Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Շվշվացնելով» ապրում են` «ջրելով» ջրի հարցը

«Շվշվացնելով» ապրում են` «ջրելով» ջրի հարցը
07.08.2009 | 00:00

Ա՜Խ, ԱՅԴ ՋՈՒՐԸ...
Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարը երեկ կառավարության նիստին ամենայն լրջությամբ առաջարկեց կառուցվածքային փոփոխություն կատարել համակարգում և խմելու ու ոռոգման ջրերի տեսչությունը բաժանել ըստ ոլորտների։ Ճիշտ է, նա հավելեց, որ նշված փոփոխությունը նոր հաստիքների անհրաժեշտություն չի առաջացնի։ Ինչ խոսք, մեզ համար մի տեսակ դժվար է պատկերացնել, որ հաստիքների խնդիր չի առաջանա։ Ի՞նչ է, նույն վարչության պետն իր տեղակալներով հանդերձ ղեկավարելու է երկու ոլորտնե՞րն էլ, եթե այո, ապա ինչի՞ համար է այդ փոփոխությունը, իսկ եթե ոչ, ինչպե՞ս է լուծվելու կառավարման խնդիրը։ Ինչևէ, այս պահին մեզ ավելի շատ հետաքրքրեց, թե որն է կառուցվածքային փոփոխության նպատակը, ինչի համար դիմեցինք վերը նշված կոմիտեի ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ։
-Ձևավորվելու են առանձին վարչություններ ըստ ոլորտների` ոռոգման և խմելու ջրերի։
-Որքանո՞վ դա պետք է նպաստի սպասարկման մակարդակը բարձրացնելուն։
-Հենց դրա համար էլ վերակառուցում ենք անում, որպեսզի մարդիկ, ըստ առանձին ոլորտների, կարողանան ավելի շատ խորանալ աշխատանքների մեջ, ինչը դրական ազդեցություն կունենա սպասարկման մակարդակն ինտենսիվ բարձրացնելու գործում։
-Այսինքն` դրանով ջրի կորուստները կնվազե՞ն։
-Հիմնական նպատակները մեր առաջնահերթ ծրագրերով սահմանված են։ Դրանց մասին ես խոսել եմ և առաջիկայում նույնպես կասեմ։ Ջրի կորուստների նվազեցման խնդիրը մեր նպատակներից մեկն է։
-Որը դեռևս չի լուծվել, և ավելին` ջրի կորուստների քանակն ավելացել է։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։
-Ես առաջիկայում կհանդիպեմ և բոլորին կներկայացնեմ կատարված աշխատանքները։ Արդեն նշեցի, որ ցուցանիշները շատ են, և կորուստների հարցը դրանցից մեկն է։
-Հենց դրա համար էլ հարցնում եմ` ինչո՞վ է պայմանավորված, որ ջրի կորուստները գնալով մեծանում են, նվազելու փոխարեն։ Եթե երեք տարի առաջ այն կազմում էր 80-82 տոկոս, ապա այժմ 84 տոկոս է։
-Ես կարծում եմ, որ առաջին հերթին սպառողին պետք է անընդհատ և անվտանգ ջուր մատակարարել, հետո անդրադառնալ համակարգի ներսի ցուցանիշներին։
-Դուք գո՞հ եք ջրի մատակարարման որակից։
-...
Այստեղ ենթադրվում էր, որ պետք է լիներ ջրային տնտեսության կոմիտեի նախագահի պատասխանը, սակայն մեր հարցը մնաց անպատասխան։ Երևի մեր զրուցակիցը շատ էր շտապում կամ էլ, համաձայնեք, անհարմար կլիներ, եթե նա գոհունակություն հայտներ ջրի մատակարարումից, իսկ եթե այն ողջուներ, ակամա ինքն անհարմար վիճակի մեջ կհայտնվեր։ Այն պարզ պատճառով, որ մեզնից յուրաքանչյուրը, լինելով ջրի սպառող, շատ լավ գիտի ջրի մատակարարման և որակի ինչպիսին լինելը։ Այս մասին շատ է ասվել, շատ է գրվել, բայց, չգիտես ինչու, խնդիրն անտեսված է, իսկ ֆրանսիական ընկերությունները, որոնց վստահված է «Երևան ջուր» և «Հայաստանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունների կառավարումը, իրենց համար «շվշվացնելով» ապրում են` «ջրելով» ջրի հարցը։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ