Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մոսկվան իբրև արևմտյան շահերի հակակշիռ որոշեց ընտրել Ադրբեջանը

Մոսկվան իբրև արևմտյան շահերի հակակշիռ որոշեց ընտրել Ադրբեջանը
19.09.2008 | 00:00

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՊԱՀՄՏՈՑԻ ԵՆ ԽԱՂՈՒՄ
«Որքանո՞վ է համատեղելի արդյունաբերական տեմպերի աճն այնպիսի առաջին անհրաժեշտության ապրանքների առաջարկի հետ, ինչպիսիք են նավթը, պարենամթերքներն ու խմելու ջուրը։ Եթե այդ համադրությունը չստեղծվի, մեզ սպասում է պապուասական մի դարաշրջան, որտեղ իշխելու է «Բոլորը՝ բոլորի դեմ» սկզբունքը, և մի պետության ձեռքբերումները մեկ այլ պետությանը խոշոր կորուստներ են արժենալու։ Տնտեսության աճն ավելի շատ կախված կլինի բռի ուժից և աշխարհագրական կամակորություններից, քան կառավարման ինստիտուտների որակից։ Համաշխարհային ինֆլյացիայի աճը թույլ է տալիս ենթադրել, որ մենք արդեն բավական «առաջընթաց» ենք արձանագրել այս իրավիճակում»։
Ֆրենսիս Ֆուկյամա
Միջազգային ֆունդամենտալ հետազոտությունների դպրոցի պրոֆեսոր

Մեր տարածաշրջանում վերջին շրջանի աննախադեպ դիվանագիտական ակտիվությունը վկայում է, որ հիմնական աշխարհաքաղաքական խաղացողներն անցել են համաձայնեցված փոխզիջումների Ռուբիկոնը։ Ըստ այդմ, Հարավային Կովկասում ապրող բնակչությունը պետք է լրջորեն մտածի՝ ինչպես է ապրելու հետագայում, ինչպիսի աշխարհում և ամենակարևորը՝ որ երկրներում։ Այս իմաստով շատ բնորոշ էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Մոսկվայում։ Հիշեցնենք, որ այս գաղափարը ծնվեց Կրեմլում, անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Չեյնին Բաքվում ներկայացրեց ամերիկացիների պատկերացումները տարածաշրջանի ընդհանուր զարգացման և, մասնավորապես, էներգակիրների արտահանման լրացուցիչ խողովակաշարերի կառուցելու համար նոր ուղիների որոնման վերաբերյալ։ Ըստ այդմ, Մոսկվան, աշխատելով ամրապնդել իր գերիշխանությունը տարածաշրջանում, իբրև արևմտյան շահերի հակակշիռ որոշեց ընտրել Ադրբեջանը։
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Կրեմլում երկու երկրների միջև այդպիսի սերտ շփումները համարում են միանգամայն տրամաբանական, նկատի ունենալով Ադրբեջանի առանցքային դերը տարածաշրջանում»։ Նկատի ունենանք, որ հանդիպումից առաջ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները և քաղաքագետները «հրետանային նախապատրաստություն» իրականացրին մասնավորապես հասարակական կարծիքի նախապատրաստման ուղղությամբ՝ Մոսկվայի և Բաքվի ռազմավարական հարաբերությունների մասին, որոնք առանցքային են Կովկասում ռուսական շահերի պաշտպանության համար։ Միաժամանակ նշվում էր, որ Մեդվեդև-Ալիև բանակցությունների ընթացքում ուշադրությամբ քննարկվելու են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում։ Ինչպես գրեց ռուսական «Կոմերսանտը». «Մոսկվան պատրաստվում է Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել կողմերի դիրքորոշումների մերձեցման իր տարբերակը։ Այդ ծրագրի առաջին կետով նախատեսվում է ռուսական տարածքում Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ հանդիպում կազմակերպել Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև։ Ադրբեջանի նախագահին հետաքրքրելու և հանդիպման գործնական կազմակերպումն իրականացնելու համար առաջարկվելու է քննարկել Բաքվի համար շատ կարևոր հարցը՝ Լաչինի միջանցքի իրավական կարգավիճակի վերաբերյալ, որով Լեռնային Ղարաբաղը կապվում է Հայաստանի հետ։ Ավելի ճշգրիտ՝ համաձայնեցնել այդ ճանապարհի կենսագործունեության ռեժիմն այնպես, որ ապահովվի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց մյուս կողմից` չդիտարկվի որպես այդ տարածքը Երևանի կամ Ստեփանակերտի իրավասության տակ փոխանցելու ցանկություն»։
Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են։ Դատելով ամենից, Կրեմլում նստած նոր ռազմավարները հանուն «Մեծ Ռուսաստանի» շահերի, իսկ ավելի կոնկրետ` նավթագազային մոնոպոլիայի, որոշել են զոհել Հարավային Կովկասում իրենց «միակ ֆորպոստը», ինչը եղել է ոչ մեկ անգամ։ Նկատի ունենանք, որ անգամ հայկական կողմի համար ամենաանընդունելի կարգավորման նախագծերի պայմաններում Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցը նույնիսկ չի էլ քննարկվել, և պարզ է եղել, որ պահպանվելու է ներկա ստատուս-քվոն։ Իսկ այսօր ռուսական լրատվամիջոցներում լրագրողները, «վելիկոռուսական մեծամտությամբ» տարված, սկսել են «հիմնավորումներ» որոնել Ադրբեջանին այդպիսի շքեղ նվեր անելու համար։ Ընդ որում, արժե նկատի ունենալ, որ ինքնավստահությունը հասել է այն աստիճանին, որ ընդհանրապես չի խոսվում ԼՂՀ անվտանգության գոտին կազմող մնացած բոլոր տարածքների մասին։ Դրանց հարցը կարծես լուծված են համարում, և բանը հասել է Լաչինի միջանցքի կարգավիճակը որոշելուն։
Բացի խաղաղասիրական նախաձեռնություններից, Դմիտրի Մեդվեդևը նաև այլ կարևոր թեմաներ ուներ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկելու համար։ Ընդդեմ Վրաստանի ռուսական ռազմական օպերացիայից հետո Ադրբեջանի նկատմամբ չափազանց աճել է արևմտյան ուշադրությունը։ Անցած շաբաթ Բաքուն մի քանի օրով դարձավ տարածաշրջանի էներգետիկ հարցերի մայրաքաղաքը, երբ կազմակերպվեց «Թուրքմենստանի և Ադրբեջանի նավթագազային ներուժը. էներգետիկա, տնտեսություն, բնապահպանություն և համագործակցության ռազմավարություն» շատ երկար անվանումով բիզնես-ֆորումը։ Այդ միջոցառման ժամանակ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը հավաստիացրեց հավաքվածներին, որ իր երկիրը միանշանակ պատրաստակամ է տրամադրելու իր ենթակառուցվածքները՝ Ռուսաստանը շրջանցող ճանապարհով կենտրոնասիական երկրների նավթագազային պաշարներն Արևմուտք արտահանելու համար։
Այսպիսի ընդգծված ուշադրությունն Ադրբեջանի նկատմամբ, բնականաբար, չի ուրախացնում Մոսկվային։ Մանավանդ որ Բաքուն ՎՈՒԱՄ կազմակերպության շրջանակներում դաշնակցային հարաբերություններով կապված է Վրաստանի հետ։ Եվ այդ պայմաններում Մոսկվան շահագրգռված է, որ Ադրբեջանն ամեն կերպ հրաժարվի Արևմուտքի հետ ռազմական համագործակցության զարգացումից։ Մանավանդ որ անցյալ տարի Վաշինգտոնն արդեն առաջարկել էր Բաքվին՝ Կասպից ծովի առափնյա հատվածում կազմակերպել ռազմաուսուցողական ճամբարներ, ինչպիսիք ստեղծվել էին Վրաստանում։ Այս կապակցությամբ մոսկովյան «Կոմերսանտը» նշում է. «Ռուսաստանի արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններում կարևորագույն թեմաներից մեկը կդառնա այնպիսի երկկողմ համաձայնագրի ստորագրումը, որով կբացառվի կասպիական տարածաշրջանում ոչ տարածաշրջանային պետությունների զինված ուժերի մուտքը և տեղակայումը։ Մոսկվան, անշուշտ, կցանկանար, որ այս հանգամանքն արտահայտված լիներ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հայտնի կոնվենցիայի սկզբունքներում, քանի որ այդ փաստաթուղթը մշակման փուլում է։ Որպես փոխհատուցում, Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը և կատարել իր պարտավորությունները զրահատանկային տեխնիկայի, դրա պահեստամասերի և հրաձգային զենքերի մատակարարման առումով»։
Սակայն առայսօր չլուծված է մնում Մոսկվայի համար ամենակարևոր հարցերից մեկը՝ Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրի գազի պաշարների վաճառքը ռուսական «Գազպրոմին»։ Կրեմլի այս մոտեցումները, սակայն, բոլորովին հակառակ տեսանկյունից են մեկնաբանում ադրբեջանական լրատվամիջոցները։ Այսպես, «Այնա» թերթը, հրապարակելով հոդված այն մասին, թե Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանում ռազմական բազա տեղակայել, մասնավորապես նշում է. «Ինչպես հաղորդում են ռուսական ռազմական շրջանակներին մոտ աղբյուրները, նրանք հիմա գլուխ են ջարդում Ադրբեջանը ռուսական շահերի ուղեծիր վերադարձնելու ուղղությամբ։ Այս պահին մոսկովյան ռազմավարները մտածում են երեք ուղղությամբ. առաջինը՝ մասնակցություն ունենալ Ադրբեջանի տնտեսական գործընթացներում և ազդել դրանց վրա, երկրորդ՝ հնարավորություն ստեղծել Ադրբեջանի տարածքում ռուսական ռազմական ենթակառուցվածքների վերականգնման համար, երրորդ՝ ապահովել Ռուսաստանի գերակայությունը Կասպից ծովի անվտանգության ապահովման խնդիրներում։ Այս իմաստով հնարավոր են մի շարք փոփոխություններ, և խոսքը մասնավորապես վերաբերում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի տարածքում 4 հազար ռուսական զինծառայողների տեղակայմանը»։
Այսքանով հանդերձ, նախագահների միջև հանդիպումը տեղի ունեցավ։ Այն ուղեկցվեց արևելյան քաղցրախոսությամբ, բարեկամության հավաստիացումներով և ռուսական ԶԼՄ-ների մեծամասնության հիացական մեկնաբանություններով։ Ռուսաստանի ղեկավարությունն ամբողջ կազմով հանդիպեց Իլհամ Ալիևի հետ։ Սկզբում Մերձմոսկովյան Մայենդորֆ դղյակում կայացավ նախագահների հանդիպումը, ապա Կրեմլում Իլհամ Ալիևի հետ զրույց ունեցավ նաև վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Սակայն բանակցությունների արդյունքները, փորձագետների մեծամասնության գնահատմամբ, ավելի քան համեստ են և մեծ հաշվով` աննպատակ։ Մեդվեդևն ընդհանուր արտահայտություններով ձևակերպեց երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը, Ալիևն իր հերթին հայտարարեց, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն օրինակելի են։ Մինչդեռ անգլիական «Բի-Բի-Սին» նշում է, որ կողմերին չի հաջողվել Կովկասի վերաբերյալ որևէ առանցքային պայմանավորվածության հասնել. «Բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսը հստակ ուրվագծեց Մոսկվայի և Բաքվի մոտեցումների միջև տարբերությունները Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Եթե Մեդվեդևը կրկին խոսեց «վրացական ագրեսիայի» մասին, ապա Ալիևն ավելի շատ շեշտադրում էր բոլոր հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով և փոխադարձ հարգանքի հիմքի վրա կարգավորելու անհրաժեշտությունը, և որպեսզի տարածաշրջանում «ջանքերի համատեղման ճանապարհով խաղաղություն և կանխատեսելիություն հաստատվի»։
Ավելին, փորձագետների մեծամասնության կարծիքով, եթե նկատի ունենանք Բաքվի սերտ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, ադրբեջանական բանակը, ամենայն հավանականությամբ, հիմնականում զինվելու է արևմտյան արտադրության զինատեսակներով, չնայած Բաքուն աշխատելու է չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Տապալված են գնահատվում նաև Ադրբեջանին «էներգետիկ խայծերով» գայթակղելու ռուսական փորձերը։ Դրա ապացույցը հանդիսացավ Ադրբեջանի նավթագազային ոլորտ առաջին եվրոպական ծիծեռնակի մուտքը, երբ Մոսկվայում Մեդվեդև-Ալիև բանակցությունների խորապատկերի վրա ադրբեջանական կողմը էներգետիկ ոլորտում համագործակցության պայմանագիր ստորագրեց Հունաստանի հետ։ Իսկ դա, ի միջի այլոց, «Նաբուկո» արևմտյան էներգետիկ ծրագրի առաջին փուլն է, որի իրագործումը ռուս-վրացական պատերազմից հետո ավելի քան իրատեսական է՝ անկախ ռուսական վերլուծաբանների հակառակ պնդումներից։
Այնպես որ, ռուսական թերթերից մեկի բավական դիպուկ բնորոշման համաձայն՝ «Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ պահմտոցի են խաղում, թե ով ում ավելի շուտ կդավաճանի»։ Իսկ մենք չենք կարող չնկատել, որ հայ ժողովրդի շահերն իբրև մանրադրամ օգտագործելու Կրեմլի հերթական փորձերը ոչ միայն անթույլատրելի են հայ-ռուսական բազմամյա հարաբերությունների տրամաբանության տեսանկյունից, այլև Մոսկվային կարող են դնել ենթասպայի այրու կարգավիճակում։ Իսկ Հայաստանի և նրա քաղաքական վերնախավի համար գալիս են համախմբված և շատ պրագմատիկ որոշումներ ընդունելու ժամանակները։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4910

Մեկնաբանություններ