Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ռուսաստանը թևերը քշտել, գործի՞ է անցել

Ռուսաստանը թևերը  քշտել, գործի՞ է անցել
21.06.2013 | 01:31

Ռուսաստանից միշտ ու անվերջ կարելի է ամեն ինչ սպասել: Սակայն վերջին քայլը փոքր-ինչ անակնկալ էր Ռուսաստանից ամեն ինչ սպասողների համար անգամ:
Խոսքը, այո՛, «Հայռուսգազարդի» փաթեթից` Ռուսաստանի կողմից հայաստանյան քսան տոկոս մասնաբաժնի «առգրավման» մասին է: Ճիշտ է, հայկական կողմն ասում է` դեռ բանակցություններ են ընթանում, չեն բացառվում այլ տարբերակներ ևս` նույնիսկ դրամաշնորհի միջոցով սուբսիդավորման հնարավորությամբ, սակայն «ճանաչելով» Ռուսաստանին, պետք է արձանագրել` զուր հույսեր փայփայել պետք չէ: «Կվերցնի»:
Առաջին հայացքից կարելի է նետել Ռուսաստանի անկուշտ երեսին. «Տարեք, բալքի կշտանաք, չնայած դուք կշտացողը չեք»: Կարելի էր նաև` «լայն ճակատը խփել պատին», արդյունքում պակասեցնելով լիքը «ճակատներ»: Կարելի էր հիշել` ոնց Ռուսաստանը (ըստ Լիտվինենկոյի) Հայաստանում հոկտեմբերի 27 կազմակերպեց, հետո էլ ոնց Քոչարյանը մեր ամեն ինչը տվեց Ռուսաստանին, դրանից առաջ էլ Տեր-Պետրոսյանը ոնց Մեծ պայմանագիր կնքեց Ռուսիո հետ` քսան տարով: Եվ այդպես շարունա՜կ…
Կարելի է հիշել նույնիսկ մեր այլընտրանքային` իրանական գազամուղը, հետո էլ` ոնց նույնը Քոչարյանը տվեց Ռուսաստանին: Հետո էլ ոնց Ռուսաստանի ռազմաբազաներն ու իրենց «օրհնված ոտը» քառասունինը տարով երկարացրինք մեր հողի վրա: Այդքանից հետո էլ ոնց ինքը գազի գինը էլի բարձրացրեց ու բարձրացրեց, հիմա էլ էս մինուճար քսան տոկոսն է ուզում:
Զի ուզում է մտնենք Մաքսային միություն: Բայց մինչ մենք «կմտնենք», ինքը շատ արագ` ձեռի հետ էլ Ադրբեջանին մեկ միլիարդի զենք է տալիս, որ ազերին կրակի մեզ վրա: Իսկ և իսկը Պուտինի` Լոխ (մեղա-մեղա)-Էյրում ասածի նման` «սպանում են, հետո էլ օրգաններն ուտում»: Որովհետև Ադրբեջանը, բացի մեզնից, ուրիշ տեղ «չունի» կրակելու այդ «միլիարդը»:
Բա հետո՞: Բա էն, որ եկեք նախ ինքներս մեզ հետ ազնիվ լինենք։ Որպես պետություն Ռուսաստանը ճիշտ է վարվում: Հետապնդում է իր շահը: Իրեն, ինչպես կասեր Վանոն, իր շահի հետ թողնենք միայնակ, դառնանք մեզ:
Ի՞նչ պետք է մենք անենք: Չէ, ճշտենք հարցադրումը. ունե՞նք ազգային դիմակայության-դիմադրության այնքան ներուժ, այնքան ընդերք, որ կարողանանք, իսկապես շատ մռայլ, նախորդ դարասկիզբ հիշեցնող այս ցավալի իրավիճակի առաջ համախմբվել, գտնել լուծումներ, դուրս գալ վիճակից: Հաշվի առնելով մեր շուրջը տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումների ալգորիթմները նույնպես: Եվ ինչի՞ հաշվին կարող ենք դա անել: Թե՞ Ռուսաստանը «умом не понять» պրագմատիկ միտքը շատ լավ էր հաշվարկել, երբ ասում էր, որ էքսկլավներ կան այս մեծ աշխարհում, ու գուցե Հայաստանն այդ մասին մտածի՞։ Ինչից էլ մենք ահավոր ու մահացու վիրավորվեցինք:
Այսպիսով, կա՞ ելք այս թնջուկից դուրս գալու: Մանավանդ երբ ազգի կեսը Ռուսաստանի «չեկիստական», մնացած կեսն էլ մշակութային «շինելից» է դուրս թռել: Մանավանդ որ այսօր Հայաստանում «կրքերը», մտահոգությունները ոչ թե այս` անչափ կենսական, ճակատագրական հարցերին են վերաբերում, այլ սեփական ամբիցիաներին, պաշտոնական «ծեծկռտուքին», «հացիվ կեցիվին», երբ ամենքը` իշխանական թևերը յուրովսանն, մնացածն էլ իրենց չափով այս «կռվի» դաշտերում են լոկ տալիս իրենց ճակատամարտերը:
Ընդ որում, կա անչափ նուրբ ու ծեծված մեկ հանգամանք ևս` պատմության դասերի կրկնվելու շատ փիս խասիաթը. ասել ենք` եթե դասդ չես սերտում, այն տիեզերաբանորեն հետ է դառնում: Ազգային-էթնիկ մեր ընդհանուր մարմինն ինչպե՞ս է արձագանքելու, պատասխանելու մարտահրավերին այս անգամ:
Ծիրը չի երևում: Առայժմ չի երևում: Միևնույն ժամանակ, երբ տրվում է «հիվանդությունը», բուժումը նույնպես նրա փակ շերտերում է ներկա լինում, պարզապես ճիշտ ախտորոշում ու կողմնորոշում են պետք` ընդերքում առկա բանալին գտնելու համար:
Կհասնի՞ մեր մտաէթնիկ մարմինն այդ ընդերքին ու բանալուն` այս մի դարասկզբին: Կզորե՞նք, թե՞…
Մտածե՛նք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ