ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գալդ բարի, քաղաքականացված Նոր տարի

Գալդ բարի,  քաղաքականացված Նոր տարի
25.12.2012 | 13:01

Շուտով նոր տարի է, և մարդիկ ուրախ դեմքերով դիմում են միմյանց ու շնորհավորում Նոր տարին։ Ժամանակակից հեռահաղորդակցման միջոցները հնարավորություն են տալիս ծանոթ-բարեկամի, ընկերոջ նոր տարին շնորհավորելու, եթե նրանք բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում, Ռուսաստանում, եվրոպական երկրներում և անգամ հեռավոր ամերիկաներում։
Դժբախտաբար փաստ է, որ մենք, հաճախ, այդ ուրախությունը հասցնում ենք չափազանցության, յուրատեսակ կերուխումի մրցակցության, որի արդյունքում երբեմն լինում են անկարգություններ, ավտովթարներ, արտառոց ծեծ-ծեծկռտուք` մահվան ելքով։
Նախ ասենք, որ հունվարի 6-ը Ս. Ծննդյան օրն է, տարվա առաջին տաղավարը` ութօրեական պասով (դեկտեմբեր 29-ից մինչև Ս. Ծննդյան նավակատիկը` հունվարի 5-ի երեկոն), որը, սակայն, լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ, «քրիստոնեավարի» էլ խախտում ենք. վկան` մեր սեղանների խոզի բուդն ու լցոնած հնդուհավը։
Մեր ընտանիքում այդ օրը սեղանին դրված էին լինում (հիմա էլ) չիր ու չամիչ, ընկույզ, մրգեր և պասուց օրվա կերակրատեսակներ, իսկ խմիչքը` միայն անարատ կարմիր գինի, մի-մի բաժակ` այն էլ ծնողներիս բարի մաղթանքների վերաբերյալ խոսքերն ու խրատները լսելուց հետո միայն խմելու համար։
Նոր տարվա օրը ուրախանալու առիթ է միայն, եթե անցնող տարին մենք ապրել ենք քրիստոնեավարի, և մեր գործերն ու արարքները, մտածումները միտված են եղել բարին արարելուն, հայրենիքին ու ժողովրդին, մերձավորին ծառայելուն, այլ ոչ թե ցավ պատճառելուն։ Աշակերտն ու ուսանողը լավ են սովորել, աշխատավոր մարդը, գյուղացին, պաշտոնատար անձը գոհ են իրենց աշխատանքի արդյունքից. ուրեմն ուրախանանք։
Սակայն այդքանն էլ դեռ բավարար չէ. մենք իսկական ուրախություն կապրենք միայն այն ժամանակ, եթե անցնող տարվա մեր մտքի և հոգու հաշվեմատյաններում հաշիվները բավարար չափով անթերի են։ Թերություններ միշտ էլ կարող են լինել, բայց դրանք ներելի են միայն այն դեպքում, եթե եղել են անկախ մեր կամքից և ոչ գիտակցաբար։
Եղե՞լ է, արդյոք, որ մեր ընտանիքներից որևէ մեկում (Նոր տարվա օրը) խոսվի այս կտրվածքով և այսպիսի մտածումների տիրույթում։
Իսկ ինչպե՞ս ենք մենք փակում այս տարվա մեր հաշվեմատյանն ազգային իմաստով, որպես մի մեծ ընտանիք։
Նայենք հեռուստահաղորդումներն ու կարդանք լրագրերը։
Ինչպիսի գզվռտոց կուսակցությունների (եթե այդպիսիք, իրոք, քաղաքական գաղափարական կուսակցություններ են և ոչ թե անձնական նեղ, նենգ հաշիվներով համախոհ մարդկանց ամբոխ, որոնցից շատերի անդամների թիվն ազգական-բարեկամ-խնամի-ընկերներից կազմված խմբակցություններ են միայն)։
«Նա, ով մոռանում է անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելուն» (ՈՒինստոն Չերչիլ)։
Դժբախտաբար, հայերս լավ չենք սերտում պատմության դասերը և մոռանում ենք անցյալը։
Այդպիսի պատմական դաս է Հովհաննես Ե Դրասխանակերտցի (Պատմաբան մականվամբ) կաթողիկոսի (897-929) կյանքի ու գործունեության պատմությունը, որը պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ էջեր է գրել երկրում տիրող երկպառակությունների, դրանց շարժառիթների (ագահություն, ընչաքաղցություն, իշխանատենչություն) և մանավանդ դրանց աղետալի հետևանքների մասին։
Նա գիտակցում էր, որ այս պարագայում (արաբական բռնատիրության շրջան) ազգային միասնությունը կենսական անհրաժեշտություն է, և կենտրոնախույս ուժերին պետք է հակադարձել ազգային միաբանությամբ, հասարակական-քաղաքական ուժերի համախմբմամբ։
-Միմյանց հանդեպ նախանձով, չարակամությամբ, ատելությամբ, եղբայրասպան կռիվներով, զազրախոսությամբ, մեր իսկ ձեռքով մեր քաղաքները, գյուղերն ու ավաններն ենք քանդում,- գրում էր հայրենյաց սիրով այրվող այդ կաթողիկոսը։
Պատմական փաստ է. Դրասխանակերտցին ուզում էր միաբանել անմիաբան իշխանական դասը, իսկ դա կարող էր մեծ ուժ լինել արաբական տիրապետության դաժան ճնշումների տակ կքած ժողովրդին այդ վիճակից դուրս բերելու համար։ Այդ առաքելությամբ Դրասխանակերտցին հանդիպում էր բոլոր իշխաններին ու հորդորում միասնության։
Ահա թե ինչու արաբ իշխանավոր Յուսուֆը, բարեխոսության համար, մեծ նվերներով իր մոտ եկած կաթողիկոսից նվերներն ընդունելուց հետո անգամ, զգալով նրա դերը, կալանավորում է նրան, որպեսզի թուլացնի միասնականացման նրա գործունեությունը և խափանի կաթողիկոսի մտադրությունը` ընդդիմադիր ուժ ստեղծելու գործում։
Դժբախտաբար, մարդկային հոգու աչքերը շատ կարճատես են (երբեմն անգամ կույր) տեսնելու համար մարդկային տարատեսակ թշվառություններն ու դրանք ծնող պատճառները։
Ամենամեծահամբավ գիտնականը, արվեստագետը կամ քաղաքական գործիչը մի ժրաջան մեղու անգամ չարժեն, եթե նրանց գործունեությունն ուղղված չէ ի բարօրություն իրենց ժողովրդի կամ անբարո հիմքի վրա է կառուցված։
Նոր տարվա երեկոն հենց այն պատն է, երբ իրենց «պատկան մարմիններ» համարող իշխանությունները, ԱԺ-ի մեծարժան պատգամավորներն ու ընդդիմադիր կոչվածները, մի կողմ թողնելով իրենց «անկուսակցական» (կուսակցությունն այստեղ չակերտավորվել է, որովհետև կուսակցությունները լինում են գաղափարական, իսկ մեր պարագայում դրանք իշխանատենչ գրպանային են միայն), նեղշահադիտական գործելաոճը, մտածեն համախմբման եզրեր գտնելու մասին, որը հենց այս օրվա հրամայականն է։
Մտածեք, պարոնայք, երկար մտածեք այս գիշեր։
Այնուամենայնիվ, շնորհավոր բոլորիս Նոր տարին։


Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3458

Մեկնաբանություններ