Պատմությունը, որ ներկայացնելու ենք, իրական է, ունի գործողությունների ծավալման կոնկրետ վայր՝ Նոր Նորք վարչական շրջան, կոնկրետ ժամանակ՝ այս տարվա սեպտեմբերի 6։ Այդ օրը հիշյալ վարչական շրջանի բակերից մեկում իր ծանոթների հետ է եղել մեր հայտնի մարզիկներից աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր, ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ ու նույնքան բարձր կարգավիճակ ունեցող մրցավար Արմեն Ղազարյանը, որտեղից էլ բերման է ենթարկվել Նոր Նորքի ոստիկանության բաժին։ Դեպքի վայրում գտնվելու մարզիկի բացատրությունը սա է. «Ներկա եմ գտնվել և բացատրություն պահանջել այդ պահին մեկ այլ քաղաքացու առևանգման համար»։
Թե ինչու էր Արսեն Ղազարյանն իրեն նման լիազորություններ վերապահել, թողնենք գործի քննությանը, ընթերցողի ուշադրությունն առավելապես սևեռենք մարդկանց ասֆալտին փռելու, ասֆալտին ծեփելու մեջ հմտացած հայ քաջարի ոստիկանության գործողություններին, որն ամենօրյա ձեռագիր է դարձել՝ համարյա թե կնիքով հաստատված-վավերացված։
Գործի ընթացքը ներկայացնելն այստեղից շարունակենք ըստ Ա. Ղազարյանի հայտարարության. ««Սրան էլ ջարդեք, ծալեք» հրահանգից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնի ուժով՝ ուղեկցված հայհոյախառն արտահայտություններով, առևանգել են նաև ինձ և իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով տեղափոխել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք։ Հետագայում պարզ դարձավ, որ երկրորդ քաղաքացու առևանգումը տեղի էր ունենում ոստիկանության աշխատակիցներից մեկի անձնական շարժառիթներով։
Բաժանմունքի 3-րդ հարկում, կիսամութ ինչ-որ սենյակում տևական ժամանակ ենթարկվել եմ խմբակային ծեծի։ Ոստիկանների կողմից իմ նկատմամբ թույլ են տրվել պատիվս ու արժանապատվությունս վիրավորող բազմաթիվ արարքներ։ Մոտավորապես 3 ժամ անց բաց են թողել՝ պայմանով, որ ստորագրեմ ինչ-որ փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթ չեմ։
Հաջորդ օրը դիմել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով, որտեղ ստացել եմ ախտորոշում՝ կրծքավանդակի փակ վնասվածք, թոքերի սալջարդ, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Նույն օրը դեպքի մասին դիմում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Այս օրերի ընթացքում ինձ հետ կապ են հաստատել Նոր Նորքի ոստիկանության տարբեր աշխատակիցներ, ովքեր համոզելու, հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով փորձել են ստանալ սուտ բացատրություն, որ վերոնշյալ դեպքը տեղի չի ունեցել, և ես մարմնական վնասվածքները ստացել եմ այլ հանգամանքներում։ Չանելու դեպքում սպառնացել են «իմ գլխին գործ սարքել»։
Ինձ առավել վրդովեցրել են ոչ այնքան ոստիկանության բաժանմունքում կրած ֆիզիկական դժվարությունները, որքան պատվիս ու արժանապատվությանս հասցված վիրավորանքները, անօրինականությունը («բեսպրեդելը»), այդ ոստիկանների համոզմունքը առ այն, որ իրենք անպատժելի են և ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ»։
Հայտարարությունը, բնականաբար շարունակություն ունի, որտեղ տուժողն առ արդարություն ու արդարադատություն եղած վստահությունից է խոսում, ունեցած հույսից ու հավատից, որոնց, չգիտես էլ, լուրջ վերաբերվես, թե խնդաս ու անցնես, քանզի անպատժելիությունը Հայաստանում նորմալ բան է դարձել, ինչպես գողանալ-թալանելու, միլիոնավոր, միլիարդավոր գումարներ փոշիացնելու համար պատասխան չտալը, անօրինությամբ պաշտոն զբաղեցնելն ու մարդկանց ճակատագրի հետ խաղալը… Ո՞ր մեկն ասես։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ