Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի «Պարի Սեն Ժերմեն»-«Մարսել» դիմակայությունը մեր նախորդ նյութում ներկայացրել ենք, սակայն, քանի որ հետխաղյա զարգացումները ոչ պակաս հետաքրքրական ընթացք են ստացել, արժե դրանց ևս անդրադառնալ, մանավանդ որ խոսքն առնչվում է այնպիսի նուրբ թեմայի, որպիսին ռասիզմն է, որի դեմ ֆուտբոլում բավականին հետևողական պայքար է մղվում միանգամայն հասկանալի պատճառներով, և որը գնալով «սևանում» է։ Այ, տեսա՞ք, ռասիզմին տուրք տալու մի ձև էլ գործածածս «սևանալ» բառն էր հիշյալ ենթատեքստում, ինչը հուշում է, որ հնարավորինս զգույշ պիտի լինել արտահայտություններում։
Մարսելցիների նվազագույն հաշվով շահած դիմակայությունը խաղավարտին վերածվել է կրքերի բուռն հրավառության։ «Մայրաքաղաքայիններից» հեռացվել են նախ Կյուրզավան ու Պարեդեսը, ապա, VAR համակարգի ծառայություններից օգտվելուց հետո (տեսապատկերը հստակ վկայում է, թե ինչպես Նեյմարը հարվածում է «Մարսելի» պաշտպան Գոնսալեսի գլխին) հանդիպման մրցավարը նույն բանն արել է և բրազիլացու հետ, որն արդեն իսկ դեղին քարտ ուներ (երկու կարմիր քարտ էլ ստացել են հյուրերը)։
Նկատենք, որ մինչ այդ պահն էլ է Նեյմար-Գոնսալես զույգը դաշտում իրար բշբշտել։ Ըստ Նեյմարի, իրեն ռասայական հողի վրա վիրավորել են, ինչի մասին տեղեկացրել է մրցավարին, սակայն վերջինիս կողմից պաշտպանություն չի գտել։ Արժանանալով նման վերաբերմունքի՝ բրազիլացին իր ցասումը բարձրաձայնել է տեսախցիկի առաջ. «Ես հարվածել եմ նրան, որովհետև նա ռասիստ է»։
Արդեն հանդերձարանում Նեյմարը երկու ցասկոտ գրառում է արել. «Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ ես այդ տխմարի դեմքի՛ն չեմ հարվածել, և VAR-ը հեշտությամբ տեսավ իմ ագրեսիան… Իսկ ես հիմա ուզում եմ կադրեր տեսնել ինձ կեղտոտ կապիկ անվանած ռասիստի հետ։ Ես ուզում եմ դրանք տեսնել։ Ի՞նչ է կատարվում»։
Ինքը՝ Գոնսալեսն էլ է նախապատվությունը տվել թվիթերյան հաղորդակցությանը՝ կից ներկայացնելով սևամորթ թիմակիցների հետ լուսանկար. «Այստեղ ռասիզմին տեղ չկա։ Ես մաքուր կարիերա ունեմ։ Ես օրերով եղել եմ թիմի իմ գործընկերների ու ընկերների հետ։ Երբեմն պետք է սովորել պարտվել ու պարտությունը խաղադաշտում ընդունել։ Անհավանական երեք միավոր էր։ Առաջ, «Մարսել», շնորհակալություն, ընտանիք»։
Սակայն թվիթերյան այս գրառումն ավելի է կատաղեցրել Նեյմարին։ Ի պատասխան՝ ահա թե ինչ է նա գրել Գոնսալեսին. «Դու տղամարդ չես, եթե չես ընդունում քո սխալները։ Պարտությունները սպորտի մաս են, իսկ վիրավորելն ու ռասիզմը՝ ոչ։ Ես չեմ հարգում քեզ։ Քեզ չի բավականացնում տղամարդկությունը։ Վարվիր այնպես, ինչպես ասում ես, ախպերիկ… Տղամարդ եղիր, мудак։ Ռասիստ»։
ՈՒսումնասիրելու համար բոլոր տեսանյութերը փոխանցվել են Լիգա 1-ի հսկիչ մարմիններ. գործն այնտեղ կնայեն, իսկ առայժմ Նեյմարը շարունակում է պատերազմը։ Ինստագրամում նա հսկայական բացատրություն է թողել «Մարսելի» հետ խաղում իր գործողությունների մասին. «…Ինձ պատժեցին կարմիր քարտով, որովհետև ուզում էի հարվածել նրան, ով վիրավորել էր ինձ։ Ես որոշեցի, որ ոչինչ չարած՝ ես չեմ կարող պարզապես հեռանալ, որովհետև հասկանում էի, որ պատասխանատու դեմքերը ոչինչ չեն ձեռնարկի։ Խաղի ժամանակ ես ուզում էի պատասխանել սովորականի պես՝ խաղալով ֆուտբոլ։ Ստացվեց այնպես, որ դրանում ես չհաջողեցի ու պայթեցի…
Մեր սպորտում ագրեսիան, վիրավորանքները, հայհոյելը խաղի մաս են, կոնֆլիկտի մաս։ Չի կարելի քնքուշ լինել։ Մասամբ ես հասկանում եմ այդ տղային, այդ ամենը խաղի մաս է։ Սակայն ռասիզմն ու անհանդուրժողականությունն անթույլատրելի են։
Ես սևամորթ եմ, սևամորթի որդի, սևամորթի թոռ ու ծոռ։ Ես հպարտանում եմ դրանով ու չեմ տեսնում, որ տարբերվում եմ մյուսներից։ Երեկ ես ուզում էի, որ պատասխանատու դեմքերը (մրցավարներ, օգնականներ) բռնեին անկողմնակալ դիրք ու հասկանային, որ նախապաշարմունքները տեղ չունեն սպորտում։ Ապրելով ու տեսնելով ողջ եղածը՝ ես վշտացած եմ ատելության պատճառով, որը մենք կարող ենք ունենալ պահի բորբոքվածության մեջ։ Պե՞տք էր, որ ես զուսպ լինեի։ Այսօր, ավելի սառը գլխով, ես ասում եմ՝ այո, սակայն այն պահին ես ու իմ խաղընկերներն օգնության համար դիմեցինք մրցավարին ու չստացանք այն։ Ահա թե բանն ինչ է։
Մենք զբաղված ենք զվարճանքի ինդուստրիայում, պիտի կշռադատենք մեր արարքները։ Գործողությունները հանգեցրին նման ռեակցիայի, ու ահա թե ինչով ամեն ինչ ավարտվեց։ Ես ընդունում եմ իմ պատիժը, քանի որ պարտավոր էի հետևել մաքուր ֆուտբոլին։ Մյուս կողմից, ես հույս ունեմ, որ մեղավորը նույնպես կպատժվի։ Ռասիզմը գոյություն ունի։ Այն գոյություն ունի, սակայն մենք պետք է այն կանգնեցնենք։ Բավական է, հերիք է։
Այդ տղան հիմար պահեց իրեն։ Ես էլ ինձ այդպես պահեցի՝ թույլ տալով ինձ ներքաշել այդ բանի մեջ, բայց սրա հետ մեկտեղ ես գլուխս բարձր եմ պահում։ Սակայն բոլորիս հարկ է մտածել այն մասին, որ բոլոր սևամորթ ու ու սպիտակամորթ մարդիկ չեն հավասար պայմաններում գտնվում։
Բախումների պատճառով կորուստները կարող են կատաստրոֆիկ լինել՝ սև ես, թե սպիտակ։ Ես չեմ ուզում դա անել, ու մենք չպիտի փոխենք թեման։ Մաշկի գույնը չեն ընտրում։ Աստծո առաջ բոլորը հավասար են։ Այսպիսով, երեկ ես կորա խաղում, ու ինձ չբավականացրեց իմաստությունը… Հասկանում եմ, որ եթե արհամարհես ռասիզմի դրսևորումը կամ լինես իրադարձությունների կենտրոնում, դա գործին չի օգնի։ Սակայն մենք պետք է առաջ մղենք հակառասիստական շարժումը, որպեսզի նրանք, ովքեր քիչ հնարավորություն ունեն, լինեն պաշտպանված։ Մենք նորից կհանդիպենք խաղադաշտում ու ամեն ինչ այնտեղ կորոշենք, ինչպես ես վարժված եմ անելու։ Գնա խաղաղությամբ, գնա խաղաղությամբ։ Դու գիտես՝ ես ինչ ասացի։ Ես գիտեմ ինչ եմ արել։ Թող այս աշխարհում սերն ավելի շատ լինի»։
Հ. Գ. Քանի դեռ հետաքննությունն ավարտված չէ, Նեյմարին սանկցիաներ են սպասում։ Համաձայն Լիգա 1-ի կանոնակարգային սահմանման, բրազիլացուն սպասում է որակազրկում 4-7 խաղով։ Այնպես որ, ՊՍԺ-ն փոսից դուրս գալու ելքեր պիտի փնտրի առանց գլխավոր աստղի։ Վերջում, թեկուզ այսքան բանից հետո ցանկալի չէ հիշելն ու հիշեցնելը, բոլոր դեպքերում ասենք՝ «Պարի Սեն Ժերմենն» ու «Մարսելն» այդ օրը խաղադաշտը վերածեցին ռինգի՝ 12 դեղին ու 5 կարմիր քարտ, կռիվ, հրմշտոց, ծեծկռտուք։ Թիմերն անգամ հաջողեցրին կոպտության նոր ռեկորդ սահմանել։ Ահա անհավասարակշիռ պահվածքի հետևանքը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ