«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Foreign Policy-ը հերքում է

Foreign Policy-ը հերքում է
05.01.2013 | 23:32

ԱՄՆ-ի Foreign Policy ամսագիրը հերքել է տեղեկատվությունը, որ իբր Վլադիմիր Պուտինին անվանել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ: Հունվարի 4-ին ռուսական լրատվական գործակալությունները հաղորդել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ տեղում է Foreign Policy-ի վարկանիշային աղյուսակում, որը անվանում է մոլորակի ամենաազդեցիկ քաղաքական, հասարակական գործիչներին ու գործարարներին: Հաջորդ օրը այդ նորությունը ակտիվ քննարկվել է ռուսական բլոգներում` ոմանք տարակուսել են, ոմանք հայտարարել, որ Պուտինն ունի նաև միջազգային մեծ ճանաչում: Բայց հաջորդ օրը Foreign Policy-ի ինտերնետային էջի խմբագրական բաժնում պարզաբանվել է, որ ներկայացված ցանկը ոչ թե ամսագրի ամենամյա վարկանիշային աղյուսակն է, այլ քաղաքագետ Իեն Բրեմերի մասնավոր կարծիքը: Խմբագիրը գրել է.«Մենք երբեք վարկանիշային սանդղակի առաջին տեղը ոչ ամերիկացուն չէինք հատկացնի»: Բացի այդ` Իեն Բրեմերը իր ցանկը համեմել է ոչ այնքան հաճելի դիտարկումներով Վլադիմիր Պուտինի մասին:

Ցանկը կազմող Իեն Բրեմերը փորձագետ է, Eurasia Group կոնսալտինգային ընկերության հիմնադիրը: Քաղաքական ռիսկերի իր հետազոտության մեջ նա ուրվագծում է երկրի բացության և կայունության միջև եղած կապը: Բրեմերի կարծիքով` ձախողված պետության ղեկավարի համար ավելի հեշտ է կայունություն ստեղծել` փակելով երկիրը, քան կառուցել քաղաքացիական հասարակություն և հիմնել պատասխանատու հաստատություններ: Առավել բաց պետությունները վերջիվերջո առավել կայուն են դառնում, քան ավտորիտար վարչակարգերը` հաստատում է Բրեմերը: Ազդեցիկ քաղաքական գործիչների և բիզնեսմենների իր ցանկը կազմելիս` Բրեմերը ազդեցիկությունը նշել է իբրև «անձի անհատական ընդունակություն իրականացնել փոփոխություններ, որոնք նշանակալից ազդեցություն ունեն մեծ թվով մարդկանց ճակատագրերի վրա»: «Ռուսաստանում, որտեղ համակարգը հենվում է անձերի վրա, Պուտինը նախկինի պես այն մարդն է, ում հետ հաշվի են նստում»,- նշում է Իեն Բրեմերը: Նա գրում է, որ ռուս նախագահը աստիճանաբար կորցնում է հանրաճանաչությունը և նրա երկիրն արդեն չունի այն ազդեցությունը, որ կար ԽՍՀՄ-ի ժամանակներում, միևնույն ժամանակ փորձագետն արձանագրում է, որ պետության ոչ մի ղեկավար այսօր այնքան ռեգիոնալ իշխանություն չունի, որքան Պուտինը: Իվերջո` առաջատարի դափնիները որոշվել է ոչ մեկին չտալ, քանի որ ժամանակակից աշխարհում «ոչ ոք չի ցանկանում առավել դժվար և վտանգավոր խնդիրների լուծման պատասխանատվություն ստանձնել»: Ցանկում ներառվածները գերազանցապես մտահոգված են ազգային ու ռեգիոնալ խնդիրների լուծումով, այլ ոչ թե գլոբալ:
Բրեմերի ցանկում երրորդը ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն է: Փորձագետի կարծիքով` նրա ձեռքում են կենտրոնացած այն լծակները, որոնց օգնությամբ հնարավոր է վերականգնել ամերիկյան տնտեսության, որ հիմա դժվար ժամանակներ է ապրում, նախկին հզորությունը: Չորրորդ տեղը Բրեմերը հատկացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` եվրոպական տնտեսական տարածքը միավորելու համար գործադրած ջանքերի դիմաց, իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդամենը հինգերորդն է: Բրեմերը նշում է նրա ներդրումը ԱՄՆ-ի միջազգային կապերի զարգացման ուղղությամբ այն ժամանակներում, երբ «Վաշինգտոնը զբաղված է բացառապես Վաշինգտոնի պրոբլեմներով»:
Վեցերորդը Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին է, հաջորդը` 2012-ին ընտրված ՉԺՀ կոմկուսի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, ումից սպասում են Չինաստանի տնտեսական աճը արագացնող ու ամրապնդող բարեփոխումներ: Ցանկում ընդգրկված են նաև Իրանի բարձրագույն ղեկավար Ալի Հոմեյնին, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստին Լագարդը, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլա իբն Աբդել Ազիզը:
Վլադիմիր Պուտինը վերջին տարիներին անփոփոխ զբաղեցրել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականները, որ կազմել է մեկ այլ ամսագիր` «Ֆորբսը»: 2012-ի դեկտեմբերին ՌԴ նախագահը երրորդն է եղել` զիջելով առաջնությունը Բարաք Օբամային և Անգելա Մերկելին: Մեկ տարի առաջ, երբ նա վարչապետ էր, երկրորդն էր` զիջելով միայն Բարաք Օբամային: 2010 թ. Պուտինը «Ֆորբսի» ցանկում չորրորդն էր, իսկ ՌԴ այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը` 12-րդը: 2007-ին Վլադիմիր Պուտինին Տարվա մարդ էր անվանել ամերիկյան «Time» ամսագիրը` Ալբերտ Գորի, Ջոան Ռոուլինգի և Խու Ձինտաուի մրցակցությամբ: Եվ Ֆորբսը, և Time-ը նշել էին, որ Պուտինի ուժն ու ազդեցությունը հաճախ է արտահայտվում ընդդիմության դեմ կոշտ քայլերի և քաղաքացիական ազատությունների սահմանափակման ձևով:

Դիտվել է՝ 1340

Մեկնաբանություններ