արևմտյան ընկերակցության հետ:
Եգիպտոսի արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանի պետությունների և Արևմուտքի հետ նրա հարաբերությունները զգալիորեն պայմանավորված են եղել ուժերի ինչ-որ հաստատված հավասարակշռությամբ: Այդ հավասարակշռությունը ենթադրում է արաբական աշխարհում երեք տիպի պետությունների առկայություն` կապված քաղաքական վարչակարգերի ու արտաքին քաղաքականության հետ: Դրանք ԱՄՆ-ի գործընկերներն են, ըստ էության նրա դաշնակիցները տարածաշրջանում` Եգիպտոսը, Մարոկկոն, Թունիսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի միապետությունները, ԱՄՆ-ից հեռավորություն պահող, բայց նրա հետ սկզբունքային հարաբերություններ պահպանող պետությունները` Սիրիան, Ալժիրը, Սուդանը, Լիբանանը, Եմենը, ինչպես նաև ԱՄՆ-ի ռազմավարական և գաղափարական հակառակորդներ հանդիսացող պետությունները` Սուդանը և Լիբիան: Միանգամայն հասկանալի է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը վերահսկում է արաբական աշխարհի մեծ մասը: ՈՒժերի նման դասավորությունն է հենց Եգիպտոսի համար առանցքային և անգամ առաջատար պետության դեր ապահովում նույնիսկ երկրի ներսում իրադրության զգալի «սասանման» դեպքում:
Ինչպես հայտնի է, արաբական շատ պետությունների, այդ թվում` Սիրիայի ու Եգիպտոսի, հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կրում են «շահարկային» բնույթ, ինչը ենթադրում է այնպիսի խնդրի առկայություն, ինչպիսին Իրաքն է: Իրաքի ռազմաքաղաքական ջախջախման հետևանքով ԱՄՆ-ի համար արաբական պետությունների «կարգավիճակը» զգալիորեն կիջնի: Ընդ որում, հազիվ թե ԱՄՆ-ի համար հետաքրքրություն ներկայացնեն արաբական պետություններն իբրև ռազմավարական դաշնակիցներ, հատկապես Մերձավոր Արևելքի ոլորտից դուրս: Խիստ անորոշ են կանխատեսումներն ամերիկա-իրանական հարաբերությունների առնչությամբ, ինչը կապված է Իրանի ներքին գործընթացների հետ, որին առաջատար արաբական պետությունները (բացի Սիրիայից) համարում են արաբների թշնամի: Խիստ վատացել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչը չի կարող չուրախացնել Եգիպտոսին, ինչպես և այն մյուս արաբական պետություններին, որոնք չէին ցանկանա, որ տարածաշրջանում Թուրքիայի դիրքերն ուժեղանան:
Սակայն Եգիպտոսի համար առավել մեծ վտանգը մի շարք երկրներում միաժամանակ հնարավոր համաարաբական իսլամական հեղափոխությունն է, երբ հենց եգիպտական հասարակությունն արմատական դեր կխաղա: Իսկ եթե Իրաքի ջախջախումն ու այդ երկրում ամերիկամետ վարչակազմի հաստատումն ուղեկցվեն Պաղեստինի և Երուսաղեմի հարցում արաբական պետությունների սկզբունքային զիջումներով, ապա հեղափոխության ուժը նկատելիորեն կմեծանա: Եգիպտոսի քաղաքական ղեկավարությանը չի հաջողվի հասարակությանը համոզել Պաղեստինի ու Երուսաղեմի վերաբերյալ որոշումների ընդունելի լինելը, եթե իրացվի իսրայելա-ամերիկյան ծրագիրը: ՈՒստի Եգիպտոսի համար աննպատակահարմար է պաղեստինյան խնդրի արագացված լուծումը: Բ. Օբամայի առաջարկած ծրագիրն ու մոտեցումները որոշակիորեն ձեռնտու են Եգիպտոսին, քանի որ դրանց հիմքում ընկած է պաղեստինյան պետություն ստեղծելու ձգտումը:
Սակայն պաղեստինյան քաղաքական ասպարեզում Եգիպտոսի գլխավոր (ավելի շուտ ոչ թե քաղաքական, այլ ռազմավարական) խնդիրն է թույլ չտալ պաղեստինյան ղեկավարության մեջ ուժերի դասավորության սկզբունքային փոփոխություն, ԱՄՆ-ից ու Իսրայելից կախման մեջ գտնվող պաղեստինյան քաղաքական ղեկավարության կազմավորում, կարգավորման գործից մեկուսացնել առաջատար արաբական պետություններին, պաղեստինյան հարցը հեռու պահել Սիրիայի և Իրաքի խնդիրներից:
Արաբական պետությունների դիրքորոշումների ձևավորման համար շատ կարևոր է Եվրոպայի երկրների և ամբողջությամբ վերցրած Եվրամիության քաղաքականությունը: Եվրոպական պետություններն ընդհանուր առմամբ պաշտպանում են ամերիկացիների նախաձեռնությունները, բայց Բ. Օբամայի վերջին առաջարկությունները պաղեստինյան պետության ստեղծման վերաբերյալ նրանք ընդունեցին անվստահությամբ ու թերահավատությամբ: Եվրոպական պետություններից միայն Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան են շահագրգռություն դրսևորում խնդրի կարգավորման գործում: Պաշտոնապես Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը քիչ է տարբերվում ԱՄՆ-ի դիրքորոշումից: Սակայն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան որոշակիորեն ձգտում են յուրօրինակ քաղաքականություն վարել Երուսաղեմի նկատմամբ: Եվրոպական երկու պետությունները շահագրգռված են Երուսաղեմին մի ինչ-որ միջազգային կարգավիճակի շնորհմամբ (գոնե քաղաքի պատմական հատվածին): Դրան ավելանում է Ֆրանսիայի ու Վատիկանի գաղտնի «նախագիծը», որի նպատակն է մեծացնել քրիստոնեական համայնքների դերն ու նշանակությունը Մերձավոր Արևելքում, նախ և առաջ Եգիպտոսում, Լիբանանում, Սիրիայում ու Պաղեստինում: Այդ նախագիծը առայժմ առանց առանձնակի հաջողության իրացվում է արդեն երեք տարի: Անսպասելի էր այն, որ ԱՄՆ-ը պաշտպանեց Ֆրանսիայի քաղաքականությունը: Երևի դրա պատճառը տարածաշրջանում ազդեցության նոր լծակներ ձեռք բերելու ցանկությունն է: Ֆրանսիան, մասամբ նաև Մեծ Բրիտանիան, իրենց լիակատար համաձայնությունն են հայտնում ԱՄՆ-ի նախաձեռնություններին` հասկանալով հանդերձ դրանց անիրագործելիությունն ու դատապարտվածությունը: Նրանք կցանկանային, որ Մերձավոր Արևելքում հաստատվեր ուժերի որոշակի նոր հարաբերակցություն, որը թույլ տար Եվրոպական ընկերակցության արժանապատիվ ներկայություն ապահովել տարածաշրջանում: Այս կապակցությամբ Ֆրանսիան շահագրգռված է Իրաքում հաստատված վարչակարգի պահպանմամբ, այդ երկրում աստիճանական բարեփոխումների անցկացմամբ և Մաղրիբում ԱՄՆ-ի ազդեցության աճի արգելակմամբ: Մեծ Բրիտանիան, ընդհակառակը, կարծում է, որ իր և համաեվրոպական ազդեցության աճը պահանջում է Իրաքի քաղաքական վարչակարգի շուտափույթ փոփոխում: Ներկայումս ուժեղանում է ամերիկա-ֆրանսիական պայքարը Սիրիայում ազդեցության հաստատման համար: Ֆրանսիան Սիրիային առաջարկում է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի հետ երկխոսությունում «հենվել» եվրոպական աջակցության վրա: Սակայն Ֆրանսիայի առաջարկություններից Սիրիայի հրաժարումը հանգեցրել է Ֆրանսիայի աջակցության կորստյան: Այս հանգամանքների կապակցությամբ, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան չէին ցանկանա, որ հեռանկարում Իսրայելն անպայման գերիշխանություն ունենար Պաղեստինի նկատմամբ և վերահսկողություն` Երուսաղեմի նկատմամբ: Երուսաղեմի հարցը այս տերություններն ու Վատիկանը միշտ քննարկում են Իսրայելի ու պաղեստինյան ղեկավարության հետ: Տեղեկություններ կան, որ վերջինս ավելի է հակված ընդունելու միջազգային կարգավիճակը Երուսաղեմում, քան Իսրայելը, որը լիովին մերժում է դա: Այսպես թե այնպես, Պաղեստինը մնում է ոչ միայն Իսրայելի ու Արևմտյան ընկերակցության, այլև արաբական պետությունների պատանդ, որոնց համար առանց պաղեստինյան խնդրի ավելի դժվար կլիներ կառուցել իրենց արտաքին քաղաքականությունը ինչպես ԱՄՆ-ի ու Եվրոպայի, այնպես էլ Իրանի ու Թուրքիայի հետ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ