Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երեխաների դաստիարակության հաշվին չեն տնտեսում

Երեխաների դաստիարակության հաշվին չեն տնտեսում
07.06.2019 | 01:10

2018-ի մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բազմիցս խոսվել է «մշակութային հեղափոխություն» կոչվածի մասին։ Ժողովուրդն անհամբեր սպասում էր այդ դարակազմիկ իրողությանը, որն անցյալ տարեվերջին վերջնականապես փոշիացավ, երբ ԿԳՆ-ն դադարեցրեց մոտ հարյուր տարի լույս տեսնող երեք ավանդական մանկական հանդեսների՝ «Աղբյուրի», «Ծիծեռնակի» և «Կանչի» ֆինանսավորումը։ Այդ հանդեսներն այսօր չեն տպագրվում, չեն հասնում իրենց հասցեատերերին՝ երեխաներին, ասել է, թե՝ «մշակութային հեղափոխությունն» ուղևորվեց «տնտեսական հեղափոխության» մոտ՝ երկարատև արձակուրդի։


Առանց լուրջ բացատրությունների պետական հովանավորությունից զրկվել են այն հանդեսները, որոնք կարդում են երեխաները, որտեղ տպագրվում են երեխաները, որտեղ տպագրվում են նաև մանկագիրները, կարելի է ասել, պետությունը պատնեշում է երեխաների պատշաճ զարգացումը։ Սրանք հենց այնպես ասված խոսքեր չեն, կան շատ լուրջ հիմքեր այսպես մտածելու և այսպես արտահայտվելու համար։


Դադարեցնելով վերոնշյալ հանդեսների ֆինանսավորումը՝ ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարել, որի արդյունքում «առաջատար» մանկական հանդեսներ են դարձել այնպիսի պարբերականներ, որոնք ավելի լավ է չլինեին։ Այդ հանդեսների շարքում կան այնպիսիները, որոնց խմբագիրները կրկնուսույցի կարիք ունեն և խիստ անհամատեղելի են որևէ խմբագրությունում աթոռ զբաղեցնելու իրողության հետ։


Քանի որ երեք ավանդական մանկական հանդեսների մասին ընդունված վերջին որոշումը կայացրել է Գերագույն խորհուրդը (1990 թ.), որով «Աղբյուր», «Կանչ» և «Ծիծեռնակ» պարբերականները գործել են պետական հոգածության ներքո, ԿԳՆ-ն որոշել է՝ եթե չկա Գերագույն խորհուրդը, ուրեմն ուժի մեջ չէ նաև այդ որոշումը, ուստի դիմել է արդարադատության նախարարությանը՝ խնդրին իրավական լուծում տալու պահանջով։ Իհարկե, սա զուտ պատճառաբանություն է, որովհետև ԳԽ-ի իրավահաջորդ ԱԺ-ն, ի թիվս այլ փաստաթղթերի, անփոփոխ է թողել նաև այդ մեկը, հետևաբար այն ցայսօր իրավական ուժ ունեցող որոշում է, և դրա ֆինանսավորումը դադարեցնելը ԿԳՆ-ի կողմից կամայականություն ու օրինազանցություն է, մանավանդ, որ գոնե ԿԳ փոխնախարարը տեղյակ չէ, թե ովքեր են հաղթել հայտարարված մրցույթում։ Առավել քան զարմանալի է. պետությունը երեխաների կրթության նպատակով գումար է տրամադրում մարդկանց, որոնց չի ճանաչում։
Հանդեսների ֆինանսավորման դադարեցումը ԿԳՆ-ն պատճառաբանում է նաև ֆինանսների սղությամբ, պնդելով, թե այդ ամենն արվել է գումար տնտեսելու նպատակով։ Բայց նույնիսկ պարզ հաշվարկները թույլ են տալիս հասկանալ, որ այստեղ էլ մի բան այն չէ։
Հիշյալներից «Կանչը», տարեկան 16 միլիոն դրամի դիմաց, տպագրվում է 48 մամուլով, իսկ մրցույթում հաղթած ամսագրերից մեկը, 6 միլիոն դրամի դիմաց, տպագրվելու է տարեկան տասներկու մամուլով։ Ստացվում է, որ ԿԳՆ-ում կամ հաշվել չգիտեն, անգրագետներ են, կամ անամոթաբար ստում են։


Եթե մի կողմ թողնենք իրավական ու նյութական կողմը և հարցը դիտարկենք զուտ բարոյական տեսանկյունից, ապա տեղի ունեցածը կարելի է հանցագործություն որակել՝ ուղղված մեր երեխաների դեմ։ Եթե անգամ արդարադատության նախարարությունն արդարացնի ԿԳՆ-ի սպասելիքները, դա նրանց իրավունք չի տալիս նման կերպ վարվելու այն պարբերականների հետ, որոնք, ինչպես արդեն նշվեց, մոտ մեկդարյա պատմություն ունեն, և որոնց էջերում իրենց առաջին քայլերն են արել հայ գրողներից շատերը։


Ամենացավալին այն է, որ ԿԳՆ-ի տխրահռչակ որոշումն ընդունվել է հապճեպ, առանց լուրջ քննարկումների։ Այդ հանդեսների խմբագիրներից ոչ մեկը չի թերացել իր աշխատանքում, ոչ ոք չի մեղադրվել կամ անգամ կասկածվել որևէ մութ արարքի մեջ։ Ավելին, երեք հանդեսների խմբագիրներն էլ պատրաստ են թողնելու խմբագրի աթոռը՝ այն զիջելով ուրիշին՝ կանոնավոր տպագրությունը վերսկսելու պայմանով։ Այսքանից հետո ի՞նչը կարող էր այսպիսի անմիտ ու անհեռանկար քայլի պատճառ կամ շարժառիթ լինել, ԿԳՆ-ն մինչ օրս չի հստակեցրել։
Սա արհամարհանք է հայ մշակույթի հանդեպ, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում «մշակութային հեղափոխության» շրջանակում։
Շատ հեռուն գնացիք, պարոնայք և տիկնայք։

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 19337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ