Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Մեր հարևանները մեզ հաղթում են 10։1 հարաբերակցությամբ»

«Մեր հարևանները մեզ հաղթում են 10։1 հարաբերակցությամբ»
23.09.2008 | 00:00

ՈՂՋՈՒՆԵԼԻ, ԲԱՅՑ ՈՒՇԱՑԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Այս տարի գարնանը նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուսանողության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պետությունն այսուհետև իր վրա կվերցնի այն երիտասարդների ուսման վարձը, ովքեր կրթությունը կշարունակեն աշխարհի առաջատար, ճանաչված բուհերում։ Նախաձեռնությունն իրոք ողջունելի է, սակայն բավականին ուշացած։ Հայտնի է, որ նման կրթական քաղաքականություն իրականացնում են ԱՊՀ շատ երկրներ (Ադրբեջան, Ղազախստան, Վրաստան)՝ գումար չխնայելով իրենց երկրի զարգացման գրավական հանդիսացող երիտասարդների կրթության համար։ Հայաստանում, սակայն, ընդամենը 2007-ի սեպտեմբերին է նման միտք հասունացել։ Այն ձևակերպվել է, թղթին հանձնվել, քննարկվել ամենատարբեր ատյաններում, և այժմ ՀՀ կառավարությունում է աշխարհի առաջատար բուհերում ու գիտակրթական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայերին օժանդակելու հայեցակարգը։ Փաստաթղթի հեղինակը ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ, ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ ԱՐԹՈՒՐ ԻՇԽԱՆՅԱՆՆ է։
Պարոն Իշխանյանը տեղեկացնում է, որ այսօր աշխարհի ճանաչված բուհերում սովորում է ընդամենը 80 ՀՀ քաղաքացի, 300 սփյուռքահայ, որոնցից 100-ն ընդամենը վերջերս է լքել Հայաստանը։ Այս թվերն Ա. Իշխանյանը համարում է ողբերգականորեն քիչ. «Երբ մենք մեր 80 ուսանողներին համեմատում ենք ադրբեջանցի ուսանողների հետ, տեսնում ենք, որ այս ոլորտում պարտվում ենք։ Աշխարհի բարձրակարգ բուհերում սովորում է մոտ 700 ադրբեջանցի երիտասարդ։ Անցած տարի Իլհամ Ալիևը ստորագրել է նախագիծ, որով ընդլայնվում է այդ ծրագիրը, և նախատեսվում է առաջիկա 7 տարվա ընթացքում 5000 ուսանողի ուսման համար հատկացնել ևս 8 մլն դոլար։ Դա նշանակում է, որ մենք արմատապես պարտվում ենք այդ մրցակցության մեջ։ Մեր հարևանները մեզ հաղթում են 10։1 հարաբերակցությամբ։ Ահա թե ինչու մեզ անհրաժեշտ է լուրջ պետական ծրագիր։ Մենք ամեն օր հայտարարում ենք, թե նավթ չունենք, և մեր նավթը մեր ուղեղներն են։ Սակայն բառերից այն կողմ առայժմ չենք գնացել։ Ցավոք, խնդիրը գիտակցված չէր մեր հանրության կողմից, և հայեցակարգի ստեղծման նպատակն էր արթնացնել պետության ու հանրության ուշադրությունը խնդրի հանդեպ»։
Վերադառնալով փաստաթղթին՝ նշենք, որ աշխարհի առաջատար բուհերում ու գիտակրթական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացի և սփյուռքահայ երիտասարդներին օժանդակելու հայեցակարգի նպատակն է Հայաստանի և սփյուռքի մարդկային ռեսուրսի զարգացումը։ Հանրապետության տնտեսության, գործարար, մշակութային և այլ ոլորտների, ինչպես նաև պետական կառավարման համակարգերի ու քաղծառայության այլ բնագավառների համար կձևավորվի բարձրագույն որակավորմամբ, առաջադեմ, երիտասարդ առաջնորդների նոր սերունդ, որը հանդես կգա որպես հանրապետության հետագա զարգացման շարժիչ ուժ։
Հայեցակարգով նախատեսվում է սահմանել բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ, որոնցում սովորող ՀՀ քաղաքացի և սփյուռքահայ ուսանողներին կցուցաբերվի օժանդակություն։ Ընդ որում, ուսանողների համար մասնագիտությունների սահմանափակում չի մտցվում։ Օժանդակություն տրվելու է ինչպես միջպետական համաձայնագրերով, այնպես էլ սեփական ուժերով բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան բարձրագույն գիտաուսումնական հաստատություններ ընդունվածներին։ Օժանդակությունը կիրականացվի համապատասխան հիմնադրամի միջոցով։ Հիմնադրամի ֆինանսական միջոցները կձևավորվեն պետական բյուջեի ամենամյա հատկացումներից, ոչ պետական կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներից և օրենքով չարգելված այլ միջոցներից։
Տարեկան քանի՞ ուսանող է նախատեսվում ունենալ բարձր վարկանիշ ունեցող բուհերում, և որքա՞ն գումար կպահանջվի ծրագիրն իրականացնելու համար։ Ա. Իշխանյանի կարծիքով, հարևան երկրների հետ մրցակցությանը դիմանալու համար տարեկան 300 ուսանող պետք է գործուղել սովորելու։ «Այդ նպատակով կպահանջվի մոտ 10 մլն դոլար։ Այս թիվը, որ նշվում է, իրատեսական է։ Դա շատ մեծ բեռ չի լինի պետության և ընդհանրապես ազգի ուսերին։ Ավելին ասեմ, իմ անձնական ճիգերը հանգեցրել են շատ նկատելի գումարների հատկացման հաստատակամության արտահայտման։ Ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել և՛ տեղական, և՛ դրսի կազմակերպություններ, հիմնադրամներ»,- նշեց Ա. Իշխանյանը։
Սակայն ի՞նչ երաշխիք, որ այդ ուսանողները, ՀՀ բյուջեի հաշվին սովորելով Օքսֆորդում, Քեմբրիջում կամ, ասենք, Հարվարդում, կվերադառնան Հայաստան և իրենց գիտելիքները կծառայեցնեն Հայաստանի զարգացմանը։ Պարզվում է, որ նման երաշխիքներ հայեցակարգում ամրագրված չեն, քանի որ ի սկզբանե այլ քաղաքականություն էր որդեգրվել։ «Մենք որդեգրել ենք ավելի ճկուն քաղաքականություն։ Մեր նպատակն է մեր տնտեսությունը համալրել որակյալ կրթություն ստացած երիտասարդներով, բայց ոչ պարտադրական մեխանիզմների օգտագործմամբ,- սա է փաստաթղթի հեղինակի կարծիքը։- Լիազոր մարմինը հանրապետությունն անհրաժեշտ կադրերով համալրելու նպատակով յուրաքանչյուր տարի շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ կկազմի տվյալ ժամանակահատվածում անհրաժեշտ մասնագետների ցանկը, և կձևավորվի նրանց կատարելիք կոնկրետ աշխատանքի բովանդակությունը։ Ըստ այդմ, հիմնադրամը կհայտարարի մասնագիտական դրամաշնորհային մրցույթներ այդ աշխատանքներն իրականացնելու համար։ Ընդ որում, պետք է առաջարկվեն հանրապետությունում աշխատելու այնպիսի պայմաններ, որոնք միջազգային աշխատաշուկայում մրցունակ լինեն և՛ աշխատավարձի, և՛ աշխատանքային պայմանների տեսակետից։ Ես կարծում եմ, որ 1500-2000 դոլար ամսական աշխատավարձը գրավիչ կլինի երիտասարդ մասնագետի համար»։
Պարոն Իշխանյանը նշում է նաև, որ այսօր մենք չունենք դպրոցի այնպիսի շրջանավարտներ կամ ուսանողներ, որոնք ի վիճակի են սովորելու աշխարհի բարձրակարգ բուհերում։ Այդ պատճառով նախատեսվում է առանձնահատուկ աշխատանքներ տանել ավագ դպրոցի օժտված աշակերտների հետ՝ նրանց նախապատրաստելով ընդունվելու այդ բուհերը։
Հայեցակարգը նախատեսում է նաև հետադարձ կապ դրսում սովորող ուսանողների հետ։ Այս ծրագրում ներգրավված բոլոր երիտասարդները տարեկան մեկ-երկու անգամ 20-30 օր տևողությամբ պետք է անպայման այցելեն Հայաստան, և այդ այցելությունները պետք է լինեն խիստ հագեցած, նպատակային։ Դրանք կլինեն ամառային դպրոցների տեսքով, որտեղ կուսուցանվեն հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, հայ մշակույթի պատմություն։ Բացի այդ, նրանց համար կիրականացվեն այցելություններ տարբեր գերատեսչություններ։ Այդ ամենի նպատակը հայ երիտասարդի մեջ հայեցի մտածողության ամրապնդումն է և երկրի հիմնախնդիրներին ծանոթացնելը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8623

Մեկնաբանություններ