«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Երկրի թե՛ անվտանգային համակարգում, թե՛ տնտեսությունում հաջողած մարդը

Երկրի թե՛ անվտանգային համակարգում, թե՛ տնտեսությունում հաջողած մարդը
04.03.2024 | 22:24
Ճակատագրի բերումով նրա կյանքը բաժանվել է երկու խոշոր շրջանի։ Առաջինն ըստ էության երկրի անվտանգային համակարգում ծառայության շրջափուլն էր, երկրորդը՝ տնտեսության ոլորտում գործունեության ծավալումը նույնքան հաջողված հետագծով, որտեղ ակնհայտորեն իրենց զգացնել տվեցին գործունեության առաջին շրջանում կուտակած փորձն ու ստեղծած կապերը։ Ո՞վ էր, ո՞վ է այդ մարդը, ում անունը համակարգի նախկին ու ներկա աշխատակիցներն արտաբերում են ակնհայտ ակնածանքով ու ձգվածությամբ։
Գեորգի Խիստափորի Ավետիկյանը ծնվել է 1946 թվականին Վրացական ԽՍՀ Ախալքալակ քաղաքում: Հայրը Հայրենական երկրորդ պատերազմի գործուն մասնակից էր, պատերազմի տարիներին ռազմական հակահետախուզության «СМЕРШ» (հապավումը թարգմանաբար նշանակում է «Մահ լրտեսներին»՝ «СМЕРТЬ ШПИОНАМ») գլխավոր վարչության մարտական կառույցի անդամ։ Հոր զինվորական կենսագրությունն ու կենսակերպն առանցքային դեր են խաղացել որդու մասնագիտական կողմնորոշման հարցում՝ ընտրությունը վերջնականապես կայացվել է հօգուտ երկրի պետանվտանգության համակարգում ծառայության։
1948 թվականին ընտանիքը բնակության ու աշխատանքի է տեղափոխվում Երևան: Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդն ուսումը շարունակում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1964-1969), աշխատանքի գործուղվում մայրաքաղաքի «Պոլիվինիլացետատ» արտադրական միավորում: Մեկ տարի անց Գ․ Ավետիկյանը ծառայության է անցնում Հայկական ԽՍՀ պետանվտանգության կառույցում: 23 տարվա նվիրված աշխատանքը նրան բերում է գնդապետի ուսադիրներ (1987), հակահետախուզության օպերլիազորից ծայր առած աշխատանքային մեկնարկն ավարտվում է գլխավոր վարչության պետի պաշտոնին նշանակումով:
Պետանվտանգության համակարգում նրա ծառայության սկիզբը նշանավորվել է «Բիֆշտեքս» մականունով Հենրիկ Առաքելյանի գլխավորությամբ 1973 թվին Երևանի մերձակայքում հավաքված ինքնաշեն ինքնաթիռով ԽՍՀՄ սահմանն ապօրինաբար հատելու փորձի, արտերկիր մեծաքանակ արտարժույթ հանելու գործի բացահայտմանն ունեցած մասնակցությամբ, իսկ հետագա տարիներին այս աղմկահարույց գործին եկան գումարվելու արդեն նրա ղեկավարությամբ իրականացված օպերացիաներ, որոնց թվում էր մասնավորապես 70-ականների վերջերին մեծ արձագանք գտած Լիբանան-Հայաստան-Բուլղարիա տրանզիտով ադամանդի արտահանման բացահայտումը։
Գ․ Ավետիկյանի աշխատանքային փորձառությունն ու ողջ Միությունով ունեցած գործնական կապերը մեծապես նպաստեցին նրան, որ բազմաքայլ օպերացիայի արդյունքում հայկական օդուղին կարողացավ Արցախյան պատերազմի թեժ օրերին գործել հնարավորինս անխափան, ինքնաթիռները ստացան ոչ միայն շահագործման համար անհրաժեշտ ավիաբենզինը, այլև այդ այսպես ասած «տնտեսումից» ռազմաճակատի համար մասհանել պահանջվող վառելանյութի հնարավոր չափաքանակ։ Ի դեպ այս օպերացիայի շրջանակում կանխվեց հայկական օդանավի հնարավոր առևանգման փորձը Գրոզնիում, իսկ ծագած տհաճ միջադեպը հարթեցվեց Ադրբեջանի կողմից Արցախյան ճակատում մարտնչած ու գերի ընկած չեչեն գրոհայինների որոշակի խմբաքանակ Չեչնիա վերադարձնելու բարի կամքի դրսևորումով։
Առանձնահատուկ ճկունություն դրսևորվեց նաև Հայաստանի ու Վրաստանի բարձր ղեկավարությունների համաձայնությունների արդյունքում Տաշիրի մարզում հայտնված Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիային առնչվող իրողությունների պարագայում: Հարևան երկրի նախկին նախագահը Ղազախով (Ադրբեջան) Հայաստան ժամանած իր ավտոշարասյան զրահապատ երկու մեքենաները խոստացել էր փոխանցել Չեչնիայի նախագահ Ջոհար Դուդաևին, մինչդեռ Վրաստանի գործող նախագահ Էդ․ Շևավարդնաձեն խնդրել էր դրանք հանձնելու դեմն առնել, վերադարձնել Վրաստանին։ Գ․ Ավետիկյանից ու ընդհանրապես հայկական կողմից հայի քիչ հնարամտություն չպահանջվեց «ապացուցելու» համար, որ մեքենաները չեն մտել Հայաստան, այլ, շարասյունից անջատվելով, ուղիղ ընթացքով շարժվել են Բաքու։
Նորանկախ Հայաստանի համար առանցքային 1990-ականները որոշակի առումներով ցնցումային եղան երկրի պետանվտանգության կառույցի կյանքում, ինչն էլ պատվախնդիր Գ․ Ավետիկյանին մղեց ծառայությունից ազատվելու զեկուցագիր գրել, դուրս գալ համակարգից։ Կյանքը նրան 1993-ին տարավ Մոսկվա։ Երեքամյա տնտեսական գործունեությունն այստեղ ավարտվեց Վազգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումով ու Հայաստան վերադառնալու, երկրի կյանքին լծվելու առաջարկով:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի խորհրդականի, այնուհետ Բնապահպանության նախարարի խորհրդականի որակում նրա եռամյա գործունեությունն ավարտվեց «Արմենալի» անվանափոխված «Կանազ» գործարանի անվտանգության գծով տնօրենի պաշտոնին նշանակումով: Երկու տարի անց Գ. Ավետիկյանն արդեն արդյունաբերական հսկայի գլխավոր տնօրենն էր (մինչև 2018 թվականը), ապա տնօրենների խորհրդի նախագահը:
Նրա ղեկավարման այս փուլում «Արմենալը» որակական փոփոխություններ կրեց, գործարկվեցին նոր հզորություններ, ձեռնարկությունը դուրս եկավ միջազգային լայն համագործակցության հարթակ`հայտնվելով ոչ միայն հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այլև Ռուսաստանի Դաշնության այն ժամանակվա վարչապետ Միխայիլ Ֆրադկովի, Եվրոպայի ալյումինագործերի միության նախագահ, «Ախենբախ» ֆիրմայի սեփականատեր Ակսել Բարտենի ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես անպակաս էին ինչպես «Արմենալից» գործուղման մեկնող, այնպես էլ այստեղ ժամանող պատվիրակությունները, տարբեր ոլորտների խոշոր անհատականությունները։ Արդյունաբերական հսկան շնչում էր լիաթոք՝ հիմնովին ներքաշված միջազգային կոոպերացիայի մեջ։
2020 թվից Գեորգի Քրիստափորի Ավետիկյանն անցել է կենսաթոշակի՝ հավասարապես իր գործուն մասնակցությունն ունենալով թե՛ երկրի անվտանգային համակարգի ամրապնդման, թե՛ տնտեսության կայացման գործին: Միաժամանակ նա նվիրված է եղել սիրած մարզաձևին՝ բռնցքամարտին, որով զբաղվել է երկար տարիներ և որի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահն է եղել նույնքան երկար տարիներ՝ իր ամենայն ակտիվ մասնակցությունը բերելով սպորտաձևի զարգացմանն ու տարածմանը, աճող սերնդի ֆիզիկական կոփմանը։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ