Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մարտի մեկն Աստվածաշնչի լույսի ներքո

Մարտի մեկն Աստվածաշնչի լույսի ներքո
07.08.2009 | 00:00

ՏԻՐՈՋ ԱՆՈՒՆԸ ՓԱՌԱՎՈՐՈՂ ԱԶԳ ԼԻՆԵՆՔ. ԹԵ ԱՅԺՄ ԵՎ ԹԵ ՀԱՎԻՏՅԱՆ
Շատ է գրվել ու խոսվել այս մասին, բայց փորձենք քննել կատարվածը մի այլ տեսանկյունից՝ դնելով մեր ազգի դեռևս թարմ ու ցավոտ վերքը Սուրբ Գրքի անաչառ հայելու տակ։
Նախ` «դատաստանի» բերենք այդ օրվա «մեղավորներին»։
Եթե նկատեցիք, թե՛ դատաստան, և թե՛ մեղավորներ բառերը չակերտների մեջ վերցվեցին հարաբերական, այսինքն` առայժմ կարծեցյալ իմաստով։
Սկսենք «վերևներից» ու ավարտենք «ներքևներով» և տեսնենք, թե ինչ է ասում Աստծո խոսքը թագավորների, իշխանավորների և հասարակ ժողովրդի (իմա` պետության նախագահ, նախարարներ, կուսակցություններ, պատգամավորներ և պարզ հասարակություն) հարաբերության մասին. «...և ասացին (ժողովուրդը). «Մեզ թագավոր տուր, որ մեզ համար դատավորություն անի» (Ա. Թագ. 8,6)։
Թող ուշադիր լինի ընթերցողը, որ գրված է այստեղ թագավորի բուն դերը, որը ոչ թե դատավարություն, այլ դատավորություն անելն է ժողովրդի մեջ, այսինքն` քննել վիճակները և արդար վճիռ կայացնել, իսկ դրսինների՝ օտարների հետ վարվել խորագիտությամբ։ Այդ պատճառով էր, որ երբ Իսրայելում Սողոմոն թագավորը նստեց, Աստված նրան երևաց քնի մեջ և ասաց. «Որևէ բան խնդրիր քեզ համար»։ Սողոմոնը պատասխանեց. «Արդ, իմ Տեր Աստված, Դու Քո ծառային դրել ես իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ պատանի եմ և չգիտեմ իմ անելիքը։ Քո ծառան Քո ընտրած ժողովրդի մեջ է, մի ժողովուրդ, որ բազմամարդ է... տո՛ւր Քո ծառային իմաստություն, որ կարողանա արդարությամբ լսել ու դատել Քո ժողովրդին, խելամտություն ունենալ տարբերելու բարին ու չարը, որովհետև ո՞վ կարող է ղեկավարել այս բազմամարդ ժողովրդին»։ Տիրոջը հաճելի եղավ Սողոմոնի այս խնդրանքը, և Տերն ասաց նրան. «Քանի որ դու ինձանից այդ բանը խնդրեցիր և ոչ թե կյանքի երկար օրեր, հարստություն կամ թշնամիների մահ, այլ խնդրեցիր խելամտություն` դատ անելու համար, ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպես, որ ո՛չ քեզանից առաջ է քո նմանը եղել, և ոչ էլ քեզանից հետո քո նմանը կհայտնվի։ Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստություն ու փառք, այնպես որ քո ապրած կյանքի օրերին թագավորներից ոչ ոք չի լինելու քեզ նման։ Եվ եթե ընթանաս Իմ ճանապարհով, կատարես Իմ հրամաններն ու պատվիրանները, ինչպես ընթացել է քո հայր Դավիթը, ապա քո կյանքի օրերը կերկարացնեմ» (Գ. Թագ. 5 և13)։
Ընթերցողին ներկայացվեց Աստվածաշնչային այս դրվագը, որպեսզի իմանա, որ Աստված է տալիս մարդուն իմաստություն` բարին չարից զանազանելու և ճիշտ վճիռ կայացնելու։ Մի ուրիշ հանգամանք ևս նշվեց. թագավորների կյանքի երկարությունը կախված է Տիրոջ պատվիրանները ճշմարտությամբ գործադրելուց։
Իսկ անձամբ Բարձրյալ Աստծուց իմաստություն ստացած Սողոմոն թագավորը հետագայում գրեց հետևյալ խրատները.
l Ողորմությունն ու ճշմարտությունը թագավորի պահապաններն են։
l Թագավորը հովվում է շուրթերով։
l Ինչպես ջրերի առուներն են, այնպես էլ թագավորների սրտերը Աստծո ձեռքում են. Նա, որ կողմ ուզենա, այն կողմ էլ կդարձնի այն (Առակներ 8,5, 20. 28 և 21,1)։
l Վա՜յ քեզ երկիր, եթե թագավորդ մանուկ է, իսկ իշխաններդ կերուխում են անում մինչև առավոտ։
Իսկ իշխանավորների համար նա գրում է.
l Մի չարիք էլ տեսա արեգակի ներքո, որ ակամա լինում է իշխանավորի պատճառով, երբ հիմարին բարձր դիրք է տրվում, իսկ բանիմացին ցածր են նստեցնում։
l Երանի՜ է քեզ, երկիր, երբ քո թագավորդ ազնվազարմ է, և քո իշխաններդ ուտում են ժամանակին. ուժի համար և ոչ թե գինովության համար (Ժողովող 10.5, 16, 17)։
Իսկ աշխարհականներիս, այսինքն` հավատավոր ժողովրդի համար առաքյալները մեզ հորդորում են Տիրոջով. «Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ և հանդարտությամբ վարենք մեր կյանքը, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ, այդ է բարին և ընդունելի մեր Փրկչի՝ Աստծո առաջ։ (Ա. Տիմ .2.1)։
«Ի սեր Աստծո, հնազանդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագավորին, որպես գերագույն հեղինակություն ունեցող մեկի, թե՛ կառավարիչներին, որպես նրանից ուղարկվածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրենքը պահողներին՝ գովում... վախեցեք Աստծուց, պատվեք թագավորներին» (Ա. Պետրոս 2.13)։
Այսքանն Աստվածաշնչային խրատներից և հորդորներից, իսկ այժմ քննենք մեզ և մեր մեջ կատարված վերջին դեպքերն ու հետևություն անենք ըստ գրվածի։
Կատարո՞ւմ են, արդյոք, մեր թագավորն ու իր իշխանավորներն իրենց պարտականություններն ըստ Աստծո խոսքի։ 1996-ի սեպտեմբերի 25-ի և 2008-ի մարտի 1-ի պղտոր ալիքները հաստատեցին, որ ո՛չ, չե՛ն կատարում (կամ չեն կարողանում, որ միևնույն արդյունքին է բերում), քանզի այդ հոծ մասսաների ներքին դժգոհության լիցքը կուտակվել էր, հենց այդ իշխանավորների անօրենությունների և անտարբերության (և անկարողության) պատճառով, որն արտահայտվում է զանազան կերպերով, լինի օրինազանցությունների, կաշառակերության, թույլ հսկողություն կենսական հարցերում (ինչպիսիք են՝ հաց, առողջապահություն, երեխաների ուսումը, նրանց զինվորական ծառայությունը, թոշակ, աշխատավարձ, առևտուր և այլն) կամ էլ իշխանավորների անձնական վարվելակերպից, կամ էլ անտարբերությունից, ում վրա որ կարգված են որպես իշխանավոր։
Բնական է, «վերինները» զբաղված են, հոգսերը շատ են, բայց թող չմոռանան. մեր ընտրյալներն են նստած այնտեղ, ու թող վերականգնեն հակադարձ կապը, այլապես ժողովրդից կտրված ու նրանց ցավերին անտեղյակ ու անտարբեր իշխանավորն ու թագավորը, ուզեն թե չուզեն, ակամա, հայտնի հեքիաթի նման, հերոսից շուտով կվերածվեն վիշապների, որոնց գլուխը կտրելու համար ժողովրդի միջից հերթական հերոսները կծնվեն։ Քանի որ խոսեցինք հեքիաթից, հիշենք նաև այն պատմությունը, որ մի թագավոր ծպտված շրջում էր իր ժողովրդի մեջ և լսում, թե ինչ են ասում իր մասին, կամ ինչ վիճակում է իր ժողովուրդը, որպեսզի իմանա ինչպես ճիշտ կառավարի իր հպատակներին։ Սա, ժամանակակից լեզվով ասած, հենց այդ հակադարձ կապն է ժողովրդի հետ, որ կորցրին մեր պարոնայք թագավորն ու իշխանավորները, ինչի պատճառով էլ առաջացան անպատժելիության ախտով տառապող այն բազմաթիվ տզրուկները, որոնք անարգել ու դաժանաբար ծծում են առանց այդ էլ սակավարյուն և պատերազմներից ու շրջափակումից, նաև տնտեսական ճգնաժամից ուժասպառ ժողովրդի արյունը։
Բայց հարգելի թագավոր և իշխանավորներ, մի՞թե մոռացել եք, թե ինչ ազգի հետ գործ ունեք, որի մեջքի վրա դեռ երևում են աշխարհի դաժան ու բռնակալ ազգերի բացած ակոսների հետքերը, և այդ զորավոր կարծված ազգերից շատերը չքացան պատմության թատերաբեմից ու մնացին որպես դասագրքային հուշ։
ՈՒրեմն Աստծուց իմաստություն խնդրե՛ք, որ իմանաք, ինչպես արդարությամբ, ճշմարտությամբ և կարևորը՝ մարդասիրությամբ ու ողորմությամբ ձեր ստացած պաշտոններն ի գործ դնեք և թե՛ Աստծո, թե՛ ժողովրդի օրհնանքները վայելեք։
Իսկ ինչ վերաբերում է մեզ, այսինքն` ժողովրդին, նորից հիշենք Աստծո խոսքերը և մեր անմտությամբ մեր տները չքանդենք և եղած խաղաղությունն էլ շան բերան չգցենք, այլ երկրաշարժից, պատերազմից ու շրջափակումներից, հիմա էլ ճգնաժամերից դեռ չապաքինված հազարավոր կորուստների ու դառնությունների հոգու վերքերը լիզենք, ապաքինվենք և տեսնենք, ինչպես անենք, որ այս աշխարհակործան ժամանակներում նորից ոտնատակ չլինենք զորավորների կրնկի տակ, որովհետև դեռ նոր ենք ծիլ տվել, ու ընդամենը տասնհինգ-քսան տարեկան «ջահելի» փորձ ունենք։
ՈՒրեմն ի՞նչ անենք, որպեսզի խաղաղություն ու բարօրություն տեսնենք մենք ու մեր զավակները։ Աստծո խոսքն արդեն հուշեց՝ աղոթք անենք թե բոլոր մարդկանց, թե մեր թագավորի ու իշխանավորների համար, այլ ոչ թե անեծք ու հայհոյություն, ինչպես, ավա՜ղ, շատերն են անում մեր մեջ, ու չհասկանալով, որ դրանով միայն Աստծո բարկությունն ենք գրգռում մեր դեմ, քանզի Նրա դրած պատվիրանն ենք զանց առնում և, ի վերջո, անեծքի սլաքը մեզ ենք ուղղում, ինչպես Իսրայելի ժողովրդի հետ եղավ, որը մահաբեր Եգիպտոսից դուրս գալուց հետո ժամանակավոր դժվարություններից տրտնջաց ու Տիրոջ ծառա Մովսեսին ուզեցին քարկոծելով սպանել, որովհետև օրհնողն օրհնություն կստանա, անիծողի անեծքն իր փորը պիտի վերադառնա, իսկ հայհոյությամբ մեր հոգիները կաղտոտենք և, ի վերջո, Աստծո բարկությունը կդիզենք մեզ վրա։
Ժամանակները չար են ու խաբուսիկ, Աստծո խոսքի իմաստությունը բանեցնենք, որովհետև շատ չի անցել այն օրից, երբ թե՛ քրիստոնյա, թե՛ մուսուլման, թե՛ այլակրոն ազգերի առջև մեծարվեցինք որպես մի ազգ, որ առաջինն է իրավունք ստացել կրելու Աստծո Որդու` Հիսուս Քրիստոսի մեծ ու պատվական անունը, որն իր մեծ պատվի հետ նաև մեծ պատասխանատվություն է դնում յուրաքանչյուր հայորդու առջև։
Տա՛ Աստված` այդ օրհնյալ անվան բոլոր օրհնությունները վայելողներ ու Տիրոջ անունը փառավորող ազգ լինենք. թե՛ այժմ և թե հավիտյան։ ԱՄԵՆ։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2276

Մեկնաբանություններ