ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում է դեմոկրատ Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող, որ թույլ չի տալիս սկսել հետընտրական անցումային շրջանը: Politico-ն գրում է՝ քանի դեռ Մերֆին Բայդենին չի ճանաչում ընտրված նախագահ, նրա թիմը չի կարող կառավարական ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ստանալ և դաշնային վարչությունների հետ աշխատանք սկսել:
«Հաստատում դեռևս չկա: Վարչությունը և դրա ղեկավարը կշարունակեն հետևել օրենքի բոլոր պահանջներին»,– ասվում է Վարչության հայտարարությունում:
Ըստ փորձագետների՝ այս ուշացումը կարող է խոչընդոտներ ստեղծել Բայդենի թիմի համար: Ստեղծված իրավիճակում Մերֆին հայտնվել է հետընտրական զարգացումների կենտրոնում: Բայդենի՝ անցումային թիմը մինչ այդ Մերֆիի գլխավորած վարչությանը ժամանակ էր տվել որոշում կայացնելու համար, կիրակի հայտարարվել է, որ պատրաստվում է ճնշում գործադրել պաշտոնյայի վրա, որ պաշտոնապես հաստատի Բայդենի հաղթանակը: