ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Վենեսուելան չի վախենում ԱՄՆ-ի սպառնալիքներից

Վենեսուելան չի վախենում ԱՄՆ-ի սպառնալիքներից
09.07.2013 | 13:33

ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ճակատագիրը, ինչպես և սպասվում էր, Լատինական Ամերիկա է տանում: Վենեսուելան արդեն ստացել է Սնոուդենի խնդրանքը քաղաքական ապաստան տրամադրելու մասին: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որն արդեն հայտարարել էր, թե իր երկիրը պատրաստ է քաղապաստան տրամադրել Սնոուդենին, երեկ ասել է, թե հիմա ամեն ինչ կախված է ԱՄՆ-ի իշխանություններից հետապնդվող 29-ամյա երիտասարդից, վերջինս պետք է որոշի, թե երբ է թռչելու Կարակաս: «Մենք ստացել ենք քաղապաստան տրամադրելու մասին խնդրանքը, հիմա նա պետք է որոշում կայացնի թռիչքի ժամանակի մասին, եթե իսկապես ուզում է այստեղ գալ»,- ասել է Մադուրոն:

Մոսկվայով Կարակաս հասնելու ամենահարմար ճանապարհը Հավանայով թռչելն է, քանի որ Մոսկվայից Կարակաս ուղիղ թռիչք չկա: Կուբան ԱՄՆ-ի հետ ունի էքստրադիցիայի պայմանագիր, որը, սակայն, իրականում չի գործում, իսկ Կուբայի նախագահը ավելի վաղ հայտարարել էր, թե կողջունի որևէ երկրի կողմից Սնոուդենին քաղապաստան տրամադրելու որոշումը և հնարավորինս կաջակցի նրան: Երեկ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, թե նրա երկիրը աջակցում է Լատինական Ամերիկայի երկրների` քաղաքական ապաստան տրամադրելու ինքնիշխան իրավունքը «բոլոր նրանց, ում հետապնդում են իրենց գաղափարների համար և ժողովրդավարության մարտիկներին»:
ԱՄՆ-ի պետդեպը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե որևէ երկրի կողմից Էդվարդ Սնոուդենին քաղապաստան կամ փաստաթղթեր տրամադրվելը կհանգեցնի ԱՄՆ- ի և այդ երկրի հարաբերությունների վատացմանը: Գերատեսչության ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակիի խոսքերով` այն երկիրը, որը քաջություն կունենա նման քայլ կատարելու, «իր համար մեծ պրոբլեմներ կստեղծի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»: Պսակին պարզաբանել է, թե դա վերաբերում է Վենեսուելային: Հայտնի է, որ Վենեսուելայի և ԱՄՆ-ի հարաբերությունները արդեն իսկ վատ են և, նկատի ունենալով Սնոուդենի հանգամանքը, դրանք կարող են ծայրահեղ վատթարանալ: Կկանգնեցնի այդ հեռանկարը Նիկոլաս Մադուրոյին, դժվար է ասել: Որոշ վերլուծաբանների կարծիքով` Մադուրոն Վենեսուելայի ժողովրդին սեփական անձի` մաչո լինելու մեջ ապացուցելու անհրաժեշտություն ունի, և Սնոուդենի հանգամանքը հարմար տարբերակ է դա անելու համար: Կոշտ, իր խոսքի տեր հանգուցյալ Չավեսից հետո Մադուրոն կայանալու խնդիր ունի որպես ոչ պակաս կոշտ դիրքորոշում ունեցող ղեկավարի` թե սեփական ժողովրդի, և թե միջազգային հանրության աչքում: Սա առիթ է տալիս ենթադրելու, թե նա կանտեսի ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցչի հայտարարությունը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ.- Ինչպես և սպասվում էր, Վենեսուելայի ղեկավարի պատասխանը չուշացավ: Նյութը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե չի վախենում ԱՄՆ-ի սպառնալիքներից : «ԱՄՆ-ը չի կառավարում աշխարհը: Մենք ազատ և ինքնիշխան երկիր ենք»,- ասել է Մադուրոն: Նա հավելել է, թե կցանկանար շփվել ամերիկյան հատուկ ծառայությունների պատմության մեջ, հավանաբար, ամենախոշոր արտահոսքի հեղինակի հետ:

Դիտվել է՝ 798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ