ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ՄԵՂՔ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ

ՄԵՂՔ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ
08.12.2009 | 00:00

Այս մասին ստիպված ենք գրում հայորդիներին, քանի որ այս չարահնար մեղքը բազում հոգիներ է կործանել ու շատ ընտանիքների քայքայման պատճառ հանդիսացել: Եվ այս գրվածքի նպատակն է հնարավորինս հոգևոր լույս սփռել չար ուժերի մութ գործերի վրա, որպեսզի իմանանք, թե ինչ կործանարար զորություններով է շրջապատված մարդը, և ամենակարևորը՝ դրանցից ազատագրվելու ճանապարհը:
Ներկայացվող նյութերի մեջ կլինեն ոմանց համար դեռևս անհայտ մոլորությունների տեսակներ, բայց ուշադիր ընթերցողը կհամոզվի, որ դրանց բոլորի արմատը մեկն է՝ ճշմարտության թշնամին ու ստության հայրը, այսինքն` սատանան, որը, սկսած դեռ Ադամից ու Եվայից, մեզ փորձում է ներկայացնել որպես աստվածային ճշմարտություններ։ Իսկ ոմանք նույնիսկ չեն էլ հավատում սատանայի գոյությանը, որն ամենամեծ մոլորությունն է ու սկիզբը բոլոր չարիքների։ Այդ պատճառով Պողոս առաքյալը հույժ ծանոթ լինելով դիվային այդ զորություններին՝ զգուշացնում է. «Չլինի թե զրկանք կրենք սատանայից» (Բ. Կորնթ. 2.11):
Հիմա կարդանք Հին Կտակարանից, երբ Աստված Իր ընտրյալ ծառա Մովսես մարգարեի միջոցով հրեա ժողովրդին զգուշացրեց. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որ զբաղվի դյութությամբ, գուշակությամբ, կախարդությամբ կամ էլ վհուկ ու սուտ մարգարե լինի, մեռելահարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար գարշելի է նա, ով այդպիսի բաներով է զբաղվում» (Բ. Օրենք 18. 10-12):
Դժբախտաբար այն, ինչ Աստված գարշելի է համարում, այսօր այդ ախտերի մեծ մասն առկա է մեր ժողովրդի մեջ, մանավանդ կախարդության մեղքը, այսինքն՝ մարդկանց կողմից սատանայական չար ուժերի միջոցով իբր ապագան կանխագուշակելով, իրենց նպատակին հասնելու ցանկությունը: Օրինակ, շատ անմիտ կանայք (գրում եմ կանայք, որովհետև կախարդանքներով զբաղվողներն ու նրանց «ծառայություններից» օգտվողները մեծ մասամբ կանայք են), իրենց կյանքի կամ ընտանեկան անախորժությունները հարթելու նպատակով դիմում են գրբացների, կախարդների և այլ վհուկների, որոնք զանազան ձևերով իբր «օգնում են» թակարդ ընկած այդ խեղճ զոհերին, որոնք չեն էլ պատկերացնում, որ նման ձևով երջանկության հասնելու համար կապվել են չար սատանային, որն իր ծառաների՝ կախարդների միջոցով իշխանություն է ստանում այդ մոլորյալների ու նրանց ընտանիքների անդամների վրա, որոնց կյանքը դրանից հետո դառնում է ավելի դժնդակ, լի զանազան փորձանքներով և դժբախտություններով: Իսկ շատերն էլ փուչ հետաքրքրությունից դրդված՝ զբաղվում են ըստ իրենց, «անմեղ» թվացող ոգեհարցությամբ (րտՌՐՌՑՌջՎ), որը Սուրբ Գիրքը կոչում է մեռելահարցուկություն: Նմանները չեն հասկանում, որ այդ ձևով նրանք հարաբերվում են անձամբ դևերի հետ, որոնք ինչ-որ մեռածի անունով նրանց մի քանի հարցերին պատասխանելով՝ մտնում են այդ անձանց ներաշխարհն ու հետզհետե իշխանություն բանեցնելով, դրդում են զանազան անցանկալի մեղքերի, իսկ վերջում էլ արդեն անօգնական ու կամազուրկ դարձրած այդ հոգիներին կարող են մինչև ինքնասպանության դուռը հասցնել:
Այս բոլորի պատճառն այն է, որ տասնյակ տարիներ ազգովի կտրված լինելով մեր նախնիների սուրբ հավատքից ու ճշմարտության խոսքից՝ Աստվածաշնչից, կամա թե ակամա հաղորդակից ենք դարձել սատանայի մոլորեցուցիչ գործերին։ Եվ չունենալով տարրական հոգևոր կրթություն ու շփվելով ոգեղեն բնույթի այդ ուժերի հետ, դրանք մանկամտորեն ընդունել ենք որպես թե աստվածային զորություն ու ընկել դևերի ճանկը։
Ընթերցողներից շատերը ծանոթանալով շարադրված նյութերին, պիտի զարմանան, որ իրենք նույնպես, տարիներ շարունակ անգիտակցաբար օգտվելով նման «ծառայություններից», հայտնվել են չարի ճիրաններում։ Ահա այդ հոգևոր անգիտության պատճառով է, որ զանազան «Երազահաններ», «Բախտագուշակության աղյուսակներ», «Ոսկե բարեկամ», «Սողոմոնի գրեր», «Երկնքի յոթ բանալիներ. (նետեր)», կամ էլ շատերին հայտնի «Եփրեմվերդի» մոլորեցուցիչ գրքերն անգիտորեն ընդունել ենք որպես թե աստվածային ճշմարտություններ և խճճվել դրանցով լարած սատանայի որոգայթներում։ 0րինակ, «Եփրեմվերդին» հունարեն «Էֆեմերիտե» բառից է, որ նշանակում է աստղագուշակություն։ Իսկ մեզանից շատերն էլ անձամբ շփվել են, այսպես կոչված, «պայծառատեսների», «ոգեկանչների», «մոմ թափողների», «վախ չափողների», «թուղթ ու գիր անողների», «գիրկապ քանդողների», «թալիսմաններով զորացնողների», «նետ արձակողների», «մաղ պտտողների», «եղունգ նայողների», «սուրճի բաժակի մրուրով գուշակողների», «խաղաքարտերով բախտ բացողների» և այլոց հետ։ Շատերը այցելելով նրանց «աշխատավայրը», հիմնականում զարդարված զանազան սրբապատկերներով, մոմերով ու խաչերով, որ միամիտ այցելուների համար ստեղծում է բարեպաշտության կեղծ մթնոլորտ, պարզամտորեն հավատալով, խաբվել են: Իսկ ոմանք էլ հոգեկան անխաղաղության պատճառով դիմել են բազմաթիվ «էքստրասենսների», որոնք, Աստծու անունը հոլովելով, իբր տկարություններ են «բուժում»։ Շատերս դեռ լավ հիշում ենք դրանցից մեկին՝ Կաշպիրովսկուն, որը հեռուստաէկրանի դիմաց նստած հիվանդներին էր «բժշկում»: Բայց շատերն այդ սեանսների ժամանակ ստանալով թվացյալ ցավազրկում՝ հետագայում ընկել են ավելի վատթար հոգեվիճակների մեջ։ Միայն հետո, լրագրային տվյալներից իմացանք նրա բազմաթիվ զոհերի մասին՝ նույնիսկ մանկահասակների, որոնք այդ «հանդիպումներից» հետո հոգեկան խանգարումներ են ստացել ու փորձել են ինքնասպան լինել։ Այս տողերի հեղինակը 1992 թ. ցուրտ ու խավար տարիներին այդպիսի մի «հանդիպման» մասնակցեց Երևանի մարզահամերգային դահլիճում: Տեղյակ լինելով այդ սեանսների բնույթին ու հետևանքներին, մի քանի հավատացյալների ու եկեղեցու քահանայի հետ, զինված Խաչով ու Ավետարանով, հատուկ գնացինք ու հարց տվեցինք Կաշպիրովսկուն. «Ո՞Ւմ անունով կամ ի՞նչ զորությունով ես գործում»։ Նա պատասխանեց. «Ես եկել եմ հորս անունով»։ Մենք հարցրինք. «Իսկ ո՞վ է քո հայրը»։ Նա լռեց: Բայց մեզ արդեն ամեն բան պարզ էր. նա մեջբերում արեց անձամբ Հիսուսի խոսքերը, քանզի միայն Հիսուսն էր եկել մեզ բոլորիս սիրող Երկնավոր Հոր Անունով, Նրա կամքը կատարելու, իսկ մենք գիտենք, որ Կաշպիրովսկին եկել էր իր հոր՝ սատանայի կամքը գործադրելու, ինչպես որ Տերն ասաց. «Դուք ձեր հորից՝ սատանայից եք ու ձեր հոր բաղձանքն եք ուզում կատարել»։ Այդ պատճառով, երբ Կաշպիրովսկուն բազմաթիվ անգամներ հարցրել են, թե ինչու նա չի ուզում մկրտվել, նա միշտ խուսափողական պատասխաններ էր տալիս։ Իսկ մի անգամ խոստովանել է, որ եթե ինքը մկրտվի, ապա կզրկվի իր ունեցած զորությունից։ Բայց քրիստոնյաներս լավ գիտենք, թե դա ինչ զորություն է, որովհետև մկրտվողը քահանայի հետ, բոլորի առաջ պետք է հայտարարի. «Հրաժարվում ենք սատանայից և նրա խաբեություններից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքներից, նրա չար կամքից, նրա չար հրեշտակներից, նրա չար ծառաներից, նրա չար կամարարներից և նրա ողջ չար զորությունից. հրաժարվելով հրաժարվում ենք»։
Մի հոգևոր ախտ էլ կա տարածված մարդոց որդիների ու նաև հայոց ազգի մեջ. դա անեծքն է, որն առաջին հայացքից կարծես թե կախարդության հետ կապ չունի, բայց իրականում անիծողն իր սրտի չարությունից առաջնորդված, այդ պահին օգնության է կանչում սատանային, որ դիմացինին վնասի: Զգուշանալով զգուշանա՛նք այդ չարությունից ևս, մանավանդ կանայք, որոնց լեզուները ճկուն են այս մեղքի համար, մինչդեռ Դավիթ մարգարեն զգուշացնում է. «Անեծք սիրողների վրա անեծք է գալու: Որովհետև օրհնություն չուզեց, անեծքը պիտի մտնի իրենց փորը» (Սաղմոս 109:18):
Իսկ շատերն էլ լինելով սնոտիապաշտ, որ կախարդության դուստրն է, իրենց անձնական մեքենաներում, կամ ավելի վատ՝ նորածինների օրորոցներում «աչքի ուլունքներ», ոմանք էլ տան շեմին կենդանիների պայտեր, կամ դաշտային փշի խրձեր են կախում, իբր դրանցով պաշտպանվում են չար աչքից: Ասենք միանգամից. դրանով դուք միայն սատանայի չարախինդ ծիծաղն եք հարուցում, քանզի նա ոչնչից չի վախենում, այլ միայն Հիսուս Քրիստոսի Ամենազոր Անունից, Նրա սուրբ Խաչից, սուրբ Տիրամոր բարեխոսությունից (այդ պատճառով է, որ Մարիամ Աստվածածնի անունով շատ եկեղեցիներ կոչել են չարխափան), և այն ամենից, ինչ կապված է ճշմարիտ Աստծո հետ:
Իսկ վերջին ժամանակներում մեր հայազգի մտավորականների ու մշակութային ոլորտի ծառայողների շրջանում, թերթերի, ռադիոհեռուստատեսային հաղորդումների միջոցով, չարորակ քաղցկեղի պես տարածվում է մոլորակների կամ երկնային կենդանակերպերի՝ համաստեղությունների միջոցով աստղագուշակության ախտը (չՏՐՏրՍՏտ): Մինչդեռ լուրջ մարդիկ, քննելով դրանց հետ կապված զանազան դիպվածները, իմաստնաբար հրաժարվել են այդ ախտից, քանի որ երջանիկ բախտ և հաջողություն խոստացված բազում մարդկանց հանկարծահաս ու աղետալի մահերը ապացույց են դարձել, որ այդ մոլորությունը միայն հիմարների համար է:
Իսկ այժմ կարդանք, թե ինչ են ասում եկեղեցու մեր սուրբ հայրերն այս ամենի մասին, որոնց նրանք կոչեցին Նեռի նախակարապետներ։
ԿՅՈՒՐԵՂ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ. «Բազում գայլեր են շրջում գառների հանդերձներով, խաբելով միամիտներին: Մեզ պետք են հոգևոր շնորհներ ու զգաստ միտք, որ գայլին, այսինքն` սատանային, հրեշտակ չհամարենք ու նրա կողմից կորստյան չմատնվենք»:
ԿԻՊՐԻԱՆՈՍ եպիսկոպոս (նախկինում հայտնի կախարդ, որը դարձի եկավ Տիրոջ Խաչի զորությունը ճանաչելով). «Եթե Խաչի նշանը սատանայի դեմ այդչափ զորություն ունի, ապա Խաչյալը որչա՜փ ևս առավել»:
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ. «Սատանայի հպարտությունն է, որ ուզեց աստվածանալ, և այժմ էլ ջանում է բոլոր մարդկանց զանազան կախարդություններով մոլորեցնելով երկրպագվել»:
«Աստղագետներից ոմանք պնդում են, թե մոլորակներից այս կամ մյուսի տակ ծնվողները բարի կամ չար են լինում, ըստ նրանց ազդեցության, որը սուտ է, քանի որ բազում անգամներ տեսնում ենք՝ մեկ աստղի տակ, նույն պահի ծնվածներից մեկը բարի է լինում, մյուսը՝ չար»:
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ. «Կախարդները միավորված են սատանայի հետ։ Անհնար է, որ կախարդը կարողանա չնչին իսկ կախարդություն անել առանց սատանայի ու նրա շնչի։
Բայց ե՛կ և տե՛ս, թե այժմ՝ մեր իսկ ժամանակներում, կախարդների ձեռքով Աստուծո Եկեղեցում որքա՜ն չարիք է գործվում:
Քանզի սկզբից ի վեր այս է Աստծո սովորությունը, որ աշխարհում կատարվող անառակ մեղքերի պատճառով ցասում է բերում ու խրատում մարդկանց, որպեսզի հիշեն Իրեն ու դուրս գան մեղքերից. աղքատացնում է, հիվանդացնում, տարաժամ մահ սփռում, [բերքի] նվազություն ու խստագույն սով առաքում, թույլ տալիս դիվահարություն ու հանկարծակի այլևայլ պատուհասներ տալիս աշխարհին, որպեսզի մեզ ակամա դուրս հանի չարից: Եվ ով գոհանալով համբերի վշտերին ու նեղություններին, Աստված կքավի նրա հանցանքները: Առավել ևս՝ ով դիվահար է և համբերում է աղոթքով, պահքով ու սրբությամբ, նա երանելի մարտիրոսների պսակին կարժանանա Աստծո կողմից, թեպետ և մահանա չար դևից՝ ջրում, հրից կամ մի այլ որոգայթից: Սակայն այժմ տեսնում ենք, որ դիվահարները փախչում են Եկեղեցուց, Խաչից, Ավետարանից, քահանայից, աղոթքից ու պահքից, որն Աստված որպես դեղ հրամայեց այս ախտերի դեմ:
Եվ առհասարակ շատերը գրոհելով գնում են կախարդների մոտ, ոչ միայն տգետ ու ռամիկ մարդիկ, այլև առաջնորդներն ու քահանաները հոժար կամքով գնում են դյութողների ու կախարդների մոտ, որով իսկ հեռանում են Աստծուց: Եվ ոչ թե միայն դիվահարության պատճառով են գնում, այլև հենց այնպես, թեպետ այնտեղ մարդկանց համար օգտակար ոչինչ չկա: Անմտությամբ վիճակափորձվում և բախտախոսվում են կախարդների կողմից, նաև գիր ու ինչ-որ ծրարներ են վերցնում նրանցից ու ամեն բանում դիվական շունչը օգնություն են համարում, իսկ Աստծո օգնությանը չեն ապավինում: Ինչպես որ Իսրայելի արքա Սավուղն արեց, երբ գնաց վհուկների մոտ՝ բախտ հարցնելու, որի համար Աստված հարվածեց ու սպանեց նրան:
Եվ երբ դիվահարները գնում են կախարդների մոտ, [կախարդն] ասում է. «Քաջքակալ ես և ոչ թե դիվահար: Այժմ դու անհո՛գ եղիր, որովհետև քեզ շուտով կբժշկեմ ավելի լավ, քան Խաչը, Եկեղեցին և Աստված»: Եվ ասում է. «Պահք մի՛ պահիր, որդյա՛կ, մի՛ աղոթիր, այլ կե՛ր ու խմի՛ր, որպեսզի Աստված հեռանա քեզնից, և սատանան քեզ մերձենա»: Եվ տգետները հոժարությամբ են հանձն առնում կախարդների ասածները: Հետո կախարդները գնում են իրենց վարդապետ սատանայի մոտ ու աղաչում են. «Մի որոշ ժամանակով քո չար դևը հանի՛ր այս մարդուց, որ եկավ քո կամքին, որպեսզի մարդիկ հավատան ու գան մեզ մոտ, իսկ մենք էլ քո գնդերին կմիավորենք նրանց»: Եվ նա լսում է կախարդին ու մի որոշ ժամանակով հանում է դևին: Սակայն կան դևեր, որոնք վերադառնում են նույն դիվահարի մոտ, և կան, որ չեն վերադառնում: Ո՞վ գիտե, թե որքան է չար սատանայի խաբեությունը՝ մարդկանց կորստյան մատնելու համար: Քանզի, արդարև, վա՛յ է Ադամի սերունդներին. թե ի՜նչ է լինելու վերջին օրերին»:
Հայորդի բարեկամ, այսքանը բավական համարենք ու այսուհետև իմանանք, թե ով է մեր թշնամին, և ում ենք վստահում մեր անմահ հոգիները, քանի որ այդ մութ ուժերի հետ շփվելիս նախ խաթարվում են մեր հոգիները, հետո դրա հետևանքներն ենք կրում մարմնապես, ապա և՝ հավիտենապես։ Այդ պատճառով Տիրոջ առաքյալը զգուշացնում է. «Սիրելիներ, ամեն հոգու մի հավատացեք, հապա հոգիները փորձեցեք, թե արդյո՞ք Աստծուց է, քանի որ աշխարհի մեջ շատ սուտ մարգարեներ են հայտնվել» (Ա. Հովհ. 4. 1):
Իսկ Եսայի մարգարեն ասում է. «Երբ ձեզ ասեն թե՝ վհուկներին ու նշանագետներին հարցրեք», դուք պատասխանեք. «Մի՞թե ժողովուրդը իր Աստծուն պետք է չհարցնի. կենդանիների համար մեռածների՞ն պիտի հարցնի» (Եսայի 8.19): Եվ Հովհաննեսի Հայտնության մեջ հստակ ասվում է. «Վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով ու ծծումբով վառված լճի մեջ պիտի լինի, որ է երկրորդ մահը» (Հայտնություն 21.8):
Հայորդի՛ բարեկամս, քանի որ այս ամենն իմացար արդեն, ուրեմն, Աստծո գալիք դատապարտությունից փրկվելու համար, քեզ մնում է կամովի հրաժարվել սատանայի հետ կապող այդ բոլոր հնարքներից, այսինքն` գնա եկեղեցի ու Աստծո առաջ Իր քահանային զղջումով խոստովանիր անգիտությամբ կատարած այդ մեղքերդ, որպեսզի ապաշխարությամբ թողություն ստանաս: Իսկ եթե դեռևս կախարդության հետ կապված գրքեր, թալիսմաններ, աչքի ուլունքներ, պայտեր, փշեր, թուղթ ու գրեր, կամ նման այլ բաներ կան տանդ, ապա առանց ափսոսալու, ինչպես հնում արեցին նորադարձ քրիստոնյաները՝ նախ քո, հետո դրանց վրա Տիրոջ Խաչի նշանը արա և «Հայր մեր» աղոթքն ասելով, տար ու մի առանձին տեղ այրիր, որ հետքն իսկ չմնա: Այնուհետև զորացի՛ր Տիրոջ հուսադրող այս խոսքերով. «Քաջասիրտ եղե՛ք, Ես աշխարհին հաղթեցի», որովհետև. «Աստծո Որդին հայտնվեց, որպեսզի սատանայի գործերը քանդի» (Ա. Հովհ. 3.8):
0րհնյալ լինի մեր Տեր ու Փրկիչ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ, որ քանդեց սատանայի գործերը ադամորդիներիս վրայից և ազատեց մեզ աշխարհում տիրող մեղքի, մահվան ու չարի դիվական կապանքներից. Իրեն փա՜ռք ու գոհություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Իսկ վերջում, որպես օգնություն հավատավոր ընթերցողին, զետեղում ենք Գրիգոր Նարեկացու աղոթքն ընդդեմ չար զորությունների ու դիվական կապանքների.
«ՈՐԴԻ կենդանի ԱՍՏԾՈ, օրհնյալ ամեն ինչում, ահավոր ՀՈՐԴ անքննին ծնունդ, Քեզ համար չկա ոչինչ անհնար: Քո ողորմության փառքի անստվեր շողի ծագումից հալչում են մեղքերը, հալածվում են դևերը, ջնջվում են հանցանքները, խզվում են կապանքները, խորտակվում են շղթաները, կենդանանում են մահացածները, բժշկվում են հարվածները, առողջանում են վերքերը, վերանում են ապականությունները, տեղի են տալիս տխրությունները, նահանջում են հեծությունները, փախչում է խավարը, պարզվում է մեգը, ցրվում է մառախուղը, փարատվում է մռայլը, սպառվում է աղջամուղջը, վերանում է մութը, հեռանում է գիշերը, տարագրվում է տագնապը, չքանում է չարիքը, հալածվում են հուսահատությունները և թագավորում է Քո ձեռքն ամենակալ, Քավիչդ ամենայնի»: Ամեն:
Շարադրեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 7031

Մեկնաբանություններ