Իլհամ Հեյդարովիչն ապրում է իր կյանքի «լավագույն օրերը», որ կարող են վերջինը լինել նախագահական նստավայրում: Նա անվերջ հարցազրույցներ է տալիս ու անվերջ ստում է՝ ֆեյք նյուզ որակելով այն, ինչ ականատեսներ ունի՝ լրագրողի վկայությամբ: Նայում է լրագրողի աչքերին ու հարցնում՝ «Ինչու՞ ոչ» բացարձակ անհեթեթությանը առ այն, որ կամ հայերն են հարվածել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, կամ նույն օրը «պատահմամբ» ադրբեջանական ռմբակոծիչները երկու անգամ «սխալվել են»: Պարզվում է՝ Ադրբեջանը կասետային ռումբեր չի կիրառում, պարզվում է՝ ցանկացած իրական փաստ Ադրբեջանի դեմ «սև քարոզչություն է»: BBC-ին, որ պատերազմի ամբողջ ընթացքում ներկայացրել է բացառապես թուրք-ադրբեջանական տեսակետը, ոչ մի անգամ չի համադրել հայկական տեսակետի հետ, նա հայտարարում է, որ ադրբեջանական բանակը անհապաղ կդադարեցնի կռիվը, եթե Հայաստանը դուրս գա Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքներից: Իսկ հետո նույն BBC-ին հայտարարում է, որ խաղաղության հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Հայաստանի վարչապետն է Նիկոլ Փաշինյանը:
Նույն BBC-ի թղթակից Օռլա Գերնիի հարցին՝ ձմեռ է գալու, մարդասիրական աղետի վտանգ չե՞ք տեսնում Ղարաբաղում հարցին՝ հոգատարությամբ պատասխանում է՝ ի՞նչ եք ասում, մենք ամեն ինչով կապահովենք Ղարաբաղի ժողովրդին՝ հաց ու ջուր կհասցնենք: ՈՒ BBC-ի թղթակիցը, հասկանալի պատճառներով, չի հարցնում, եթե այդքան մարդասեր եք, ինչու՞ եք ֆոսֆորով այրում Արցախի անտառները, ինչու՞ եք ռմբակոծում ծննդատունն ու հիվանդանոցները, ինչու՞ եք ավերում ռազմական օբյեկտների հետ կապ չունեցող ենթակառուցվածքները, մարդկանց ինչու՞ եք սպանում: Չի հարցնում, որովհետև բոլոր հարցերի պատասխաններն ունի: Համաձա՞յն է, համաձայն չէ՞ այդ պատասխանների հետ, թողնենք իր խղճին, փաստը մնում է փաստ, որ ռազմագերիներին գնդակահարելու, զինվորների գլխի համար մոջահեդներին 100 դոլար վճարելու պատրաստ պետությունը այսօր արդեն ինքն է կանգնած պետությունը գլխատվելու եզրին:
Ալիևը այլևս ոչինչ չի որոշում իր երկրում: Ալիևն այլևս ոչինչ չի որոշելու Ադրբեջանում, ու դա Լեռնային Ղարաբաղը գրավելու գինն է, որ նա կանխավ վճարել է Էրդողանին: Ինչու՞: Պատերազմի ընթացքում մենք փաստացի ժամանակ չենք ունեցել պատասխանելու այս հարցին: Իսկ պատասխանը մեկն է՝ Ալիևն առանց այդ էլ, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով, կորցնում էր իշխանությունը: Կորցնել իշխանությու՞նը, թե՞ երկիրը հարցին նա իր համար պատասխանել է՝ երկիրը: Համենայն դեպս՝ հույս ունենալով, որ Էրդողանը չի պահանջի իր անհապաղ հեռանալը ու նոմինալ նախագահ կմնա ինչ-որ ժամանակ: Գուցե նաև հույս ունի, որ այդ ինչ-որ ժամանակի ընթացքում Էրդողանն ինքը կկորցնի իշխանությունը: Կմնա «վերադարձված» Լեռնային Ղարաբաղը, որն էլ իր իշխանությունը կապահովի: Գուցե Իլհամ Հեյդարովիչի հաշվարկները ճիշտ են՝ իր տեսակետից, իրականում նա կորցնում է այլևս օֆշորային հաշիվներում նոր գումարներ մուտքագրելու շանսը, այլևս Էրդողանն է տնօրինելու նրա կոռուպցիոն սխեմաները: Սա ևս փաստ է, որ Իլհամ Հեյդարովիչը պետք է գրանցի իր պասիվում, իսկ ակտիվում հազիվ թե ունենա Ղարաբաղը: Հակառակ Շուշին գրավելու, Լեռնային Ղարաբաղը «ազատագրելու» բոլոր հայտարարություններին:
Գուցե նրա հույսը նորից Էրդողանն է, կամ տեղեկությունը, որ CNN Turk-ն է տարածել՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, առ այն, որ որ Էրդողանը նոյեմբերի 7-ին հեռախոսազրույցում Պուտինին առաջարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել, Պուտինը Էրդողանի առաջարկը ընդունել է։ CNN Turk-ը հայտնում է նաև, որ այդ ձևաչափով աշխատանքները «կարող են սկսվել արդեն առաջիկա օրերին, կարող է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ»։ Իսկ Ադրբեջանը «Շուշիում հաղթանակից հետո» կդադարեցնի առաջխաղացումը, որից հետո կսկսվեն բանակցությունները: Հայաստանն էլ կհամաձայնի «աստիճանաբար դուրս հանել իր զորքերը յոթ շրջաններից»։
Թեև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ չի մեկնաբանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար թուրք-ռուսական համատեղ աշխատանքային խմբի ստեղծման տեղեկությունը, բայց փաստը, որ Էրդողանը զորքը հանել է Սիրիայի Համայից ու հիմա Համայի վրա Սիրիայի դրոշն է, ինչ-որ համաձայնության արդյունք է։ Հայտնի չէ նաև, թե Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո ի՞նչ են խոսել Լավրովն ու Չավուշօղլում: Պեսկովը միայն հայտարարել է «Ռուսական կողմը նախկինի պես ներդնում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»։
Այս ընթացքում ակտիվացել է նաև Իրանը: Երեկ ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը դարձյալ հարևաններին կոչ էր արել սեփական յուղում տապակվել՝ Զարիֆն «անկեղծ ուղերձով» հայտարարում էր, որ «դրսի աշխարհի» վրա հիմնվելն անվտանգության երաշխիք չի կարող լինել, իսկ Իրանի հետ «միասին հնարավոր կլինի ավելի լավ ապագա կառուցել»: «Թրամփը հեռանալու է 70 օրից, իսկ մենք այստեղ հավերժ ենք մնալու: Անվտանգության ապահովման համար դրսի երկրների վրա հիմնվելը լավ տարբերակ չէ: Ձեռք ենք մեկնում մեր հարևաններին՝ երկխոսության ճանապարհով տարաձայնությունների լուծման համար: Միայն միասին կարող ենք ավելի լավ ապագա կառուցել բոլորի համար»՝ թվիթերում գրել էր Զարիֆը: Այդպես էլ հայտնի չդարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Իրանի առաջարկի մանրամասները, իսկ այն, ինչ հրապարակվեց, վկայում էր, որ Իրանն իր շահն է պաշտպանում ու շարունակում է տարածաշրջանից ԱՄՆ-ին դուրս մղելու քաղաքականությունը: Բայց ինչու՞ Թուրքիային ներմուծելու գնով, եթե Թեհրանը զուգահեռ ամեն օր հայտարարում է, որ իր սահմաններին մոջահեդներ չի հանդուրժի, իսկ մոջահեդներին արտահանում է Անկարան: Սա կամ պարադոքս է, կամ կիսատեղեկատվության հետևանք:
Պատերազմը շարունակվում է, ու եթե Իլհամ Ալիևը անձամբ է պահանջում Հայաստանի վարչապետի հրաժարականը խաղաղության հաստատման համար, իր հրաժարականին հասնելու է Էրդողանը: Դա է օբյեկտիվ իրականությունը,՝ ու դա այս պատերազմի ֆեյք նյուզերից չէ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր», ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Իլհամ Ալիևի՝ BBC-ին հարցազրույցի մասին: «Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից», - նշել է Նաղդալյանը։ Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևի մարդատյաց հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:
Ցավոք, առայժմ ոչ ԱԳՆ, ոչ ՊՆ խոսնակները չեն պատասխանում գլխավոր հարցին՝ ինչու՞ Ադրբեջանի նախագահը ընդհանրապես հնարավորություն ունի անել այն, ինչ անում է Արցախում: Իսկ Նախիջևանի տարածքից ռուսական ՄԻ-24 ուղղաթիռը Հայաստանի տարածքում երեկ խոցելը այս պատմության երրորդ մասն է: