Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Քոչարյանական օլիգարխի երազը

Քոչարյանական օլիգարխի երազը
14.08.2009 | 00:00

ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ԿԱՐՈՏԱԽՏ
Մեր հավաստի աղբյուրի պնդմամբ, արտասահմանում իր ամառային հանգիստն անցկացնող հայաստանցի օլիգարխներից մեկը, նույնիսկ դրսում, չի կարողացել դիմանալ առանց հայկական միջավայրի հետ «ջերմ շփման»։ Ճոխ խնջույք է կազմակերպել ու հրավիրել բազմաթիվ սփյուռքահայերի։ Քեֆ-ուրախության ընթացքում հայրենի օլիգարխը վերհիշել է «անցած-գնացած լավ ժամանակները», երբ երկիրը կառավարում էր Ռոբերտ Քոչարյանը, որի հավատարիմն է եղել ուղն ու ծուծով։
Անիծյալ խմիչքը, ինչպես լինում է նման դեպքերում, արել է իր գործը. օլիգարխը գինովցել է, հիշել հին դարդերը և, տուրք տալով հոգում կուտակվածին, հանդես եկել հրապարակային խոստովանությամբ։ Նա սփյուռքահայ հայրենակիցներին հավաստիացրել է, թե հայաստանյան օլիգարխների բացարձակ մեծամասնությունը` չնչին բացառությամբ, շատ դժգոհ է Սերժ Սարգսյանից։ Սփյուռքահայ մեծահարուստներից մեկի միամիտ հարցին, թե ինչի՞ց եք դժգոհ, օլիգարխը չի դիմացել ու վերջնականապես բացել է «սիրտը», հայտարարելով, թե Քոչարյանի ժամանակ իրենք ապրում էին ուզածի պես, անում իրենց ուզածը։ Ավելին, ըստ օլիգարխի. «Էն ժամանակ բոլորն էլ լավ էին ապրում, տնտեսական աճ էլ կար։ Հիմա սաղիս կյանքն էլ մի բան չի։ Սերժը վարչապետ նշանակելուց ոչ մեկիս կարծիքը մի հատ չհարցրեց էլ, ըտենց բան Քոչարյանի ժամանակ չկար»։
«Գրադուսը» բարձրանալուն զուգահեռ հայաստանցի օլիգարխն ավելի ու ավելի է ոգևորվել ու, որպես խոշոր գաղտնիք, տեղյակ պահել հավաքվածներին, որ Քոչարյանը բոլորովին էլ վերջնականապես չի հեռացել։ «Այ, կհասնենք տարեվերջին», ու երբ ներկա կառավարությունը մինչև կոկորդը կհայտնվի համապատասխան հոտ արձակող զանգվածի մեջ, «այդ ժամանակ էլ Քոչարյանը հետ կգա իբրև վարչապետ, ու ամեն ինչ կրկին տեղը կընկնի»։
Հեքիաթանման այս պատմությանը մենք էլ չէինք հավատա, եթե չիմանայինք մեր ժամանակակից «պետաքաղաքական ու տնտեսական էլիտայի» հոռի բարքերը։ Այսինքն, խնդիրն այն չէ, որ մարդիկ վատ են ապրում, ժողովրդի մաշկը քերթելով հարստացած որևէ օլիգարխ ինչպես տերպետրոսյանական, այնպես էլ քոչարյանական ու ներկա ժամանակներում որևէ բանի պակաս չունի։ Մարդիկ դժգոհ են, որ չեն կարողանում ուզածի պես ապրել և իրենց ուզածն անել։ Այսինքն` եթե երկրի նախագահը սահմանափակել է ինչ-որ մարդկանց ազդեցությունը պետական գործունեության ոլորտում, կամ, թերևս, բացատրել, որ հյուրասենյակում թքելը և դաշնամուրը զուգարանակոնքի տեղ օգտագործելը լավ դաստիարակության նշան չէ, դրանով, իհարկե, ոտնահարել է օլիգարխների «քաղաքացիական իրավունքները»։ Մնում է դիմեն Եվրադատարան և պահանջեն հասցված բարոյական վնասների փոխհատուցումը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ