Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բոգդան Գեմբարսկու նամակը գաղտնաբար ձեռքից ձեռք էր անցնում

Բոգդան Գեմբարսկու նամակը  գաղտնաբար ձեռքից ձեռք էր անցնում
27.02.2015 | 03:47

1965-ի ապրիլի 21-ին արդեն Երևանի բնակչությունը կրկնապատկվել էր և օրեցօր ավելանում էր ի հաշիվ խորհրդային հանրապետությունների, հատկապես Վրաստանի, Ադրբեջանի հայության և սփյուռքահայ զբոսաշրջիկների: Հյուրանոցներում տեղ ու դադար չկար և, բացի ազգական-բարեկամ-ծանոթ գարնանային սովորական այցերից, հազարավոր երևանցիներ հյուրընկալել էին անգամ անծանոթ հայրենակիցների: Քրիստոնեական համատարած բարություն էր համակել բոլորին` գիշեր-ցերեկ կենտրոնական փողոցներում շրջող հայրենակիցներին կերակրում էին հանպատրաստից հայտնված շրջիկ խորովածանոցներն ու քյաբաբանոցները: Այդ օրերին առաջին անգամ տեսա լավաշի էլեկտրական շրջիկ թոնիրներ: Ամեն քայլափոխի լավաշ-պանիր (դուրում) էին հրամցնում, ավելի ճիշտ` հյուրասիրում, մանավանդ, եթե նրանց շարքերում հայտնվում էին փոքրեր:

Աննախադեպ էր ապրիլի 24-ը: Այն ժամանակվա Լենինի անունը կրող կենտրոնական` ներկայիս Հանրապետության, հրապարակից` մեր անվանի մտավորականության պահանջով ներկայացած պետական այրերի կարճառոտ հորդոր-ելույթներից հետո, հարյուր հազարավոր (չեմ չափազանցում) մարդիկ քաղաքի կենտրոնական փողոցներով «շրջագայեցին» ու երեկոյան ժամը 19-ին տարբեր կողմերից շրջապատեցին օպերայի և ֆիլհարմոնիայի հարակից տարածքը: Մարդիկ շարժվել էին Երևանի լայնահուն փողոցներով, մայթերի ծաղկած գազոնները չէին տրորվել` կոխկրտվել. համատարած կարգապահության պահին դա կդիտվեր որպես անհարգի վերաբերմունք: Փողոցներում չէիր գտնի ծխախոտի մնացորդ ու առօրյա սովորական աղբ:
Ամենախաղաղ այդ ցույցի մասնակիցները ոչ միայն հարգանքի իրենց տուրքը պիտի մատուցեին նահատակներին, այլև պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերեին կառավարական, կուսակցական առաջատար այրերին և Ամենայն հայոց կաթողիկոսին, որ եկել էին շուքով ու հարգանքով հիշելու պետականորեն մոռացված այդ օրը: Սակայն ԿԳԲ-ն չէր կարող չպղտորել մարդկանց հոգին, ամենանվիրականն ու ազնվագույնը:
Օպերայի հրապարակում կանգնած հրշեջ մեքենաները հանկարծ սկսեցին խաղաղ ցույցի եկած մարդկանց ջրել: Հավասարակշռությունը կորցրած մարդիկ ջարդեցին օպերայի և ֆիլհարմոնիայի դռներն ու ցուցափեղկ-պատուհանները, թրջված հագուստով պատսպարվելով այնտեղ: Եվ այսպես, անհարկի ձևով ջանացին կասեցնել հայրենասիրական ազնիվ պոռթկումը:
Ներկայացնենք նախապատմությունը։ Ամեն ինչ սկսվեց Երևանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողներից, որոնց շարքում առանձնանում էին Արկադի Հայրապետյանն ու Ալբերտ (Աբո) Խուբասարյանը, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Նիկոլայ Պոդգոռնին եղբայրական Թուրքիային ու հարազատ թուրք ժողովրդին իր այց-հյուրընկալության ամենաթեժ ու ինտիմ պահին հավաստիացրեց, որ սովետական ժողովուրդը, իմա` հայությունը, նրանցից տարածքային որևէ պահանջ չունի: Շատ չանցած, այդ առթիվ երևանցիները թռուցիկներով իրազեկվեցին և տեղեկացվեցին, որ դա սովետա-թուրքական պայմանագրերի և միջազգային իրավական նորմերի խախտում է և ցեղասպանության զոհերի նկատմամբ անարգանք: Իրադարձությունները սրընթաց հաջորդում էին միմյանց, և հենց այդ պահին հայտնվեց Բոգդան Գեմբարսկու նամակը, որը գաղտնաբար ձեռքից ձեռք էր անցնում:
Ո՞վ էր Բոգդան Գեմբարսկին` սոսկ արևելագետ-հայագե՞տ: Ոչ: Պարզվում է` եղեռնի անմեղ զոհերի հիշատակը վաղուց ի վեր նրան հանգիստ չէր տալիս, և մտահոգ աշխարհի 50-ամյա անտարբեր ու մեղավոր համրությամբ, դիմել էր աշխարհի մեծերին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՈՒ Տանին, Հնդկաստանի նախագահ Ռադհակրիշնանին և նշանավոր այլ անձանց, կոչ անելով թուրք կոչված հանրությանը խելքի բերել և 50-ամյա վաղեմությամբ ցեղասպանության առիթով հարկադրել` ասել մեղայական խոսք, միևնույն ժամանակ հարցնելով. «Մի՞թե թուրքերի մեջ մարդկային մի մարդ չի մնացել»:
Ակնհայտ է, որ Ջորջ Բայրոնից, Անրի Բարբյուսից, Ֆրիտյոֆ Նանսենից, Յուրի Վեսելովսկուց, Վալերի Բրյուսովից և Մաքսիմ Գորկուց հետո լոկ սրբազան այս մարդուն էր մտահոգել մեր ցավը, մեր` կարծես Աստծո կողմից մոռացված մարդկանց ճակատագիրը:
Չմոռանամ` թուրք կոմունիստ Նազիմ Հիքմեթին հասցեագրած նրա նամակի լռությանը միացավ նաև Խորհրդային Միության քաղաքական անտարբերությունը: Այդ նամակը` «Նամակ իմ թուրք ծանոթին», տպագրվել էր 1961 թ. նոյեմբերի 20-ին Վարշավայի կաթոլիկական «Կերունկի» (Kerunek - ուղղություններ) հանդեսում:
Պետհամալսարանի ապագա պատմաբանները ձեռք էին բերել Մարիա Գրախոլսկայի թարգմանությամբ Բոգդան Գեմբարսկու կարճառոտ դիմումը թուրքերին և այդ տեքստով, ուսանողների ձեռամբ հազարավոր թռուցիկներ տարածվեցին, փակցվելով անհասանելի ու անհավանական վայրերում կամ լցոնվելով բնակարանային փոստարկղերում: Տարբեր բուհերի ուսանողներ և ընդհանրապես երիտասարդներ էին ձերբակալվում, սակայն ԿԳԲ-ին այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել թռուցիկների պատրաստման վայրը: Ապրիլյան դեպքերից հետո ձերբակալվեցին նաև հիշատակված Արկադին ու Ալբերտը (Աբոն), ովքեր քաջատեղյակ էին ամենին, սակայն, դիմանալով անմարդկային կտտանքներին, ոչինչ չբացահայտեցին: Բանն այն է, որ ծխախոտի բարակ թղթի վրա մեքենագրված թռուցիկները պատրաստվում էին Թբիլիսիում (մի մասը «Սովետական Վրաստան» թերթի խմբագրատան դուրս գրված` փչացած ու տղաների ձեռքով վերանորոգված գրամեքենաներով):
Թբիլիսյան գործընթացը ղեկավարում և թռուցիկները մեզ էին հասցնում Միքայել (Միշա) Մուրադխանյանը, Ռոբերտ Անդրիասյանը, Սիրանուշ Ղազարյանը, Սուրեն Կատվալյանը և Թբիլիսիի թիվ 66 ռուսական դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Գրիզելդա Ղազարյանը, որն այսօր հայոց լեզվի և գրականության մեր լավագույն ուսուցիչներից մեկն է և տասնամյակներ շարունակ սիրով ու նվիրումով դասավանդում է Միսաք Մանուշյանի անվան Երևանի թիվ 48 հիմնական դպրոցում, վառ պահելով նաև ամուսնու` Արկադի Հայրապետյանի լուսավոր հիշատակը:
Ապրիլքսանչորսյան իրադարձություններից հետո տղաները ձերբակալվեցին, բայց, ինչպես նշվեց, ոչինչ չբացահայտվեց: Նրանք դիմացան անգամ անասելի կտտանքներին, հասկանալով, որ բացահայտումը շատ թանկ կնստեր ողջ վիրահայության և հատկապես թիֆլիսահայ մտավորականության և հասարակ ժողովրդի վրա: Չէր բացառվում, որ կարճ ժամանակ անց, մեծ ավանդույթի տեր արևելահայ մշակութային կենտրոն հանդիսացող այդ քաղաքն ու ողջ գաղթօջախը դադարեր գոյատևելուց:
Տարիներ անց իմացանք, որ նրանց ինչ-որ չափով օգնել է ԿԳԲ-ի գնդապետ Կառլեն Միքայելյանը, հուշելով, որ մշտապես ձայնագրվում են և թե երբ ինչ ասեն:
Կտտանքներն իրենց կնիքը թողեցին տղաների առողջության վրա. թող նրանց հոգին լուսավորվի:
Այս առթիվ չեմ կարող չասել, որ տասնյակ տարիներ սիբիրյան աքսորավայրերում «տառապած» մարդիկ ողջ-առողջ, փառք ու պատվով վերադարձան ու խցկվեցին քաղաքական կյանք և շախմատ չտեսած` դարձան քաղաքական շախմատի գրոսմայստերներ:
Բոգդան Գեմբարսկու «Նամակը» հուժկու հարված հասցրեց ցեղասպանության անտեղյակության բետոնե պատին, և խորհրդահայությունն արթնացավ կեսդարյա նիրհից: Ինձ հանձնարարվեց «Նամակը» թարգմանել ռուսերեն` ռուսալեզու-ռուսախոս հայությանը ևս իրազեկելու համար ընթացիկ դեպքերին: Մի կերպ մեքենագրեցինք և մեծ զգուշությամբ տարածվեց մի 200 օրինակ:
Այդ ժամանակ` 1965 թ., Լեհաստանում Բոգդան Գեմբարսկին արդեն ռեաբիլիտացվել էր, անգամ հակաֆաշիստական գործունեության համար պարգևատրվել, սակայն ԽՍՀՄ-ում մեր ազգային զարթոնքի հանդեպ վերաբերմունքը դրական արձագանքի այդպես էլ չարժանացավ: Խորհրդային ու լեհական հատուկ կառույցների ճնշման ներքո նրա նկատմամբ վերաբերմունքը վերստին փոխվեց, և պատահական չէր, որ նույն այդ 1965 թ. հուլիսին նրան վրաերթի ենթարկեց Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան ավտոմեքենան: Հետաքրքիր է, չէ՞: Հանելուկային զուգադիպություն:
Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի (որտեղ արդեն պաշտոնավարում էի) նախագահ Վարդգես Համազասպյանի և Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Աբել Սիմոնյանի, իբր ծրագրային, սակայն, ըստ էության, հայրենասիրական պայմանավորվածությամբ, ես պաշտոնական նամակ հղեցի Բոգդան Գեմբարսկուն, խնդրելով հանրագիտարանի համար կենսագրական տեղեկություններ և լուսանկար: Իմ ստորագրությամբ հոդվածը տպագրվեց Հայկական սովետական հանրագիտարանի երրորդ հատորում, հետագայում նույնը` քառահատորում: Հոդվածի նմանօրինակ, ձևական պաշտոնականացումն ինձ ազատեց հետապնդումներից ու ավելորդ գլխացավանքից:
Իմ ու շատերի հետաքրքրությունը` Բ. Գեմբարսկու հայկական պատկանելության վերաբերյալ, փարատեց հենց ինքը: Բացի այդ, հայազգի Sadok Baracz-ի (Սադոկ Բարոնչ) «Zywoty sl՛awnych ormian w Polsce» («Լեհաստանի նշանավոր հայերի կյանքը», Լվով 1851 թ.¤ ևս կեսմիլիոնանոց լեհահայության շարքերում իրոք չկար Գեմբարսկի կամ Գամբարսկի:
Բոգդան Անտոնիի Գեմբարսկին ծնվել է 1905 թ. փետրվարի 27-ին Սանկտ Պետերբուրգում` երկաթուղային ճարտարագետի ընտանիքում: 1923 թ. ավարտել է տեղի ռուսական դպրոցը, իսկ 1924 թ. ընտանյոք տեղափոխվել Լեհաստան: Վարշավայի Արևելքի ինստիտուտ կոչված համալսարանում մասնագիտացել է արևելագիտության մեջ, տիրապետել հնդկերենին, պարսկերենին, վրացերենին, հայերենին և այլ լեզուների: 1935 թ. նույն համալսարանում դասավանդել է հին ու ժամանակակից հայ գրականություն: 1939 թ. հակաֆաշիստական գործունեության համար, որպես ապստամբության կազմակերպիչ, նետվել է համակենտրոնացման ճամբար, ազատվել 1944 թ. և պատերազմի ավարտին արժանացել «Երախտիքի ոսկե խաչ»-ի: Տարօրինակ է, որ 1952 թ. նոր իշխանավորները նրան վերստին նետում են բանտ, ծանր հիվանդանալուց հետո, 14 ամիս անց ազատ արձակում, այնուհետև նա երկար ժամանակ բուժվում է ԽՍՀՄ-ի Ժելեզնովոդսկ առողջարանում և այդ ընթացքում մի քանի օրով այցելում Հայաստան:
Գործնականորեն հայկական հարցով, ինչպես նշվեց, զբաղվել է 1961 թ., մեր դատը բարձրացնելով միջազգային ատյաններում, իսկ նամակը մեզ է հասել սոսկ 1962 թ. և փաստորեն նախապատրաստել ու 1965 թ. ոտքի հանել արևելահայությանը:
Բոգդան Գեմբարսկին հայոց մշակույթի և հազարամյա իրադարձությունների ու պատմության գրեթե բոլոր դրվագներին անդրադարձել է հանգամանորեն. հատկապես բծախնդրորեն է ներկայացրել Հայկական լեռնաշխարհի նախահայկական ցեղերի, նրա բուն հայկական բնակչության էթնիկական, կրոնական, քաղաքական խնդիրները, հասնելով 20-րդ դար: Նա տարբերություն չի դնում Հիտլերի և Թալեաթի միջև, վերջինիս դիտելով որպես առաջինի նախատիպ, միևնույն ժամանակ` հավասարության նշան է դնում Էնվերի և գեներալիսիմուս Ստալինի միջև:
Անդրադառնալով եղեռնի պատմության սահմռկեցուցիչ դրվագներին, նա ընդգծում է, որ ցեղասպանության զոհ է գնացել ոչ թե 1,5, այլ 3 մլն հայ:
Հայաստանի բազմահազարամյա պատմությունը նա գեղարվեստական շարադրանքով ներկայացնում է իր «Երեք նամակ աշխարհի ընթերցողներին» և «Տասներկու մոռացված ճշմարտություններ»-ով: Մոռացված այդ 12 ճշմարտությունների շարքում թվարկում է հայերի ստեղծած` համամարդկայնորեն արժևորված մշակույթը, պատմագրական կոթողները, համաշխարհային օտարալեզու պատմագրության` մեր շնորհիվ պահպանված թարգմանությունները, պետականորեն քրիստոնեության մուտքը համաշխարհային քաղաքակրթության ոլորտ և նրա փրկությունը Վարդանանց պատերազմով ու Ավարայրով: Այնուհետև` 11-րդ դարում Բագրատունյաց թագավորությունը փրկեց Բյուզանդիայի և նրա հունա-հռոմեական մշակույթն ու քաղաքակրթությունը` 800-ամյա վաղեմությամբ նեցուկ կանգնելով նրա թիկունքին: Որպես վարձահատույց, հայերին աքսորեցին Կիլիկիա, մոռանալով նաև, որ Կոստանդնուպոլսի անկումը հայերը կասեցրին մեկ հարյուրամյակ: Մինչդեռ նա իր փրկչին մատնեց թշնամուն: 8-11-րդ դարերում ողջ Արևմուտքը շարժվում էր փրկելու Տիրոջ շիրիմը, մոռանալով նրա միակ փրկողին: Եվրոպացիք մոռացան հայերին, բայց հիշեցին նրանց, պատառ փրցնելով Թուրքիայից, և մոնղոլատիպ շեղաչք թուրքերն արտաքինով «եվրոպացան» ի հաշիվ հայ գեղեցկուհիների: Մի խոսքով` թուրքերը մինչև վերջ չիրագործեցին հայության ամբողջական ու վերջնական կոտորածը:
Բոգդան Գեմբարսկու հետ առնչվել են սփյուռքահայ և հայրենի մեծերը` Վահե Վահյան, Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ, ովքեր ջերմագին խոսքեր են հղել օտարազգի, բայց հարազատ այդ մարդուն, «որի շուրթերն այնքան մաքուր են, ինչպես երկնքի աստղերը. համբուրում ենք քեզ ու քո ազգը» ¥Հ. Շիրազ¤:
Իսկ նա անընդհատ աղոթում էր. «Տեր Աստված, ամեն ինչ արա, որ հայերի սերունդները խաղաղ ապրեն իրենց հայրենի հողում» («Նամակներ աշխարհին», «Ճանապարհորդություն անհայտի մեջ կամ դեպի անհայտը»):
Փառք ու պատիվ նաև այդ մեծ մարդու ստեղծագործությունների բոլոր թարգմանիչներին, հատկապես` Մարիա Գրախոլսկային (1917-1989 թթ.) «Նամակ իմ թուրք ծանոթին» (1961 թ.) և «Նամակ իմ հայ ընթերցողներին» (1966 թ.), Անահիտ Տեր-Ղազարյանին` «Մահվան դատապարտվածները» վիպակ (1992 թ.), «Նախավերջի ծնունդը, Եդեմից մինչև Միտանի», և մյուսներին:
Այդ մեծագույն օտարազգի հայն իր մահկանացուն կնքեց 37 տարի առաջ` 1978 թ. մարտի 20-ին և այդ առթիվ անձամբ Ամենայն հայոց հայրապետ Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ Սբ. Էջմիածնում կատարվել է հոգեհանգստյան հանդիսավոր արարողություն:
1992 թ. Համլետ Կարճիկյանի սցենարով և Դավիթ Դավթյանի բեմադրությամբ լեհական «Wir» և մեր «Հայկ» կինոստուդիաները ստեղծեցին «Ձայն բարբառո հանապատի (Բոգդան Գեմբարսկի)» վավերագրական կինոնկարը` ի հիշատակ արժանավորի:


Արթուր
ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 14099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ